Նի-հաո․ բարևի նոր ձևը ՍՄԱՐԹ-ում

Հունվարի16, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Նի-հաո. այսպես են արդեն իրար բարևում ՍՄԱՐԹ-ի` չինարենի ծրագրի մեր ուսանողները: Այո, մենք սիրում ենք նոր բաներ փորձել, և չինարենն արդեն մեր իմացած լեզուներից ևս մեկն է:

Ինչպես մեր ծրագրերից շատերը, չինարենը ևս նորություն է Դեբետում: «Չինարենը լեզուների ծրագրում ներառելու նպատակը գյուղաբնակ երեխաների համար նոր մշակույթի, նոր, ավելի լայն աշխարհայացքի բացահայտումն է»,-նշում է ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը:

Մարգարիտա Ղուլինյանը` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի (մանդարին) ծրագրավարը կամ, ինչպես ուսանողներն են ասում, Մեգի Լաոշին, ավարտել է Շանհայի քաղաքագիտության և իրավունքի համալսարանը: Լոռիում նրա գտնվելը հաճելի զուգադիպություն է. Մարգարիտայի արմատները Դսեղից են: Ինչպես ինքն է նշում, վերադառնալ Լոռի նույնն է, ինչ վերադառնալ իր հայրական տուն և աշխատել հարազատ գյուղի երեխաների հետ:

Երեխաները ծրագրի սկզբում շատ թերահավատ էին և չէին պատկերացնում, որ չինարեն սովորելը իրենց մոտ կստացվի: Արի ու տես, որ ամիսներ անց մեծ ոգևորութունն ու սովորելու ծարավը ետևում են թողել բոլոր վախերը:

Չինարենի դասերին մեր ուսանողներն ամենաշատը սիրում են ուսուցողական խաղերը և երգելը, երբեմն՝ շատ բարձրաձայն երգելը: Ամեն թեմա ունի իր երգը: Գնալով տուն՝ ուսանողները փորձում են գտնել իրենց՝ արդեն սիրելի երգերը YouTube-ում և սկսում ողջ օրը լսել, երբեմն՝ ամբողջ ընտանիքով: Ուսուցման խաղային, երաժշտական և այլ նորարարական մեթոդների շնորհիվ օգտակարն ու հաճելին համատեղվում են:

«Չինարեն սովորելու համար այն նախ սիրել է պետք»,- խոստովանում է Մարգարիտան: Իհարկե, դժվարություններ ևս կան. չինարենի չորս տոներն արտաբերելը հեշտ չէ սկսնակների համար, այնուամենայնիվ, Մարգարիտան նշում է, որ երեխաներն ընդունակ են, և նրանց ջանասիրությունն ու խանդավառությունը հաջողության գրավականն են:

Չինաստանն աշխարհում խոշոր արտադրող երկրներից է, և շուրջ 1.2 միլիարդ մարդ աշխարհում խոսում է չինարեն: Ստացվում է` չինարեն, անգլերեն և ռուսերեն սովորելով՝ մեր ուսանողները ողջ աշխարհը հասկանալու ճանապարհին են: