Արմավիրի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի ճարտարապետական մրցույթը

Մարտի 11, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

2 րոպե կարդալու համար

ՔՈԱՖ-ն աշխարհի ճարտարապետներին հրավիրում է մասնակցելու Արմավիրի մարզում կառուցվելիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար հայտարարված միջազգային ճարտարապետական մրցույթին։

Լոռու մարզում ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ ավանը կրթական ու գյուղական համայնքների կայուն զարգացման հաջողված մոդել է դարձել։ Այդ հաջողություններով ներշնչված՝ ՔՈԱՖ-ը ձգտում է ստեղծել ՍՄԱՐԹ էկոհամակարգեր Հայաստանի բոլոր մարզերում՝ սկսելով հիմնադրամի ծննդավայր Արմավիրի մարզից, որտեղ ՔՈԱՖ-ի հիմնադիր Դր․ Կարո Արմենի ջանքերով 2003թ․-ին սկիզբ դրվեց ՔՈԱՖ-ի գործունեությանը։ 

Արմավիրի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը կընդգրկի հետևյալ հիմնական հաստատությունները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոն, միջոցառումների կենտրոն և գյուղատնտեսական հողեր։

Նախագծի համար նախատեսված 90 հա մակերեսով տարածքից հորիզոնում բացվում են սքանչելի տեսարաններ դեպի Արարատ և Արագած լեռներ։ Տարածքը գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա։  

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի հիմքում գաղափարն է։ Մենք ի սկզբանե ունեինք գաղափար ու այժմ ուզում ենք գտնել այն ճարտարապետական նախագիծը, որով հնարավոր ամենաստեղծարար ձևով կիրագործվի մեր գաղափարը։ Բացի այդ, մենք ուզում ենք Հայաստանը դարձնել աշխարհի անցուդարձի մի մաս․ այս քայլով մենք գյուղական համայնքների զարգացումը միջազգային մակարդակի ենք տանում։ Եվ վերջապես մենք ընդլայնում ենք մեր համաշխարհային գործընկերների շրջանակը, որը զարգացման նախադրյալներ է ստեղծում թե՛ ՔՈԱՖ-ի, թե՛ մեր երկրի համար»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։  

ՔՈԱՖ-ի ճարտարապետական մրցույթը կարևոր քայլ է Հայաստանի համար։ «Հայաստանի անկախության շրջանում կազմակերպված միջազգային ճարտարապետական մրցույթների քանակը չի գերազանցում տասը։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ունենալ հերթական հաջողված մրցակցային ու բաց մասնագիտական պրոցեսն ու լավագույն ճարտարապետական հայեցակարգերը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համար»,- նշում է մրցույթի ժյուրիի անդամներից Սարհատ Պետրոսյանը։ 

Նախագծին մասնակցելու համար նախ և առաջ պետք է գրանցվել: Գրանցվելուց հետո Ձեր էլ. փոստին կուղարկվի մրցութային փաթեթը՝ նախագծի մասին բոլոր մանրամասներով։ Դիմելու կարգի մասին մանրամասները հասանելի են նաև Մրցույթի համառոտագրում։  

Մրցույթին վերաբերող կարևոր ամսաթվերն են՝

  • Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 22, 2022 
  • Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 2, 2022
  • Ժյուրիի կողմից ընտրություն՝ մայիսի 4-6, 2022
  • Հաղթողի հայտարարում՝ մայիսի 7, 2022

Հաղթող նախագծերը կորոշվեն աշխարհով մեկ հայտնի ճարտարապետներից և կրթական հաստատությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի կողմից։ 

ՔՈԱՖ-ն անհամբեր սպասում է ձեր դիմումներին։