Ճամփորդություն, որ սկսվում է մեկ գյուղից

Սեպտեմբերի 11, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Ի՞նչ կկատարվի, երբ մի շարք կազմակերպություններ միավորեն ջանքերը նույն նպատակի շուրջ և գործեն նույն առաքելությամբ՝ միանգամից մի քանի ուղղություններով հզորացնելով Հայաստանի գյուղը։

Հայկական գյուղերը տարբերվում են սրտաբաց միջավայրով, յուրահատուկ բնությամբ, ավանդական խոհանոցով և անկեղծ, հյուրընկալ բնակիչներով, որ խոսում են իրենց համով բարբառներով։

Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, Գեղարքունիքի գյուղերն էլ իրենց առանձնահատուկ լեզուն ունեն՝ ճանաչելի ու տարբերվող։ Բայց երբ հասնենք Մարտունի գյուղ, միայն մաքուր արևելահայերեն ենք լսելու․ այստեղ հարևան գյուղերին բնորոշ բարբառով չեն խոսում։ Իսկ ինչո՞ւ, ո՞րն է գաղտնիքը։

Մարտունի գյուղը (ոչ թե քաղաքը, որ հաճախ շփոթելի է) հիմնադրվել է 1921 թ․ Արևմտյան Հայաստանից գաղթած 12 ընտանիքների կողմից, որոնք, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, եկել էին Վանից, Ալաշկերտից, Կարսից և Սասունից։ Հաստատվելով այստեղ՝ նորեկները պարզեցին, որ արևմտահայերենի տարբեր բարբառներով են խոսում ու դժվարությամբ են հասկանում միմյանց։ Հենց այստեղ էլ նորաբնակ մարտունեցիները որոշեցին արագորեն յուրացնել իրենց նոր տան՝ Արևելյան Հայաստանի լեզուն՝ առանց խառնելու որևէ բարբառ։

2016 թ․ ՔՈԱՖ-ը մի շարք գործընկեր կազմակեպությունների հետ կոնսորցիում ձևավորեց՝ «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում զարգացնելու Մարտունին առողջապահական, կրթական և տնտեսական ծրագրերի, մարդկանց ունակությունների կատարելագործման և առաջընթացի այլ նախաձեռնությունների միջոցով։

Մարտունիում ՔՈԱՖ-ի ներգրավվածությունը ներառում է տեղի բուժկետի վերանորոգումը, բնակիչների զանգվածային բուժական զննումները, երեխաների ատամնափուտի բուժումը և տեղի մանկապարտեզի սանհանգույցների նորոգումը։ Մեր ջանքերի պսակը Մարտունու տարրական դպրոցի ճաշարանի և ատամնակայանի (ատամները մաքրելու լվացարաններ) բացում էր։

2018 թ․ «Մեկ գյուղ» ծրագիրն արդեն 11 անդամ ուներ, իսկ համագործակցության նոր հասցեն՝ Տավուշի մարզի սահմանամերձ Նավուր գյուղը։ Ծրագիրը նոր թափ ու շունչ ստացավ, երբ մեր առաքելությանը միացած կազմակերպությունները բազմապատկվեցին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն«Շեն» բարեգործական ՀԿ«Զարգացման Սկզբունքներ» ՀԿՀայ Օգնության ՖոնդՎորլդ Վիժն Հայաստան«Դասավանդի՛ր, Հայաստան» միջազգային կրթական կազմակերպությունԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամՀայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ«Հայկական Կարիտաս» ՀԿ։

Նավուր գյուղում մեր համատեղ ջանքերով խմելու ջրի նոր համակարգ ներդրվեց, բարեկարգվեց ֆուտբոլի դաշտը, բասկետբոլի մարզասրահը, նոր խաղահրապարակներ հիմնվեցին և կենսականորեն անհրաժեշտ գյուղտեխնիկա ձեռք բերվեց։ Տեղացիների առողջության ամրապնդման նպատակով ՔՈԱՖ-ի բժիշկները պարբերաբար վերապատրաստում են Նավուրի բժշկական հաստատության բուժաշխատողներին և տեղացիների առողջության զննումներ իրականացնում։

Հազարավոր կիլոմետրերի ճամփորդությունը մեկ հասարակ քայլով է սկսում կամ էլ ընդամենը «մեկ գյուղից»։ ՔՈԱՖ-ն արդեն իսկ հասցրել է աշխատել Հայաստանի 64 գյուղական համայնքներում, բայց մեր երկրում ևս 900 գյուղ կա, որոնց բնակիչներն արժանի են կյանքի առավել բարձր որակի։

Դուք է՞լ կմիանաք մեզ «մեկ գյուղի» հզորացման ճանապարհին։

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը