Քայլող փոթորիկ ու կարծրատիպեր կոտրող իրավաբան Անժելիկան

Հուլիսի 29, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Նկարները՝ Անժելիկա Նազարեթյանից

4 րոպե կարդալու համար

Արդարության համար ամենուր պայքարող, Հայաստանն անմնացորդ սիրող, իր մեջ մեծն խոհարարի (նա ձեզ ախորժելի ուտեստների մի ամբողջ ճաշացանկ կթվարկի, որ կարողանում է պատրաստել) ու տաղանդավոր երգչուհու (հաճախ մեր թիմին հավաքույթների ժամանակ զարմացրել է իր ձայնով) թաքցնող մեր իրավաբան Անժելիկա Նազարեթյանն այն մարդկանցից է, որ ՔՈԱՖ-ը ՔՈԱՖ են դարձնում։

Կարծրատիպեր կոտրող իրավաբան

Եթե փողոցում քայլելիս նկատեք՝ մեկը փողոցում անծանոթ անցորդի իրավունքներն է պաշտպանում, իմացե՛ք՝ Անժելիկան է (հիմնված իրական պատմության վրա)։ Աշխարհին արդարություն բերելն իր կյանքի առաքելությունն է, ու նա ողջ սրտով հավատում է վերջինիս հնարավոր լինելուն։

Ակնկալում եք, որ իրավաբանն անէմոցիա ու անզգա պետք է լինի՞։ Ամենևին։ «Իրավաբանները պետք է ունենան զգացմունքներ, ու նրանք պետք է ցույց տան դրանք»,- հավատացած է մեր «փոքրիկ փոթորիկը»։

Վերադարձ տուն

Անժելիկայի ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, երբ նա 2 տարեկան էր։ Այնտեղ 10-ամյակից ավել անցկացնելուց հետո որոշեցին կրկին Հայաստան վերադառնալ՝ մշտապես։ «Ծնողներս միշտ ամեն ինչ արել են, որ մեր հայկական արմատներին շատ մոտ լինենք։ Երբեք ինձ սփյուռքահայ չեմ զգացել դրսում, այլ հայաստանցի, որ արտասահմանում է ապրում։ Ես միշտ իմացել եմ, որ սա է իմ տունը»,- ասում  է նա։ 

Անժելիկան հիշում է՝ ինչպես էին ինքն ու իր եղբայրը շատ փակ ու պահպանողական համարվում ֆրանսիական ավագ դպրոցում ու որքան ազատ մտածելակերպով՝ Հայաստանում։ Այո, մշակութային շոկ եղավ ու անցավ։ 

Թե՛ Անժելիկան, թե՛ իր ընտանիքը հայրենիք վերադառնալու որոշումը համարում են իրենց երբևէ կայացրած ամենալավ որոշումներից մեկը։ 

Անժելիկան ու իր ճամփորդությունների ամենասիրելի ընկերակիցը՝ իր տատիկը, Ռուսաստանում ճամփորդելիս։

Իրավաբանի մեկ օրը

Հսկայական պատասխանատվությամբ բարդ, հաճախ սթրեսային որոշումների կայացումից և գաղտնի տեղեկատվության հետ գործ ունենալուց ու այն գաղտնի պահելուց է կազմված իրավաբանի օրն ըստ Անժելիկայի։ Այնուամենայնիվ, նա կարողանում է նաև շատ ստեղծարարություն գտնել իր աշխատանքի մեջ։ 

Անժելիկան ՔՈԱՖ-ի ամենահին աշխատակիցներից, վարորդ Ռազմիկ Վարդանյանի հետ Արցախ այցի ընթացքում, երբ Ստեփանակերտում պետք է բացվեր ՔՈԱՖ-ի գրասենյակը։

ՔՈԱՖ-ում գործը բազմազան է։ «Մարդիկ մտածում են, որ հիմնադրամում օրենսդրական շրջանակը, որի հետ առնչվում ես, շատ սահմանափակ է, բայց իրականում մենք աշխատում ենք քաղաքացիական, կորպորատիվ, ֆինանսական, կառուցապատման, հողի և այլ ոլորտի իրավունքների հետ, ինչը ՔՈԱՖ-ի ծրագրերի բազմազանության շնորհիվ է»։ Որոշ աշխատանքներ շատ նվիրվածություն ու համբերություն են պահանջում․ «Բայց եթե ոչ մենք, ապա ո՞վ անի»։

Աճելով ՔՈԱՖ-ի հետ միասին

Անժելիկան ՔՈԱՖ-ին միացել է 2017-ին։ Ասում է՝ շրջադարձային փուլ էր իր կյանքում։ Գրեթե 5 տարի է անցել, ու զգացում ունի, որ մշտապես փոխվող ու զարգացող միջավայրում է։ 

Անժելիկան իր թիմակիցների հետ։

Անժելիկան ՔՈԱՖ-ի «թվային հեղափոխության» հերոսներից մեկն է․ նա ղեկավարել ու իրականացրել է ՔՈԱՖ-ի իրավական փաստաթղթերի արխիվի թվայնացման գործընթացը։ Ավելին, նման գործընթաց իրականացրել է նաև Լոռու Դեբետ գյուղում, որտեղ ՔՈԱՖ-ն այժմ իրականացնում է համայնքային զարգացման «ՍՄԱՐԹ գյուղ» մոդելը։ 

Դեբետի արխիվը՝ առաջ և հիմա։

«Երբ առաջին անգամ մտա Դեբետի արխիվի սենյակ ու տեսա խառնիխուռն վիճակը, ինքս ինձ ասացի, որ անհնար է դրանք կարգի բերելը։ Ինչպես միշտ, երեք անգամ շունչ, ու ամեն ինչ իր տեղն ընկավ։ Հիմա Դեբետի վարչական կազմը հպարտորեն կարող է ասել, որ ունի կազմակերպված, կանոնակարգված ու կոկիկ արխիվ»,- ասում է Անժելիկան։ 

«Ֆրանսիայից Հայաստան վերադառնալուց հետո ընտանիքիս բոլորը հարցնում էին, թե ինչու վերադարձանք, ու արդյո՞ք արժեր։ Ես երկար էի սպասում, որ գտնեմ այն պատճառը, որն ինձ կօգնի այդ հարցին պատասխանել։ Ինձ համար այդ պատճառը ՔՈԱՖ-ը դարձավ։ Այն ինձ շատ է փոխել, ու ես այստեղ ամեն օր ավելի ուրիշ եմ»։ 

ՔՈԱՖ-ում Անժելիկայի անձնական, մասնագիտական ու Հայաստանի հետ կապված ցանկությունները մեկտեղվում են։ «Ինչ միացել եմ ՔՈԱՖ-ին, այլևս երբեք չեմ ասում «երկիրը երկիր չէ» տարածված արտահայտությունը, քանի որ այն, ինչ ՔՈԱՖ-ն է անում, հենց այն անհրաժեշտ քայլերն են, որ երկիրը երկիր են դարձնում»: