«Դեբեդի անուշեղեններ»-ը սննդի նոր մշակույթ է բերում Լոռի

Փետրվարի 26, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Տաթևիկ Աղաբաբյանի

2 րոպե կարդալու համար

Աշխարհի գուրմաններին շուտով հասանելի կլինի նոր հանգրվան Լոռու Դեբետ գյուղում։ Ավելի քան  800 բնակչություն ու չքնաղ բնություն ունեցող այս համայնքում վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատ իրադարձություններն են տեղի ունենում։ «Դեբեդի անուշեղեններ» (Debed Delights) խանութ-ռեստորանը, որի շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են, դրանցից մեկն է։ Այն խոստանում է սննդի նոր մշակույթ բերել տարածաշրջան ու մարդկանց լավ հիշողություններ պարգևել  համեղ սեղանի շուրջ։ 

«Դեբեդի անուշեղեններ»-ի հիմնադիրը Տաթևիկ Աղաբաբյանն է, ով արդեն 3 տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Դեբետ ու հիմնել «Դեբեդ․լայֆ» հյուրատունը։ Վերջինս հանգստի ու հեռավար աշխատանքի գոտի է, որտեղ նաև կարելի է համտեսել հայկական, իտալական, մեքսիկական, թայլանդական և այլ խոհանոցների ուտեստներ։ 

Ամեն ինչ պատրաստվում է տեղում։ Ամեն խոհանոցի ստեղծած միջավայրն էլ մտովի տանում հենց այդ երկիր։ Օրինակ՝ երբ սեղանին ջեռոցից հենց նոր դուրս եկած լազանյան է, թարմ կանաչեղենով աղցանը, հյութալի բրուսկետաներն ու սպիտակ գինին, շրջապատն ու բույրերը հիշեցնում են դրվագ Իտալիայից։ 

Պահպանելով «Դեբեդ․լայֆի» շունչն ու ձեռագիրը՝ «Դեբեդի անուշեղենները» կլինի շատ ավելին ու կունանա ավելի մեծ տնտեսական ազդեցություն։ Այն մեկ տանիքի տակ կմիավորի հացաբուլկեղենի և միջազգային ուտեստների պատրաստումն ու վաճառքը, ինչպես նաև մինչև 60 հոգու համար նախատեսված ռեստորանը։ Բիզնեսի շնորհիվ համայնքում առնվազն 12 նոր աշխատատեղ կստեղծվի։ 

Արտադրվելով Դեբետում՝ անուշեղենների համը շատ ավելի հեռուն կհասնի՝ հասանելի լինելով Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում,Դիլիջանում և մոտակա 7 գյուղերում։ «Այստեղ կլինի սննդի ինքնատիպ մշակույթ, որը կսովորեցնի կենցաղով ու կենսակերպով կրթվել»,- նշում է Տաթևիկը։ 

Նա նախագիծը համարում է ոչ միայն սննդի, այլև համագործակցության նոր մշակույթի նախադեպ։ «Դեբեդի անուշեղենները» իրականություն է դառնում «ԵՄ-ն բիզնեսի համար» ԵՄ նախաձեռնության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և մասնավոր ներդրողների աջակցության շնորհիվ։ 

Այսպիսով, երբ այսուհետ քաղաքից կտրվելու ու համեղ սննդի կարիք ունենաք, գիտեք՝ որտեղ փնտրել այն։