Մեծ ընտանիքի կարևոր մասնիկը՝ ՔՈԱՖ շրջանավարտներ

Փետրվարի 21, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

ՔՈԱՖ-ի գործունեության ազդեցությունը հասկանալու համար հաճախ ուղղակի բավարար է խոսել մեր շրջանավարտների հետ և իրենցից լսել, թե ինչ տեղ ունի ՔՈԱՖ-ն իրենց կյանքում։

Տարիներն անցնում են, իսկ մեր շրջանավարտները, որոնք ժամանակին ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի մասնակիցներ էին, մասնագիտություններ են ձեռք բերում, հանդես գալիս նախաձեռնություններով ու զարմացնում մեզ՝ իրենց հաջողություններով։  

Չնայած ՔՈԱՖ-ի 16-ամյա գործունեությանը և շրջանավարտներից շատերի հետ պահպանվող կապին՝ ՔՈԱՖ շրջանավարտների ասոցիացիան ձևավորվել է միայն վերջերս։ 

ՔՈԱՖ շրջանավարտների ծրագրերի համակարգող Ներսես Խաչատրյանը  հենց ինքն էլ ժամանակին եղել է ՔՈԱՖ-ի շահառու։ Նա լավ գիտի ՔՈԱՖ-ցիների ոգին, նրանց անցած ուղին և մեծ նվիրումով զբաղվում է միության գործունեությամբ։ Մեր շրջանավարտներին ՔՈԱՖ-ն առաջարկելու դեռևս շատ ծրագրեր ունի, որոնք, ասոցիացիայի անդամ դառնալով, ավելի հասանելի և արդյունավետ կլինեն։

Ո՞վ է համարվում ՔՈԱՖ շրջանավարտ

Դպրոցն ավարտած յուրաքանչյուր երիտասարդ, որը մասնակցել է ՔՈԱՖ-ի կողմից իրականացված առնվազն 1 ծրագրի, համարվում է ՔՈԱՖ շրջանավարտ։ Ներկայումս, շրջանավարտների հավաքագրման փուլն է, ուստի բոլոր թեկնածուներին խրախուսում ենք անդամագրվել՝ լրացնելով հետևյալ  հայտը։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի Շրջանավարտների ասոցիացիայի նպատակն է համախմբել Հիմնադրամի շահառու համայնքների երիտասարդներին, ովքեր կապող օղակ կհանդիսանան Հիմնադրամի և համայնքների միջև, կհամագործակցեն միմյանց հետ, հանդես կգան սեփական նախաձեռնություններով՝ ի նպաստ համայնքների զարգացմանը:

ՔՈԱՖ շրջանավարտների ասոցիացիայի ծրագրեր են՝

  • Կրթաթոշակներ 

Ի շնորհիվ մեր նվիրաբերողների՝ տարիներ շարունակ ՔՈԱՖ-ը տրամադրել է կրթաթոշակներ հարյուրավոր ուսանողների։ Այս ցանկը գնալով մեծանում է, և ՔՈԱՖ-ի շրջանավարտների ակումբին միանալով՝ Դուք էլ ավելի տեղյակ կլինեք առկա հնարավորություններից։

Կրթաթոշակները տրամադրվում են թե՛ անհատների, թե՛ կառույցների կողմից։

Դրանցից մեկը Քլեր Գրեգորյանի անվան արվեստի կրթաթոշակն է, որը մինչ այժմ ամբողջապես ֆինանսավորել է 9 շրջանավարտի ուսումնական կրթաթոշակ։

  • Մասնագիտական պրակտիկա 

ՔՈԱՖ-ն ունի գործընկերների հետ համատեղ մասնագիտական պրակտիկայի ծրագրեր, որոնցից մեկը HSBC բանկի հետ իրականացվող մենթորշիփի ծրագիրն է։ Ապահովելով պրակտիկայի հնարավորություններ՝ մենք ուզում ենք մեր շրջանավարտներին աշխատաշուկայում դարձնել էլ ավելի փորձառու և մրցունակ։ 

  • ՔՈԱՖ շրջանավարտների հանդիպումներ

Ասոցիացիայի նպատակը նաև ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների կազմակերպումն է։ Ակտիվ գործունեություն է ծավալում ՔՈԱՖ շրջանավարտների դեբատի ակումբը, որը վերջերս  ԱԺ պատգամավորների հետ մասնակցեց մամուլի ազատության մասին քննարկման։ 

  • Կարիերայի զարգացում

Մեր շրջանավարտները ՔՈԱՖ-ում կարող են ստանալ նաև մասնագիտական խորհուրդներ ու պրակտիվ գիտելիքներ՝ ինքնակենսագրականի կազմումից մինչև հարցազրույցի նախապատրաստվելը։

Դե ինչ, ծրագրերը շատ են, հանդիպելու առիթները՝ ևս։ Միացե՛ք խմբին ու կապի մեջ եղե՛ք, որ արդեն միասին շարունակենք իրագործել մեր առաքելությունը՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը։

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը