ՔՈԱՖ 9-րդ Summer Soiree-ն

Հունիսի 25, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

2 րոպե կարդալու համար

Հորդառատ անձրևն ամենևին չխանգարեց, որ Նյու Յորքի բնակիչները մասնակցեն ՔՈԱՖ-ի ամենամյա 9-րդ Summer Soiree-ին։ Դրամահավաք-երեկոն տեղի ունեցավ 2019թ․ հունիսի 18-ին «Դրիմ Դաունթաուն» հյուրանոցի PH-D Rooftop Lounge-ում։ Երեկոյի բոլոր տոմսերը վաճառված էին, ամենուր թնդում էր բարձր երաժշտություն, պարահրապարակը լիքն էր, իսկ ներքնաբակում, համընդհանուր եռուզեռի մեջ, զրուցում էին վաղեմի ու նոր ընկերները։ Ակնհայտ էր, որ  միջավայրն ամբողջովին հայաստանյան ոգով է ողողված։

ՔՈԱՖ-ի երեկոյին ներկա էին Հիմնադրամի բազմաթիվ աջակիցներ, հատկապես՝ երիտասարդ սփյուռքահայեր, որոնք եկել էին ավելի շատ տեղեկատվություն ստանալու գյուղական համայնքներում իրականացվող նախագծերի մասին, ինչպես նաև՝ ուրախանալու և շփվելու։ Այս տարվա Soiree-ն նվիրված էր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մարզահամալիրի ֆինանսավորմանը։ Դեբետում տեղակայված ՍՄԱՐԹ ավանում կառուցվելիք ժամանակակից համալիրը 15 համայնքների ավելի քան 1000 երիտասարդների համար բազմազան մարզական ծրագրեր կապահովի։

Մարզահամալիրն էլ ավելի կխթանի գյուղական համայնքների նորարարական զարգացմանը նպաստելու մեր առաքելությունը։ Համալիրի շինարարությունը կլինի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանն ընդլայնելու քայլերից մեկը, իսկ հաջորդ նախաձեռնությունը բնության գրկում համաժողովների կենտրոնի կառուցումն է։

ՔՈԱՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Դիրոն Ջեբեջյանը խոսեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի ազդեցության, վերջին մեկ տարվա նշանակալից նվաճումների մասին։ Նա նշեց այն բազմաթիվ հրավիրյալ բանախոսներին ու հյուրերին, ովքեր ոգեշնչել են կենտրոնի սաներին։

Դիրոն Ջեբեջյանի ելույթի ժամանակ հյուրերը դիտում էին աշակերտներով լի ժամանակակից կենտրոնի լուսանկարները։ Ջեբեջյանը, մեջբերելով շարունակական կրթության վերաբերյալ մեծ փիլիսոփաների մի շարք աֆորիզմներ, նշեց, որ ՔՈԱՖ-ը հենց այդպիսի կրթության գաղափարն է տարածում, և խրախուսեց, որ մասնակիցներն այցելեն Հայաստան, տեղում ծանոթանան ՔՈԱՖ-ի աշխատանքին ու կամավորությամբ զբաղվեն։

Միջոցառման ընթացում հատուկ շեշտվեց սփյուռքահայության նոր սերնդի ու հայրենիքի միջև շփումների ստեղծման ու պահպանման կարևորությունը։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր