ՔՈԱՖցիների փոդքասթը գյուղաբնակ կանանց նոր թևեր է տալիս

Փետրվարի 24, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Նորությունների նորությունը` ՔՈԱՖցիները սկսել են փոդքասթների շարք, որի նպատակը գյուղական համայնքներում բնակվող կանանց ոգեշնչելն ու հասարակության ավելի ակտիվ անդամ դարձնելն է։ Եվ այսպես, «Արտենին զրուցում է․․․»։

Արմավիրի և Արագածոտնի մարզի գյուղերում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերից մեկը Աֆլաթուն սոցիալ-ֆինանսական կրթական ծրագիրն է, որի ընթացքում երիտասարդները, բացի տեսական գիտելիքներ ձեռք բերելուց, կատարում են ուսումնասիրություններ ու նախագծեր իրականացնում։ 

Արագածոտնի մարզի Արտենի գյուղում ՔՈԱֆ-ի Աֆլաթուն ծրագրի մասնակիցիների ուսումնասիրություններից մեկը ցույց էր տվել, որ համայնքում կանայք խուսափում կամ վախենում են նախաձեռնություններով հանդես գալ, մեծապես առաջնորդվում են հասարակական կարծիքով ու տեղավորվում իրենց սահմանափակող կաղապարների մեջ։ 

Մի կնոջ հաջողությունն օգնում է մեկ այլ կնոջ հաջողել 

Սովորեցնելու լավագույն ձևն օրինակ ծառայելն է։ Վերլուծելով իրավիճակը՝ երիտասարդները գտան, որ փոփոխություն բերելու արդյունավետ ուղին գոյություն ունեցող օրինակների մասին բարձրաձայնելն ու կանանց այլ կանանց օրինակներով ներշնչելն է։ «Որոշեցինք սկսել փոդքասթների շարք ու զրույցի հրավիրել կանանց, որոնք իրենց օրինակով կոգեշնչեն Արտենիի կանանց ու ոչ միայն»,- պատմում է փոդքասթը վարող ուսանողներից մեկը՝ Արմինե Ասատրյանը, ով այս շարքի միջոցով իր առաջին հաղորդավարական փորձը ձեռք բերեց։ 

ՔՈԱՖ-ի աֆլաթունցիները փոդքասթի ստեղծման ողջ գործընթացը կատարում են ինքնուրույն՝ գաղափարից, հյուրերի հետ աշխատանքից մինչև ձայնագրում, մշակում ու հրապարակում։ «Սկզբում վախենում էինք, որ փոդքասթը հաջողություն չի ունենա, և այն չեն լսի, բայց արդյունքը մեզ այլ բան ցույց տվեց․ որոշեցինք շարունակել»,- պատմում է Արմինեն։ 

«Արտենին զրուցում է․․․» շարքում արդեն 2 փոդքասթ են հրապարակել ու նորերը ձայնագրել։ Դրանցից են՝

Իրենց զրույցներում քննարկում են՝ ինչպես կարելի է համադրել աշխատանքն ու մայրությունը, ինչպես կարելի է գործարարությամբ զբաղվել, սիրելի արհեստը դարձնել եկամտի աղբյուր ու շատ այլ թեմաներ։ 

Եթե ուզում եք բացահայտել Հայաստանի թաքնված ներուժ ունեցող երիտասարդներին, ճանաչել համարձակ կանանց, որոնք իրենց շրջապատում կարծրատիպեր են կոտրում, ու մոտիվացիայի աղբյուր գտնել, ապա «Արտենին զրուցում է․․․», լսե՛ք։