Դասական երաժշտությունն ու Քարակերտի «ազգային» մարզաձևը

Հունիսի 21, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Հիշու՞մ եք «Չինգաչունգ» խաղը, երբ մկրատ, քար կամ թուղթ ցույց տալով մրցում ենք միմյանց հետ, հաղթողն էլ ինչ-որ առավելություն է ձեռք բերում․․․ Վերջերս երկու ութամյա փոքրիկներ եկել էին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն` հանդիպելու հունահռոմեական ոճի ըմբիշ ու օլիմպիական մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին, և «Չինգաչունգի» միջոցով փորձում էին որոշել, թե ով է առաջինը հարց ուղղելու չեմպիոնին։ Պայքարը շատ բուռն էր, պարտվողը խիստ տխրեց, հաղթողն էլ, լայն ժպիտը դեմքին, հարցրեց, թե Ջուլֆալակյանն ինչպես է կարողացել չեմպիոն դառնալ․․․

Ջուլֆալակյանը հերթական ՍՄԱՐԹամեջի հյուրն էր։

Սպորտսմենը ներկայացրեց իր անցած ճանապարհն ու հավատացրեց երեխաներին, որ իրենք էլ կարող են մեծ բարձունքների հասնել։ «Տասնմեկ տարեկանից սպորտով եմ զբաղվել։ Գյումրիում էինք ապրում, պայմանները շատ վատն էին, բայց դա ինձ չխանգարեց, որ չեմպիոն դառնամ։ Խանգարող երևույթներն անտեսեք, դրական երևույթների վրա կենտրոնացեք և ամեն ինչ կկարողանաք հաղթահարել»։

Վահագնի գյուղից փոքրիկ Գրիգորն էլ հետաքրքրվեց, թե ով է Ջուլֆալակյանի համար լավ օրինակ հանդիսացել։ «Ես կուռքեր չեմ ունեցել»,- ասաց սպորտսմենը։- Սակայն միշտ հետևել եմ մեծ մարդկանց արած քայլերին ու ձգտել եմ նրանցից սովորել։ Նաև բախտս բերել է, որ հայրս` Լևոն Ջուլֆալակյանը, միշտ կողքիս է եղել ու ամեն ինչում ինձ օգնել է»։

Երեխաները նաև ցանկացան իմանալ, թե չեմպիոնն ինչ զգացողություններ է ունենում հաղթանակի պահին։ «Այդ զգացողություններն անմոռանալի են։ Դա մեծ հաճույք ու պատասխանատվություն է։ Հիշում եմ, մի անգամ մի գործարանատեր պատմեց, որ այնքան է ուրախացել իմ հաղթանակից, որ իր բոլոր աշխատակիցներին արձակուրդ է ուղարկել»,- ժպտալով հիշեց չեմպիոնը։

Հանդիպման ավարտին Ջուլֆալակյանը երեխաների համար սպորտային մրցույթ-էստաֆետա կազմակերպեց։ Երեխաներն ուրախությունից ճչալով վազվզում էին․ հենց ինքը՝ Ջուլֆալակյանն է իրենց «մարզում»։

Տասնվեցամյա Մեսրոպը հանդիպումից հետո շատ ոգևորված էր։ «Պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ եմ ուզում դառնալ։ Ջուլֆալակյանից շատ բան սովորեցի․ դժվարություններ հաղթահարել, չընկճվել։ Հասկացա, որ ես էլ կարող եմ բարձունքների հասնել»։

Քարակերտի համայնքային կենտրոնի տնօրեն, ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Պերճ Խաչատրյանն էլ մարզում է Քարակերտի, Արտենիի ու Արագածավանի պատանիներին։

«Հունահռոմեական ըմբշամարտն առաջ դասական էր կոչվում, և դա պատահական չէ»,- ասում է նա։- «Այն դասական երաժշտության նման է։ Ամեն ինչ՝ մի կողմ, դասականը՝ մի կողմ»։

Խաչատրյանի սաներից շատերը մրցումների են մասնակցել ու մեծ հաջողությունների հասել։ «Հունահռոմեական ըմբշամարտն ընդհանրապես Քարակերտի «ազգային», հիմնական մարզաձևն է»,- ժպտում է Խաչատրյանը։- «ՔՈԱՖ-ն էլ 2007 թվականից աջակցում է մեր համայնքում ըմբշամարտի կայացմանը։ Մեր սաներն էլ անհամբեր սպասում էին Ջուլֆալակյանի հետ հանդիպմանը։ Դա նրանց համար խիստ ոգեշնչող էր․ տեսնել իրական, «կենդանի» չեմպիոնին։

Իսկ չեմպիոնը խոստացավ, որ կրկին կվերադառնա ու երեխաների հետ պարապմունք կանցկացնի։ «Ես Սմարթ կենտրոնում մեկ տարի առաջ եմ եղել»,- վերհիշեց նա։- «Իսկ այժմ այն, կարծես, իմ տունը լինի․․․»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր