Կանայք՝ հյուրընկալության ոլորտի ակտիվ դերակատարներ Լոռիում

Նոյեմբերի 30, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Լոռին հայտնի է Հայաստանի ամենահյուրընկալ մարզերից մեկը լինելով, իսկ որքա՞ն զարգացած է մարզում հյուրընկալության ոլորտը, որո՞նք են վերջինիս զարգացման հեռանկարները, որոնց ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա տանելու։ 

Հյուրընկալության ոլորտում ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռներեցությունը՝ ՍՄԱՐԹ կենտրոնին կից գտնվող Կոցեպտ հյուրանոցը, մեզ լավ փորձ ու պատկերացում է տվել մարզում ոլորտի մասին։ Այն, որ Լոռին սքանչելի բնություն, գողտրիկ քայլարշավային արահետներ, պատմամշակութային եզակի կոթողներ ու արկածային զբոսաշրջության բազմազան զբաղմունքներ ունի անգամ ամենաբծախնդիր զբոսաշրջիկների համար, միանշանակ է։ Այնուամենայնիվ, ինչպես Հայաստանի շատ մարզերում, Լոռիում ևս, շարունակ բացվող հյուրատներին ու հյուրանոցներին զուգահեռ, ակնառու են մնում ոլորտի սպասարկման և բիզնեսների ղեկավարման մի շարք բացեր։ 

Զբոսաշրջիկները սիրում են Լոռին։ Վաղուց ժամանակն է նրանց տալու ճամփորդության ամենալավ փորձառությունը։ 

Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՔՈԱՖ-ի ջանքերով մեկնարկել է «Աշխատանքային հմտությունների զարգացման և հյուրընկալության ոլորտում աշխատանքի տեղավորման միջոցով աջակցություն Լոռիում խոցելի խմբերի կանանց» նոր ծրագիրը, որը Լոռու մարզի կանանց սատարող և մասնագիտական նոր թևեր տվող հերթական նախաձեռնությունն է։

Ծրագրի շրջանակներում 18 և բարձր տարիքի 30 կանայք հնարավորություն են ստանում խոհարարական արվեստի, ռեստորանային կառավարման և սպասարկման ոլորտի դասընթացներ անցել Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայում և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (CEPFA), բարելավել իրենց օտար լեզվի հմտությունները և վերապատրաստվել ոլորտի լավագույն հաստատություններում։ 

Մասնակիցները Լոռու մարզի 7 համայնքներից ու գյուղերից են՝ Ալավերդի, Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Վանաձոր, Քարինձ և Օձուն։ Ընդ որում, ծրագրում ներգրավված են թե՛ ոլորտում արդեն իսկ աշխատանք ունեցող, թե՛ առաջին քայլեր անող մասնակիցներ։ 

Ծրագրի մասնակիցներից Նելլի Ղամբարյանը, ով 2019թ․-ից ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցի խոհարարն է, վաղուց մեծ սեր է ունեցել խոհարարության հանդեպ, աշխատել է որպես խոհարար թե՛ Ուկրաինայում, թե՛ Հայաստանում, բայց առաջին անգամ է հնարավորություն ստանում ոլորտում մասնագիտորեն հմտանալ։

«Դասընթացները տարբեր բաղադրիչներ են ներառում՝ պատրաստումից, խոհանոցային հիգիենայից մինչև միջազգային տարբեր խոհանոցներին ծանոթություն։ Սրանք բոլորը պրակտիկ հմտություններ են տալիս մեզ ու անպայման արդյունավետ կերպով կկիրառվեն աշխատանքում»,- նշում է տիկին Ղամբարյանը։  

Կանանց տնտեսական ակտիվությունը խթանող ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով աշխատաշուկայում կանանց համար անբարենպաստ պայմանների առկայությունը, նրանց սահմանափակող հանգամանքները, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի կարիքները բավարարելու համար անհրաժեշտ մասնագիտական հմտությունների պակասը։

ՔՈԱՖ-ի մի շարք գործընկեր կազմակերպություններ, այդ թվում Դեբեդ Լայֆը, Չամիչ հյուրատունը, Անգարը, Կաղնին, Թեժ Լեռը, Թումանյան զարգացման հիմնադրամը, ինչպես նաև ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցն ու Համաժողովների կենտրոնը պատրաստակամություն են հայտնել աշխատանքով ապահովելու ծրագրի մասնակից 6 խոհարարներին, 6 ռեստորանի մենեջերներին և 18 մատուցողներին։ 

Հյուրընկալության ոլորտի դասընթացներին կհաջորդեն լեզվի դասընթացները՝ հաշվի առնելով Լոռու մարզում արտասահմանցի զբոսաշրջիկների շարունակ մեծացող ներհոսքը։ Ռուսերենի և անգլերենի դասընթացներին զուգահեռ մասնակիցները նաև խոհարարական վերապատրաստում կանցնեն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում։  

Ծրագրի արդյունքում 30 կանանց և նրանց ընտանիքներին հնարավորություն կստանան առավելագույնի հասցնել իրենց ներուժը, ձեռք բերել ֆինանսական անկախություն և բարձրացնել իրենց տնային տնտեսությունների եկամուտները՝ դրանով իսկ խթանելով գենդերային հավասարությունը և սոցիալական ներգրավվածությունը Լոռու հյուրընկալության ոլորտում: