Ընտանեկան բժշկությունը կարող է փոխել կյանքի որակը

Ապրիլի 19, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

«Ինձ համար ամենաոգևորողը մոտիվացված բժիշկների հանդիպելն է, ովքեր ձգտում են մի նոր բան էլ սովորել, իմանալ, խորանալ, կիսվել մյուսների հետ»։ Ամերիկահայ մանկաբույժ, թերապևտ Լորքի Լիբարիդյանը կրկին Հայաստանում էր։

Այս անգամ իր համար արդեն ավանդույթ դարձած դասախոսությունների ու պրակտիկ աշխատանքին զուգահեռ, նա մասնակցում էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կազմակերպած «Մանկաբուժություն առաջնային օղակում ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար» խորագրով գիտաժողովին։

ՔՈԱՖ-ի այս նախաձեռնության նպատակը լայն էր՝ վերապատրաստել բուհավարտ ընտանեկան բժիշկներին, ովքեր տարիներ առաջ ՔՈԱՖ-ի հետ համագործակցության ու պրակտիկայի ճանապարհ են անցել, ինչպես նաև թարմացնել մարզաբնակ բժիշկների ու բուժքույրերի գիտելիքները։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ընտանեկան երիտասարդ բժիշկներին միացել էին Լոռու, Տավուշի, Շիրակի և Արմավիրի մարզերի արդեն փորձառու բժիշկներն ու բուժքույրերը։

Մանկաբուժությանը վերաբերող կոնֆերանսը վարում էին բրիտանահայ ընտանեկան բժիշկ Գևորգ Հոպայանը, ամերիկահայ մանկաբույժ Լորքի Լիբարիդյանը, ՔՈԱՖ-ի առողջապահական ենթածրագրի ղեկավար Լուսինե Անտոնյանը, «Ուիգմոր Քլինիքի» բժշկուհի Հրաչուհի Ղազարյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Լիլիթ Սարգսյանը։

«Կոնֆերանսի ֆորմատը առանձնահատուկ էր նրանով, որ տեսական գիտելիքները միանգամից գործնական փուլ էին անցնում մասնակիցները երեք խմբերով քննարկվում էին կոնկրետ դեպքերը, հետազոտությունները,տարբերակիչ ախտորոշումներն և բուժումը»,- նշեց ՔՈԱՖ-ի մասնագետ Լուսինե Անտոնյանը։

Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կատարվեց սակավարյունության, աճի գնահատման, մաշկաբանության, մանկական ուռուցքաբանության, վերին շնչուղիների վարակների և տենդի թեմաներին։

Երկօրյա ինտերակտիվ տեսա-գործնական կոնֆերանսի ֆորմատն ու արդիականությունը բուռն դրական արձագանք ունեցան։ Մասնակիցները կարևորեցին շարունակական կրթության անհրաժեշտությունը հատկապես մարզերում։

«Անձամբ ես տարին մի քանի անգամ գալիս եմ Հայաստան ու աշխատում տեղի ուսանողների ու բժիշկների հետ, քանի որ զգում եմ, որ իմ կարիքը կա։ Շատ եմ սիրում շփվել այլ մասնագետների հետ։ Ես էլ եմ շատ բան սովորում բազմաթիվ դեպքերից, բժիշկներից, հիվանդներից»։ Ըստ Լորքի Լիբարիդյանի՝ ընտանեկան բժշկության ինստիտուտը դեռ պետք է կայանա Հայաստանում, պիտի ձևավորվի ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի հանդեպ վստահություն ու կապ, և կարճ ժամանակ անց դա բոլորովին կփոխի մեր բնակիչների կյանքի որակը։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր