Ոսկին աճում է նաև սարերի վրա․․․

Նոյեմբերի 22, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

«Կան երեխաներ, որոնք մինչև 10-15 տարեկան դառնալը կարծում են, թե ձուն ու պանիրը ծառի վրա են աճում»,- կատակում է «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր Արտուշ Խաչատրյանը։

«Իհարկե, գյուղերում բնակվող պատանիները փոքրուց առնչվում են գյուղատնտեսության հետ, սակայն միշտ չէ, որ գիտակցում են, թե ինչ «գանձ» կարող է լինել իրենց համայնքում, հենց իրենց քթի տակ․․․»

Այդ գանձը կամ, ինչպես Արտուշ Խաչատրյանն է նշում, «սարերի ոսկին», գոյություն ունի նաև իր հայրենի համայնքում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Ավելուկ, չիչխան, մասուր, շուշան, սիբեխ․․․ Այդ ամենը սարերից ու դաշտերից հավաքում են «Սարերի բարիքում» աշխատող վարդենիկիցիները, ապրանքային տեսք հաղորդում ու առաքում հայաստանյան տարբեր խանութներ, սուպերմարկետներ ու ռեստորաններ։

Արտուշ Խաչատրյանն էլ եկել էր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն՝ մասնակցելու հերթական ՍՄԱՐԹամեջին և ագրոտեխնոլոգիայի ծրագրի ուսանողներին պատմելու ձեռնարկատիրական գաղտնիքների ու նորարարությունների մասին։

Արտուշը երբեք ջանք չի խնայել հայրենի Վարդենիկի զարգացմանը նպաստելու համար։ Հիմնել է «Համայնքի զարկերակ» երիտասարդական ՀԿ-ն, պարի ստուդիա  ու կինոթատրոն է բացել․․․ Ապա սկսել է մտածել սոցիալական ձեռներեցության մասին։ «Մեր գյուղի կլիմայական պայմանները խիստ են, գարնանը ցանում ենք, աշնանը բերք հավաքում․ ցորեն, կարտոֆիլ, կաղամբ։ Իսկ գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում գյուղի բնակիչներից շատերը զբաղվածության խնդիր ունեն։ Ես հասկացա, որ գյուղացիների համար հեշտությամբ կարող ենք գործ գտնել ու զբաղվածություն ապահովել․ չէ՞ որ հենց մեր շուրջն աճում են բազմաթիվ դեղաբույսեր և ուտելի բույսեր, որոնք կարելի է հավաքել ու վաճառել»։

Ագրոտեխնոլոգիայով հետաքրքրված երեխաները կլանված լսում էին Արտուշ Խաչատրյանին։ Երբ սկսեցին քննարկել Լոռու գյուղերի առանձնահատկություններն ու ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունները, վահագնեցի Գրիգորն ու եղեգնուտցի Լիաննան պատմեցին իրենց համայնքներում գտնվող հուշարձանների ու հնությունների, գյուղական տուրիզմի մասին։ Լիաննան նույնիսկ ասաց, որ կցանկանար Եղեգնուտում թանգարան բացել։ Արտուշ Խաչատրյանն էլ նշեց, որ շատ ավելի եկամտաբեր կլինի, եթե նրանք փորձեն նոր մշակաբույսեր արտադրել ու վաճառել խանութներին։

«Մենք այժմ բրյուսելյան կաղամբ, արտիշոկ ու բրոկկոլի ենք աճեցնում։ Գնացեք սուպերմարկետներ, տեսեք, թե ինչն է լավ վաճառվում ու փորձեք հասկանալ, արդյոք կարո՞ղ եք այդ մշակաբույսից արտադրել․․․ Կամ գուցե այդ բույսը հենց ձեր գյուղի շրջակայքու՞մ է աճում։ ՔՈԱՖ-ն էլ կապող օգնակ կդառնա ու կօգնի, որ շուկայի հետ կապ հաստատեք»,- հորդորեց գյուղատնտես-ձեռնարկատերը։- «Գնահատեք այն, ինչ տեսնում եք ձեր շրջապատում, հնարավորությունները բաց մի թողեք․․․ Հիշեք, որ ոսկին աճում է նաև սարերի վրա․․․»:

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր