Ինչո՞ւ սովորել անգլերեն

Օգոստոսի 14, 2018

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

2 րոպե կարդալու համար

ՍՄԱՐԹ կենտրոնում  ավարտվեց Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան՝ անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի ամառային ճամբարը։  Ճամբարին ներկա էին ծրագրի  մասնակիցները ՝ Լեռնագոգ, Արագածավան, Բենիամին, Դսեղ, Դեբետ, Վահագնի, Եղեգնուտ, Ձորագյուղ, Այգեհովիտ համայնքներից։

Չորս օր շարունակ 13-16 տարեկան պատանիները զանազան թեմաներով պարապմունքներ էին անցկացնում, խաղում, հետաքրքիր դասախոսություններ լսում, շփվում միմյանց հետ։

Ճամբարի փակման արարողության ընթացքում ՍՄԱՐԹ նախաձեռնության տնօրեն Շահանե Հալաջյանը նշեց, որ Access ծրագրին մասնակցող մարզերի ու համայնքների թիվն աստիճանաբար ավելանում է. «Եւ շատ հաճելի է, որ հինգ մարզերի ներկայացուցիչները կարողացել են ընկերանալ ու շփվել միմյանց հետ։ Նաև խիստ տպավորիչ է նրանց առաջընթացը. ընդամենը մի քանի ամսում սովորել են իրենց խոհերն անգլերեն արտահայտել»։

Դեսպանատան կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանն էլ խոսեց անգլերեն լեզվի կարևորության մասին ու հաճույքով լսեց երեխաների մտքերը։ Եղեգնուտցի Դիանան ասաց, որ անգլերենն անհրաժեշտ է իր ապագա մասնագիտության համար. «Զբոսավար եմ դառնալու»։ Դսեղցի Շանթն էլ նշեց, որ պատրաստվում է շատ ճամփորդել. «Անգլերեն իմանալը դրա համար պարտադիր է»։ Նրա համագյուղացի Անին էլ ցանկանում է դիվանագետ դառնալ. «Նաև ուզում եմ բնագրով գրքեր կարդալ>։ Այգեհովիտցի Ստեփանն էլ ֆուտբոլիստ է դառնալու. «Միջազգային ակումբներում խաղալու համար անգլերենն անհրաժեշտ է»։

Անգլերենի ուսւցիչ Մարինե Միսկարյանն էլ գտնում է, որ ծրագիրը խիստ նպաստել է, որ երեխաները դառնան ավելի ինքնավստահ ու սովորեն համագործակցել. «Նրանց ինքնագնահատականը բարձրացել է»։

Փակման արարողության ընթացքում երեխաները խմբերի բաժանվեցին ու, սպիտակ շապիկները գունավոր ներկերով նկարազարդելու միջոցով, փորձեցին արտահայտել իրենց տպավորություններն ու զգացողություններն Access ծրագրի վերաբերյալ։ Այդ ուրախ ու աղմկոտ գործընթացով էլ ավարտվեց Access-ի ամառային ճամբարը։