Դեբետում բացվեց գյուղի առաջին գեղեցկության սրահը՝ «Դ Սալոն»

Ապրիլի 17, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Գեղեցկության սրահ այցելելու մարդկանց հաճախականությունը տարբերվում է, բայց այն, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ վերջինիս կարիքն ունենում ենք, հաստատ է։
Լոռու Դեբետ գյուղում մարդիկ մինչ վերջերս խնամքի ծառայություններից օգտվելու համար ստիպված էին լինում հասնել Վանաձոր կամ դիմել տնային պայմաններում աշխատող մասնագետներին։ Խնդիրն այլևս լուծված է․ օրեր առաջ բացվեց Դեբետի առաջին գեղեցկության սրահը՝ «Դ Սալոն»-ը, որն իր հմայքով ու դիզայներական լուծումներով գերազանցում է երևանյան շատ սրահների։ 

Պաշտոնական բացումը

Ապրիլի 14-ին սրահի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը և այլք։ 

Պաշտոնապես բացված սրահի առաջին այցելուն էլ եղավ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ով սրահից դուրս եկավ թարմ վարսահարդարմամբ։

Ի՞նչն է առանձնահատուկ «Դ Սալոն»-ում

Միջավայրը 

Երբ դեռևս չվերանորոգված ճանապարհներով գալիս-հասնում ես սրահ, հետաքրքիր հակադրություն է ստեղծվում գյուղի իրականության հետ։ Բաց երանգի պատերը, փայտյա դեկորները, կանաչ բույսերով դետալները, ժամանակակից կահույքն ու սարքավորումները քաղաքային միջավայր են հիշեցնում («Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի ձեռագիրն է)։ Հիանալին այն է, որ դու ամենևին էլ քաղաքում չես, այլ Հայաստանի ամենականաչ գյուղերից մեկում, շնչում ես մաքուր օդ ու վայելում այդ չկշտացնող խաղաղ լռությունը։ 

Վայրը 

Սրահը գտնվում է գյուղի վարչական շենքի առաջին հարկում, ու ոտքով կամ մեքենայով մի քանի րոպեի ճանապարհ է գյուղում հայտնի հյուրատներից մեծ մասից։ Դեբետը գտնվում է նաև շրջակա այն գյուղերի խաչմերուկում, որտեղ գեղեցկության սրահներ դեռևս չկան։ «Դ Սալոն»-ում մեծ սիրով սպասում են այցելուների ոչ միայն Դեբետից, այլև մոտակա գյուղերից, ինչո՞ւ չէ, նաև քաղաքներից։ 

Առաքելությունը

«Դ Սալոն»-ի սեփականատերերն ու աշխատողները գյուղաբնակ 3 կանայք են, որոնք այն 24 մասնակիցների թվում էին, որ Հայաստանում Լիտվայի դեսպանատան ու ՔՈԱՖ-ի համատեղ «Զորակցված կանայք որպես փոփոխության ու գյուղական զարգացման գործակալներ» ծրագրի շրջանակներում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մասնակցեցին վարսահարդարման և մատնահարդարման  դասընթացների, որպես ծրագրի հաղթողներ՝ մասնագիտական դասընթացներ անցան Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում և  վերապատրաստվեցին Երևանի ճանաչված գեղեցկության սրահներից մեկում՝ «Քիլեջյան՛ս»-ում ։ Այժմ աշխատելով «Դ Սալոն»-ում՝ նրանք աստիճանաբար վարպետանում են իրենց գործում ու գրավում նոր հաճախորդների։ Ի՞նչ է ստացվում։ Այցելելով «Դ Սալոն»՝ Դուք աջակցում եք գյուղաբնակ կին ձեռնարկատերերին ու նրանց նոր թևեր տալիս։ 

«Մեր հաճախորդները շատ տպավորված են դուրս գալիս սրահից․ նրանց հատկապես սրահի կոլորիտն է դուր գալիս։ Արդեն 10 նոր հաճախորդ ունեմ, որոնք նախկինում Վանաձոր էին գնում մատնահարդարման համար, բայց այժմ մեզ մոտ են գալիս»,- նշում է սրահի մատնահարդար Լիլիթ Հովակիմյանը, ով նախկինում էլ Դեբետում տնային պայմաններում մատնահարդարմամբ է զբաղվել ու այժմ ունի աշխատանքի իր գողտրիկ անկյունը։ 

Սրահը այսուհետ ղեկավարվելու է աշխատակիցների կողմից, բայց ՔՈԱՖ-ը շարունակ մոնիթորինգ է իրականացնելու ու բիզնեսի զարգացման նոր հեռանկարներ գտնելու։ 

Որտե՞ղ գտնել սրահը

«Դ Սալոն»-ը գտնվում է Դեբետի վարչական շենքի առաջին հարկում՝ Լոռու մարզ, գ․ Դեբետ, 2-րդ փողոց, 8 շենք հասցեով։ Հետևե՛ք սրահին Instagram-ում և Facebook-ում։ 

Աջակցելով ՔՈԱՖ-ի տնտեսական ծրագրերին, Դուք էլ կարող եք ներդրում ունենալ Հայաստանի գյուղերում նման բիզնեսների հիմնմանն ու գյուղաբնակ կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։