Արագածավանի ՔՈԱՖ-յան պատմությունը

Օգոստոսի 21, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Արագածավանի դպրոց տանող ճամփան սովարական չէ․ Հայաստանի ճանապարհների մեծ մասն ասֆալտապատ է, իսկ այս մեկը, որ 2011 թվականին ՔՈԱՖ-ն է նորոգել տեղական իշխանությունների հետ, քարաշեն է։ «Քարաշեն ճանապարհները համեմատաբար քիչ խնամք են պահանջում, ավելի երկարակյաց են, հարմար՝ գյուղերում ոռոգման համակարգերի համար ու մատչելի են»,- բացատրում է ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող, խորհրդատու Արթուր Տեր-Սիմոնյանը։

Մենք ՔՈԱՖ-ի ամենաաշխույժ գյուղերից մեկում ենք՝ Արագածավանում, որ նախկինում Ալագյազ է կոչվել (Արագածոտնի մարզ)։ Եթե երբևէ եղել եք այստեղ, ապա ձեզ հետ տարել եք մրգերի հյութեղ գույնն ու բույրը՝ ձմերուկ, ծիրան, խնձոր ու դեղձ՝ ձեր ճաշակով։

Ավելի քան 5000 մարդ է ապրում այստեղ, գյուղական կյանքն էլ տարեցտարի բարելավվում է։ «Մեր գյուղում շատ բարեփոխումներ են եղել․ երիտասարդները շատ եռանդուն են, ակիտվորեն ներգրավված են համայնքային միջոցառումներում, ճանապարհները վերանորոգվում են, իմ տարեկիցներն էլ իրենց ապագան այստեղ են տեսնում։ Բոլորս էլ ուզում ենք ակտիվ սոցիալական կյանք ձևավորել այստեղ»,- վստահեցնում է Մարիամ Հովհաննիսյանը՝ անգլերենի «Աքսես» ծրագրի շրջանավարտն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաջինկուրսեցին։

ՔՈԱՖ-ի ծրագրերը կամրջում են համայնքներն ու նրանց բնակիչներին։ Թեև գյուղերն իրարից հեռու չեն, գյուղաբնակները հաճախ կապ չեն ունենում հարևան համայնքների հետ։ «Շնորհիվ «Աքսեսի»՝ ծանոթացա այլ գյուղերի երիտասարդների հետ։ Ավելին, Քարակերտի և Արտենիի երեխաների հետ միասին թափոնների կառավարման ծրագիր իրագործեցինք»,- ասում է Մարիամը․ նա այն պատանիներից է, ով իրենց համայնքն ավելի մաքուր ու կոկիկ է դարձրել։

Մեր արտադասարանային կրթական ծրագրերը, այդ թվում՝ ճարտարագիտությունը, «Աֆլաթունը» (սոցիալ-ֆինանսական կրթություն) ու ձյուդոն, թույլ են տալիս երեխաներին 21-րդ դարի գիտելիք ու հմտություններ ձեռք բերել։ ««Աֆլաթունի» ընթացքում կարևորագույն բան եմ սովորել․ բնության պահպանությունը պետք է յուրաքանչյուր բիզնեսի կամ նախաձեռնության կիզակետում լինի։ Մեր տեղական գործարանի օրինակով վերլուծել ենք, թե ինչպես կարող են ֆիլտրերը պաշտպանել մթնոլորտը արդյունաբերական փոշուց»,- մեկնաբանում է «Աֆլաթունի» արագածավանցի ուսանող Տաթև Մակոյանը։

Վերանորոգված ստեղծագործարանից, դպրոցական ճաշարանից, ատամնակայանից (տարրական դպրոցի երեխաների համար ատամները մաքրելու լվացարաններ) և դահլիճից բացի՝ ՔՈԱՖ-ը 2019 թ․ արևային մարտկոցներ է տեղադրել ու վերանորոգել Արագածավանի #2 դպրոցի մուտքի դռները։ Մեր շահառուների համար այսուհետ ձմեռներն ավելի տաք կլինեն, ուսումնական միջավայրն էլ՝ ավելի մաքուր։

Արագածավանը մեր շահառու 64 գյուղական համայնքներից է, որտեղ մեր կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերը բարելավում են համայնքաբնակների կյանքի որակն ու առավել լայն հնարավորություններ ստեղծում մեր շահառուների համար:

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր