Թվային արվեստ. համադրելով ավանդականն ու նորը

Մարտի 4, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում ապրում են թվային աշխարհի իրական բնակիչներ։

Թվային նկարչությունը ՍՄԱՐԹ-ի ամենահին ծրագրերից է, որ մշակվել էր շատ ավելի վաղ, քան ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը։ Կատարողական արվեստի և նկարչության հետ միասին այն կազմում է կրթակարգի արվեստի ճյուղը։

Թվային նկարչությունը ավանդական նկարչության նորարարական այլընտրանքն է։ Թվային միջավայրում մենք գործ չունենք փայտի, ածուխի կամ ներկի հետ․ մեր համակարգիչը դառնում է կտավ ու բազմագույն ներկապնակ։ Գործածելով Wacom գրաֆիկական պլանշետը՝ որպես համակարգչին միացված յուրատեսակ ալբոմ՝ ուսանողները գործածում են նորարարական ծրագրեր, ինչպես Photoshop և Adobe Illustrator-ն են՝ արտացոլելով իրականությունը։

Նկարիչ Վահրադ Մելիքջանյանը, որ թվային նկարչության վեց խմբեր է վարում, իր ուսանողներին անվերջ մղում է ստեղծարարության, նրանց ճաշակն է զարգացնում՝ ծանոթացնելով ու քննարկելով համաշխարհային մեծության նկարիչների գործեր՝ Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Մինաս Ավետիսյան և ուրիշներ։ «Նաև մուլտֆիլմեր ենք դիտում ու առցանց խճանկարներ հավաքում՝ մարզելով մեր միտքը»,- ասում է Վահրադը։

Երիտասարդ գեղանկարիչներն ստեղծում են տարբեր թեմաներով ծաղրաշարեր՝ կոմիքսներ, անիմացիաներ, էսքիզներ։ Օրինակ՝ ուսանողներից մեկը պատկերել էր Թումանյանի «Գիքորի» հերոսներին՝ արդիականացնելով բովանդակությունը և հումորային նոտա դնելով, արդյունքում՝ Համբոն ու Գիքորը ՍՄԱՐԹ կենտրոնի մոտ էին։

Էրիկ Մաիլյան, 16տ․, Վահագնի

 

«Ծրագիրը թույլ է տալիս մեր ուսանողներին կերտելու սեփական հերոսներին։ Այսօր երեխաները հերոսներ չունեն։ Երբ փորձում են անուն գտնել որևէ հերոսի կամ սիրելի կերպարի համար, պատմությանն են դիմում, տասնամյակներ հետ գնում»,- բացատրում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը, ով վստահ է, որ նոր կերպարների ստեղծումը դրական է ազդում երեխայի աշխարհայացքի վրա։

Հեղինակ՝ Նարեկ Աղաջանյան (Եղեգնուտ)

 

Թվային արվեստի առավելությունները բազմազան են։ Նախ՝ սկսելու համար այն հեշտ է ու հասանելի։ Երկրորդ՝ սեփական սխալները «ներելու բարի» համակարգ է, որտեղ սխալդ կարող ես ուղղել մի քանի ստեղնի սեղմելով, այսինքն՝ դրանք հավերժական չեն։ Եվ վերջապես, թվային նկարչության համար շատ սարքավորումներ պետք չեն․ համակարգիչ, ծրագիր և հատուկ պլանշետ, ու կարող ենք սկսել։

Մենք վստահ ենք, որ արվեստի ուժը կարող է փոխել աշխարհը, ու առանց ավելորդ ջանքերի զարգացնում ենք հմտություններ, որ դառնանք այդ աշխարհի մասը։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր