Լոռու ճանապարհները, որ այլևս գյուղերին միմյանցից չեն բաժանի
Մարտի 5, 2022
Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի
Աշխարհում կառուցվում են նոր մայրուղիներ ու ճանապարհներ, երթևեկությունը գնալով հարմարեցվում է մարդու առօրյային, բայց Հայաստանի գյուղերում հանրային երթևեկությունը շարունակում է մնալ դժվար հասանելի «իրավունք»։
Գյուղերը միմյանց ու քաղաքներին կապող ճանապարհները հաճախ դժվարանցանելի են։ Գործող ավտոբուսներն ու «գազել»-ները սովորաբար օրական 1-2 անգամ են երթուղի դուրս գալիս։ Կան նաև դեպքեր, երբ գյուղում հանրային տրանսպորտի միջոցներ առհասարակ չկան։ Այս խնդիրը` որպես գյուղական համայնքների զարգացման առաջնահերթություն, չի վրիպել ՔՈԱՖ-ի ուշադրությունից ու արտացոլվել է Դեբետում «ՍՄԱՐԹ գյուղ» համայնքային զարգացման մոդելի մեջ։ Մինչ կպատմենք, թե ինչպես, ավելի խորը ծանոթանանք իրավիճակին։
Ճանապարհ, որ բաժանում է
Լոռու մարզի գյուղական համայնքներում բնակվում է 87․000-ից ավելի մարդ, ում ֆինանսն ու առօրյա կարիքները մեծապես կախված են շրջակա գյուղեր ու քաղաքներ տանող տրանսպորտից։ Օրինակ՝ ներկայումս Լոռու Դեբետ գյուղից տրանսպորտ դուրս է գալիս օրական մեկ անգամ՝ առավոտյան 9։00-ին, վերադառնում՝ 15։00-ին։ Երթուղին անցնում է չորս բնակավայրով՝ Դսեղ-Դեբետ-Եղեգնուտ գյուղեր ու Վանաձոր։
Դեբետի ուսանողներից Լիլիթ Հովսեփյանը, ով սովորում է Վանաձորի պետական համալսարանում, Վանաձոր գնալու կարիք հաճախ է ունենում։ «Քանի որ գործող տրանսպորտի ժամերը հարմար չեն, մենք մի քանի ուսանողներով տաքսի ենք վարձում, որ մեզ առավոտյան տանի, կեսօրին ետ բերի»,- նշում է նա։ Չնայած այսպիսով երիտասարդների ամենօրյա ծախսը մի փոքր մեծանում է, սա դեռևս հնարավոր ամենահարմար լուծումն է։
Հանրային տրանսպորտից ժամանակին հաճախ էր օգտվում նախկին առևտրական Գյուլվարդ Հակոբջանյանը։ «Վաճառում էի տնտեսական ապրանքներ, հագուստ, սննդամթերք ու մոտակա գյուղեր գնալս հարմարեցնում ավտոբուսի գրաֆիկին»,- ասում է նա։ Այն, որ Դեբետում շուտով տրանսպորտը բարելավվելու է, Գլուլվարդը համարում է կարևոր ձեռքբերում գյուղի համար։
Ճանապարհ, որ միացնում է
Եթե փորձենք ձևակերպել ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի նպատակը մեկ արտահայտությամբ, ապա այն բնակիչների համար արժանապատիվ կյանքի որակ ապահովելն է։ Ճանապարհների ու հանրային երթևեկության բարելավումը վերջինիս մեջ կարևոր դեր ունի։ Այս ուղղությամբ ՔՈԱՖ-ի ջանքերով 2021-ին Դեբետում կառուցվել է ավտոբուսի ժամանակակից կանգառ, ու մեկնարկել ճանապարհների վերանորոգումը։ Սա դեռ ամենը չէ։

Դեբետի նորակառույց ավտոբուսի կանգառը։
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը միավորել են ջանքերը՝ Լոռու մարզ որակապես նոր հասարակական տրանսպորտ բերելու նպատակով։ 2022թ. մարտի 1-ին ստորագրված դրամաշնորհային ծրագրով Ճապոնիայի դեսպանատունը Լոռու մարզում հասարակական տրանսպորտի բարելավմանն է ուղղել ավելի քան 90.000 ԱՄՆ դոլար։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ստորագրում են համատեղ դրամաշնորհային համաձայնագիր։
Ճապոնիայի դեսպանատան հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կկատարվեն հետևյալ աշխատանքները՝
- Համայնքը ձեռք կբերի նոր, հաշմանդություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուս, որը նախկին 4 բնակավայրի փոխարեն 8 բնակավայրով կանցնի։
- Աշխատանքի կանցնեն ևս 2 վարորդներ (համայնքները սպասարկող ընդհանուր 3 վարորդ կլինի):
- Դեբետին կից բնակավայրերում (Դեբետ, Դսեղ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Փամբակ) կկառուցվեն ավտոբուսի կանգառներ։
- Կստեղծվի բջջային հավելված (app), որը հնարավորություն կտա հետևել տրանսպորտի գրաֆիկին։
- Ստեղծվող համակարգը կդառնա համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) մի մաս ու կղեկավարվի վերջինիս կողմից։

Դեբետն ու կից գյուղերը սպասարկող վարորդ Սերժիկ Մեհրաբյանը։
Ինչպես ճապոներենում «ճգնաժամ» բառը 2 երկիմաստ մասնիկներից է կազմված, որոնք նշանակում են «վտանգ» և «հնարավորություն», այնպես էլ Հայաստանի գյուղերի հանրային երթևեկության ճգնաժամային իրավիճակը կարելի է դիտել որպես հնարավորություն։ Մենք վստահ ենք, որ ստեղծվող նոր երթուղիները գյուղաբնակ մեր հայրենակիցներին կտան լայն հնարավորություններ ու կբացեն ապագայի նոր հեռանկարներ։ Իսկ դո՞ւք։