Ի՞նչ կարող են փոխել ձեռագործ էկո գրիչները հայկական գյուղում

Մարտի 25, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Տարեկան միլիոնավոր գրիչներ ու ներկամատիտներ են թափվում աղբավայրերում այն դեպքում, երբ արդեն վաղուց կան էկոլոգիապես ավելի անվնաս տարբերակներ։ 

Ներկայացնենք ՔՈԱՖ-ի «փոքրիկներից» մեկին՝ ՐիՓենը՝ էկո գրիչներ պատրաստող ստարտափ, որը հիմնել են Արագածավան գյուղում ՔՈԱՖ-ի Աֆլաթուն ծրագրի ուսանողները։ ՐիՓենը պատրաստում է զրոյական թափոնով և էկոլոգիապես մաքուր գրիչներ ու հավատացնում, որ այն որակապես չի զիջում մեզ ծանոթ գրիչներին։ Թղթյա այս գրիչները միտված են նվազեցնելու պլաստիկի օգտագործումն ու երկրորդ կյանք տալու սևագրերին։ 

Ինչպե՞ս ծնվեց միտքը

Չնայած վերամշակման մշակույթը գնալով զարգանում է Հայաստանում, այն դեռևս բավականաչափ տարածված ու հասանելի չէ` հատկապես գյուղական վայրերում։ Գրիչները, որոնք մենք հաճախ օգտագործում ենք, հազվադեպ են վերամշակվում ու արդյունքում հայտնվում են աղբավայրերում, որտեղ վերջիններիս քայքայման համար 100-ավոր տարիներ են անհրաժեշտ։

«Ծրագրի համար համայնքային նախագծի թեմա ընտրելիս թիմով որոշեցինք դուրս գալ, պտտվել Արագածավանի փողոցներով ու հասկանալ՝ ինչի կարիք ունի գյուղը։ Նկատեցինք, որ փողոցներում շատ աղբ կա, ու որոշեցինք մեր նախագիծը միջավայրային խնդիրների լուծմանն ուղղել»,- նշում է ՔՈԱՖ-ի ուսանող Էլեն Սահակյանը։ 

Փոքր քայլերի ուժը

Ներշնչված ISSD NGO համահիմնադիր Մխիթար Ավետիսյանի հետ անցկացրած ՍՄԱՐԹամեջ-ով՝ ՔՈԱՖցիները կազմակերպության օգնությամբ նախաձեռնեցին թղթի և պլաստիկի վերամշակման աղբամանների տեղադրումը Արագածավանի երկու դպրոցներում։ Իմիջիայլոց, ISSD-ի հետ համագործակցության արդյունքում ՔՈԱՖ-ի երևանյան գրասենյակը մինչ օրս վերամշակել է 483 կգ թուղթ և 186 կգ պլաստիկ՝ խնայելով 482 լիտր նավթ և 8 ծառ։ 

Ապա, ուսանողների մոտ ծագեց ձեռագործ, էկոլոգիապես մաքուր գրիչ պատրաստելու գաղափարը։ Այդպիսով, նրանք ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ պլատիկի օգտագործման ու ծառահատման կրճատման մեջ, ինչպես նաև զարգացնել երիտասարդների շրջանում իրենց համայնքներում դրական փոփոխություն բերելու մշակույթը։ 

Պատրաստման ընթացքը էքսպերիմենտներով լի է եղել։ «Սկզբում բլենդերով անցկացրինք թուղթը, բայց ստացված արդյունքը բավականաչափ լավը չէր։ Ի վերջո, որոշեցինք օգտագործել մեր սևագրերը, չօգտագործվող թղթերն այնպես, ինչպես դրանք կան։ Ամեն մեկս տանը շարունակ փորձում էինք պատրաստել, արդյունքում` լավագույն փորձերը միացրինք իրար ու ստացանք պատրաստման ամենաարդյունավետ տեխնոլոգիան»,- պատմում է Էլենը։ 

ՔՈԱՖցիները շարունակում են բարելավել գրիչների որակն ու իրենց փոքրիկ բիզնեսի համար զարգացման հեռանկարներ գտնել՝ հավատալով, որ էկոլոգիապես մաքուր գրիչ ընտրելու անկարևոր թվացող որոշումն էլ կարող է մեծ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի պահպանության վրա։