ՔՈԱՖ շրջանավարտների օրագիր կամ մտքեր պատերազմի օրերին

Նոյեմբերի 14, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

4 րոպե կարդալու համար

Արցախում 45-օրյա պատերազմն ամեն հայի մտքում ամենօրյա պայքար ու ազատության տենչ էր։ Ցավոք, խաղաղությունը հաճախ շատ թանկ արժե։

Կլանված լուրերով, լի զգացմունքներով՝ այս օրերին ամենքս կիսեցինք մեր մտքերը ընտանիքի անդամների, ընկերների կամ սոցցանցերի ծանոթ-անծանոթների հետ։ ՔՈԱՖ-ի շրջանավարտներից շատերը, որոնք այժմ ակտիվ ուսանողներ են, ևս կիսում էին իրենց մտքերն ու պատմությունները պատերազմի շուրջ։

Ստորև՝ ՔՈԱՖ շրջանավարտների օրագիր կամ մտքեր պատերազմի օրերին։

*****

Նարե Գալստյան (Լեռնագոգ, Արմավիրի մարզ)

2020 թ․ սեպտեմբերի 30

«Իմ լավագույն ընկեր» (ՔՈԱՖ-ի շրջանավարտ, պատերազմի օրերին հերոսաբար զոհված Վահե Մկրտչյանի մասին)

Ինչքան բաների միջով անցանք, իսկ դու ինձ միշտ պաշտպանեցիր, սիրեցիր, ինձ մի վատ բան չասեցիր։ Ոչ մեկն ինձ էնպես չհասկացավ, ինչպես՝ դու։ Ոչ մեկն իմ մասին չէր էլ մտածում, երբ դու գրում էիր – տեսնես՝ կարող ա՞ ուզեմ «չայ» (թեյ) խմենք։ Իմ հումորները միայն դու էիր հասկանում, մյուսները կարծում էին՝ ինքնասիրահարված եմ։ 

Գալիս էիր մեր տուն, ռեֆերատս էիր գրում, ու ես վստահ էի, որ, մեկ ա, քեզ նման չէի կարողանալու գրել։ Ես դեռ քեզանից շա՜տ բաներ պիտի սովորեի… 

Հինգ տարեկանից սկսած՝ միասին էլ ինչ ասես՝ չարեցինք, բայց դու դեռ շա՜տ գործեր պիտի անեիր։ 

Ես գիտեմ, որ դու կաս ու միշտ կծիծաղես, երբ սկսեմ էլի գլուխս գովել:» 

*****

Անուշ Մկրտչյան, (Շենիկ, Արմավիրի մարզ)

2020 թ․ հոկտեմբերի 27

«Երևանի կենտրոնում աշունը սիրուն նստել էր մայթերին, բացօթյա սրճարանների աթոռներին տերևներ էին: 

Տաք հագնվելը վաղուց ցանկալի էր: Պարզապես երբեմն մոռանում ես տաք շարֆի, ցրտի մասին, որովհետև դրսում տարվա վատագույն եղանակն էր՝ պատերազմ անունով: 

Մետրոյից դուրս եմ գալիս արագ-արագ. Խորենը երկար չէր նախապատրաստել էդ տողերին. զանգով ասաց՝ գնում եմ: 

Էս տողերը վաղուց սովորական էին դարձել ամեն ծանոթ-անծանոթից, հարազատից ու ընկերոջից լսելիս, որովհետև պատերազմի ժամանակ թվում է` բոլորը միշտ նույն տեղն են գնում… 

Տիգրանուհին Երուսաղեմից բերած թևնոցը Խորենի ձեռքին ամրացրեց, ես ինչքան ուժ ունեի՝ թելը ձգեցի, կարծես ինչքան պինդ ձգեի, էնքան ավելի զորեղ էր լինելու օրհնանքը։

Երկար տևող ոչինչ չասելուց հետո տրտնջացի, թե պատերազմը գնալով կենսակերպ է դառնում…»

*****

Խանում Գևորգյան (Քարակերտ, Արմավիրի մարզ)

2020 թ․ նոյեմբերի 7

«Մեր տունը միշտ տաք է։ Ընտանիքս տարօրինակ պատճառաբանություններ է բերում՝ արդարացնելու էդ ջերմաստիճանը։ Կարծես ճապոներեն լինի, ես դրանք չեմ ընկալում։ Բոլորս տանն ենք, գամված ենք մեր հեռախոսներին։ Անցյալ տարի դեկտեմբերին Փարիզից բերածս մուգ վարդագույն շարֆը վզիս է։ Քույրս վերջապես սկսել է SOAD լսել (Սիսթեմ օֆ ը դաուն – խմբ․): 

Biden Harris ( Բայդեն-Հարրիս վարչակազմ) հենց նոր է հաղթել ԱՄՆ ընտրություններում։ Այս օրերին անընդհատ բացում եմ գուգլը, որ արդյունքներն իմանամ։ Չեմ էլ պատկերացնում՝ ինչ են զգում ԱՄՆ քաղաքացիները։ Պե՞տք է արդյոք շնորհավորել ամերիկացի ընկերներիս, թե՞ չէ։ Կարծում եմ՝ իմաստ չունի։ 

Իշխանությունը կոռումպացված է, բայց հույս ունեմ, որ որոշ մարդիկ բավականին ուժեղ կգտնվեն՝ կոռուպցիային դիմակայելու համար։ 

Մամայիս համար միևնույն է՝ ով է ԱՄՆ հաջորդ նախագահը։ Իրականում, ընտանիքիցս որևէ մեկին էլ դա հետաքրքիր չէ։ ԱՄՆ-ն օվկիանոսից այն կողմ է, «մեր ի՞նչ գործն է՝ ինչ է կատարվում, եթե մեր երկիրը չէ»-ն ընտանիքիս որդեգրած տխրահռչակ արտաքին քաղաքականությունն է։  

Մայրս՝ Ազնիվը, զանգ է ստանում ընկերոջից, որից արդեն հինգ օր է՝ լուր չուներ։ Դժվար է առաջնագծում լիցքավորել հեռախոսը։ Ինքը կրկին երջանիկ է, և այդպես՝ հազարավոր մարդիկ Հայաստանում։  

Մայրս ընդհատում է շյուղերով գործելը, որ տեսնի՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Լուռ է։ Կա՛մ արդեն տեսել է, որ Շուշիի մատույցներում ծանր մարտեր են ու խոսելու սիրտ չունի, կա՛մ էլ դեռ չի տեսել։ Շուտով մի կողմ կդնի հեռախոսը՝ շարունակելով գործել․ պետք է 10 զույգ գուլպան արագ ավարտի, որ առաջնագիծ ուղարկի։ Իր սահմանած վերջնաժամկետն է։

Իսկ ես սպասում եմ՝ ժամը 12։00-ը գա, որ եղբորս ծննդյան օրը շնորհավորեմ ու խաղաղ 18-ամյակ մաղթեմ։ Վաղը պետք է շատ երջանիկ օր լիներ, ինչպես Նուշկան է ասում՝ վերջապես կարող է ընտրել (ուռա՜), սեղանին խորոված էր լինելու, գինի, օղի, ու զինվորի պատվին բազում կենացներ էին ասվելու։ 

Ինչն է հետաքրքիր․ մայրս արդեն 18 տարի վախենում էր եղբորս 18-ամյակից, քանի որ շուտով զորակոչվելու էր բանակ։ 

Չգիտեմ՝ ինչ մաղթեմ եղբորս։ Շնորհավորե՞մ։ «Խաղաղ երկի՞նք» մաղթեմ՝ իմանալով, որ բոլորս էլ դա ենք երազում։ Երազանքների իրականացո՞ւմ մաղթեմ, երբ դեռ նույնիսկ չգիտեմ՝ վաղն ինչ է լինելու։ Երևի ուղղակի ճակատը համբուրեմ՝ հույս ունենալով, որ կզգա իմ հավատն ու սերն իր հանդեպ՝ որպես եղբոր, որպես ՀՀ պատասխանատու քաղաքացու և որպես մարդու։

Բոլոր ծննդյան օրերը պետք է տոնվեն։ Մենք պետք է ապրենք մեր նահատակների համար, մինչև այս ամենն ավարտվի ու էլ երբեք չկրկնվի։» 

*****

Մեր երիտասարդների մտքերը միշտ էլ հաճույքով ենք կարդում, բայց անչափ ուզում ենք, որ որ սա լինի նրանց՝ պատերազմի մասին գրելու վերջին առիթը։

Նոյեմբերի 26, 2020

Հայրենի բնօրրանի խորհրդավոր աշխարհը․ Դեբեդի կիրճ

Նոյեմբերի 20, 2020

Աքորու բարձունքներից դեպի բարձր տեխնոլոգիաներ