Նոր տեսք․ մեր գույնը դեղինն է

Մայիսի 29, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Մարդիկ հաճախ են հարցնում, թե կոնկրետ ինչ ենք անում Հայաստանի գյուղերում։ Մեր նախագծերը բազմազան են․ երբեմն մի քանի նախադասության փոխարեն երկար պատմում ենք մեր գործերի մասին։ Դե ի՞նչ, լավ նորությո՜ւն ունենք, մեր թարմ տեսքը կօգնի մեզ պատմել։

2020 թվականը լի էր նորություններով՝ թիմի նոր անդամներ, էլեկտրոնային ուսուցման նոր ձևաչափ ու նոր ծրագրեր, որ դեռ ճանապարհին են։ Բայց մի բան կա, որ ՔՈԱՖ-ի պատմության մեջ տեղի է ունենում առաջին անգամ․ դիմավորե՜ք, ՔՈԱՖ-ը՝ նոր տեսքով։

Մեր նոր գույնը դեղինն է

Դեղինը թարմության, երջանկության, խնդության և լավատեսության խորհրդանիշն է։ Մեր ծրագրերը միայն դրականորեն են ազդում գյուղերի երիտասարդների վրա, նոր գույն ու իմաստ են բերում համայնքի կյանքին ու նոր ռեսուրսներ են տրամադրում՝ բարելավելու կենսապայմանները։

Հիմա՝ ավելի մանրամասն․

Մեր նոր լոգոյի՝ տարբերանշանի բաղադրիչները ՔՈԱՖ-ի չորս հիմնասյուներն են՝

  • Երեխայի և ընտանիքի ծառայություն
  • Կրթություն
  • Տնտեսական զարգացում
  • Առողջապահություն

ՔՈԱՖ-ի անվան հապավման ամեն տառն ու ձևը պատմում է մեր մասին։ Սկսենք «C» տառից․ կլորավուն շեղանկյունը խորհրդանշում է այն միջավայրը, պայմաններն ու մթնոլորտը՝ ընտանիքը, որտեղ մեծանում է երեխան։ Շեշտը դրվում է երջանիկ մանկության վրա՝ որպես լիարժեք անհատի ձևավորման անկյունաքարի։

Կրթությունը նշանակալի դեր ունի անձի կայացման գործում․ սա այն ուժն է, որի շնորհիվ մարդը հասնում է իր բացառիկ նպատակներին։ Իսկ անթերին խորհրդանշող շրջանագիծն էլ կատարյալ մարդու ու մասնագետի սիմվոլն է։

Մեր տնտեսական զարգացման հեռանկարները բազմանկյուն են ու համակարգված։ Ընտանիքակենտրոն մոտեցման շնորհիվ մենք խրախուսում ենք տնտեսական ինքնաբավությունը, որ մեր գյուղացիները կարողանան մնալ իրենց համայնքներում, օգտվել ու տնտեսական հնարավորություններ ստեղծել ամբողջ երկրով մեկ։ Եռանկյունաձև կառուցվածքը այդ էկոհամակարգի նշանն է՝ իր տարբեր բաղկացուցիչներով։

Բնական է, «F» տառի սիրտն էլ առողջապահությունն է, որն օրնիբուն ջանում է առողջ պահել համայնքը։ Սրտաձևը Հայաստանի գյուղական համայնքների հանդեպ մեր սերն է և հոգատարությունը։.

«Դաշտում աշխատելով 16 տարի՝ մենք շարունակում ենք ընդլայնել մեր աշխարհագրությունն ու ծրագրերի ծավալը։ Չենք հոգնում ու չենք ձանձրանում մեր աշխատանքից։ ՔՈԱՖ-ի վերաբրենդավորման հիմնական նպատակը մեր բրենդային ինքնությանը նոր շունչ հաղորդելն է։ Մենք լիցքավորվում ու թարմանում ենք ամեն նոր ծրագրի, ամեն անհատի պատմության հետ, ում կյանքում դրական փոփոխություններ են լինում ՔՈԱՖ-ի նախաձեռնությունների շնորհիվ։ Ժամանակն արագ է թռչում, և նոր միտումներին համընթաց լինելու համար մենք էլ մեր տեսքն ենք մոդեռն դարձնում։ Այսուհետ նորովի ենք ներկայանալու մեր շահառուներին, բարերարներին, գործընկերներին ու ընկերներին»,- բացատրում է ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Դավիթ Մանուկյանը։

Մենք անչափ ոգևորված ենք մեր առաքելությունը կյանքի կոչելու գաղափարով։ Արևի էներգիան անսպառ է։ Նույնկերպ, մենք էլ լիցքավորվում ենք հաջողության ու առաջընթացի ամեն նոր օրինակով։

Մեր հին տարբերանշանը միշտ էլ առանձնահատուկ է լինելու ՔՈԱՖ-ի համար։ Այն շատերին է ճանաչելի, այն մեր 16-ամյա քրտնաջան աշխատանքի, միասնականության ու ազդեցության խորհրդանիշն է։ Մենք շարունակում ենք աշխատել նույն նվիրվածությամբ ու անձնուրացությամբ, նաև փորձում ենք ընդլայնել մեր աջակիցների համայնքը, հասնել մեզնից հեռու գտնվող հոգատար ու հայրենիքին ձեռք մեկնելու կարևորությունը գիտակցող մարդկանց։

Թող որ մեր նոր բրենդային ինքնությունը տոն լինի և արտացոլի այն ջերմությունն ու հոգածությունը, որ տածում ենք մեր համայնքների հանդեպ։

Նոր դեղինը սպասված փոփոխությունների քամին է։ Եկեք միասին քամու թևով հասնենք նոր ու լուսավոր բարձունքների։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր