Ցուցահանդես ու համերգ․ ՔՈԱՖ-ի նվերը երևանցիներին

Հունիսի 28, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Հունիսյան գեղեցիկ երեկո էր։ ՔՈԱՖ-ի շրջիկ ցուցահանդես-ավտոբուսը կանգնել էր Բաղրամյան պողոտայի վրա, Սիրահարների այգու դիմաց։ Կանգնել ու սպասում էր Երևանի բնակիչներին ու հյուրերին, որ լուսանկարների միջոցով ներկայացնի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի անցած ուղին։

Ցուցահանդես-ավտոբուսը, որը պարբերաբար շրջում է Հայաստանի մարզերում ու մասնակցում տարբեր փառատոների ու միջոցառումների, առաջին անգամ էր կայանել Երևանում ու հասանելի դարձել երևանցիների համար։

Բայց միայն ավտոբուսը չէր, որ երևանցիների համար հասանելի էր։ Սիրահարների այգու այցելուները հնարավորություն ունեին վայելել Collectif Medz Bazar խմբի համերգը, որը ՔՈԱՖ-ը կազմակերպել էր՝ շարունակելով իր 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

Collectif Medz Bazar-ը, կազմված լինելով տարբեր մշակույթներ ներկայացնող երաժիշտներից, ստեղծվել է 2012թ․ Փարիզում։ Խումբը կատարում է ինչպես տարբեր մշակույթների ավանդական երգեր, այնպես էլ հեղինակային ստեղծագործություններ։ Հայկական, ֆրանսիական ու թուրքական ծագումով երաժիշտները՝ հիմնադիր Սևանան, Վահանը, Մարիուսը, Շուշանը, Էլլան ու Էզդին, մեկուկես ժամ շարունակ ներկայացնում էին իրենց եռալեզու արվեստը, իսկ հանդիսատեսները, կանգնած կամ խոտերին նսստած, լսում-վայելում էին, շատերն էլ՝ պարում։

Խմբին շատ ջերմ ընդունեցին, համերգն էլ տեղ-տեղ «ինտերակտիվ» էր․ հանդիսատեսը ժամանակ առ ժամանակ ձայնակցում էր խմբին՝ կրկներգի որոշ հատվածներ կատարելով։

ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Դավիթ Մանուկյանն ասաց, որ համերգը նվեր էր Երևանին՝ հիմնադրամի 15-ամյակի կապակցությամբ։ Երևանցիներն էլ ծանոթացան ՔՈԱՖ-ի գործունեությանը՝ և՛ հիմնադրամի կազմակերպած համերգին մասնակցելով, և՛ շրջիկ ավտոբուսի ցուցադրությունը դիտելով։

Collectif Medz Bazar-ի հիմնադիր Սևանա Չակերյանն էլ նշեց, որ ՔՈԱՖ-ը շատ է սիրում․ «Դա Հայաստանում առաջին կազմակերպությունն է, որի հետ ես համագործակցել եմ։ ՔՈԱՖ-ի շահառու համայնքների մանկապարտեզների համար երաժշտական կրթական ծրագիր էին իրականացնում․․․»

Երբ համերգն ավարտվեց, երաժիշտները հավաքեցին գործիքները, սակայն, «էլի՜՜», «Էլի՜՜» բացականչությունները լսելով, կրկին բեմ վերադարձան։ Հանդիսատեսն ուրախացած շուրջպար բռնեց։ Վերջում էլ շատերը հերթ կանգնեցին, որ լուսանկարվեն երաժիշտների հետ ու սկավառակներ ձեռք բերեն։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր