Շահառուից գործընկեր․ կահույքագործություն Քարակերտում

Հունիսի 19, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Բիզնես զարգացնելը երեխային մեծացնելու պես է․ անցնում ես կյանքի տարբեր փուլերով, ժամանակ ներդնում, հոգի ու ջանք՝ հասնելու արդյունքի ցանկալի մակարդակին։

Քարակերտում կահույքի փոքրիկ արտադրամաս կա, որ «ծնվել է» 15 տարի առաջ։ Քարակերտն առաջին գյուղն էր, որտեղ մեկնարկել են ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերը։ Այն ժամանակ գյուղը խորն աղքատության և սուր կարիքի մեջ էր։ Կարճ ժամանակ անց արդեն պարզ էր, որ գյուղում տնտեսական մասնակցությունը խթանելն է ճիշտ ուղին։ Կահույքի արտադրութունը, որի մասին պատմելու ենք, այն «զավակներից» է, որ դեռ մեծանում է Քարակերտում։

Արթուր Ենգիբարյանը մասնագիտությամբ լեզվաբան է, ով այժմ փայտամշակման բիզնես ունի․ «Արթվիլշին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է։ ՔՈԱՖ-ն էլ հենց իր առաջին պատվիրատուն էր, քանի որ Քարակերտի դպրոցի և երկու մանկապարտեզների կահույքն ամբողջությամբ ինքն է պատրաստել, ու դա էլ խթանել է իր բիզնես գործունեությունը։

«2005 թվականին Հայաստանի տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր էր հատկապես գյուղերում։ Մենք խորապես կասկածում էինք, թե որևէ բիզնես կարող է ոտքի կանգնել։ ՔՈԱՖ-ի շնորհիվ, որն իր վրա պատասխանատվություն վերցրեց մեզ պարբերաբար կահույքի պատվերներ տալու, կարողացանք մշակել մեր ապրանքատեսականին ու ավելի շատ հաճախորդների գրավել»,- բացատրում է Արթուրը։ Հետագայում նա նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի, ՍՄԱՐԹ սենյակների, Երևանի գրասենյակի և մեր շահառու այլ դպրոցների բարենորոգման ծրագրով էլ կահույք պատրաստեց։

Փորձառու ինժեներ-կոնստրուկտորի որդին մեծացել է՝ հոր նախագծերն աչքի առջև, բայց երբևէ չի էլ մտածել, թե աշխատելու է նույնատիպ ասպարեզում։ Քարակերտում ծնվել է Արթուրի մայրը, ահա թե ինչպես է նա ընտրել իր բիզնեսի իրականացման վայրը։

«Մի քիչ դժվար է Երևանից հեռու լինելը, քանի որ հենց այստեղ ենք ձեռք բերում անհրաժեշտ նյութերը, այստեղից է մեր հաճախորդների մեծ մասը։ Ինչևէ, գյուղական համայնքում նման գործունեությունծավալելու մեծագույն առավելությունն այն է, որ գործառնական ծախսերն անհամեմատ քիչ են»,- նշում է Արթուրը։

Սուր աչքն ու մանրուքներին ուշադրություն դարձնելը ձեռներեցության մեջ կարևորագույն արժեք է Արթուրի համար։ Իր թիմի հետ նա փորձում է հաճախորդների համար լավագույն որակ ապահովել՝ առաջարկելով տան և գրասենյակի բազմապիսի կահույք, դիզայնի ու նյութերի լայն ընտրանի։

Արթուրի կահույքի արտադրամասը մեր տնտեսական զարգացման ծրագրերից մեկն է, որ խրախուսում է ինքնաբավությունը և նպաստում ամբողջ համայնքի բարեկեցությանը։ Մենք տրամադրում ենք ռեսուրսները, իսկ գյուղացին արդեն քաղում է դրանից իրեն անհրաժեշտ նյութը։

Տոկունություն և հնարամտություն է պահանջվում բիզնես ձեռնարկելու համար հատկապես գյուղական համայնքներում, որտեղ աճի ու զարգացման ներուժն այնքան էլ մեծ չէ։ Եվ մենք բարձր ենք գնահատում այն ձեռներեցներին, ովքեր համարձակվում են գործ սկսել՝ չնայած բոլոր դժվարություններին։

Մեր շահառուները գործընկեր են դառնում մեզ․ ՔՈԱՖ-ում դա նորաձև է։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր