Արցախից տեղահանված 5 ընտանիքներ իրենց նոր տներում

Օգոստոսի 1,2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

4 րոպե կարդալու համար

Պատերազմից շուրջ տասն ամիս է անցել, բայց շատերի կյանքում այն դեռևս չի էլ ավարտվել։ Պատերազմի բազմաթիվ հետևանքներից իրենց տները կորցրած հարյուրավոր ընտանիքներն են, որոնք այս ամիսների ընթացքում իրենց սեփական տանիքի, ապրուստի միջոց հայթայթելու, երեխաների կրթությունը շարունակելու ու իրենց առողջությանը պատշաճ կերպով հետևելու խնդիրների առջև են կանգնած եղել ու շարունակում են լինել։
Այս հանգամանքը հիմք հանդիսացավ, որ ՔՈԱՖ-ը նախաձեռնի իր գործունեության ավանդական շրջանակից դուրս՝ տեղահանված ու անապաստան մնացած արցախահայության համար տների կառուցման ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլով նախատեսվող 13 ընտանիքներից 5-ն արդեն մուտք են գործել իրենց նոր ու հիմնովին կահավորված բնակարաններ, որ գտնվում են Լոռու Դսեղ և Դեբետ համայնքներում։

Մադոյան-Սաքանյանների ընտանիքը

Դսեղում կառուցված բնակարաններից մեկում բնակություն է հաստատել Մադոյան-Սաքանյանների ընտանիքը, որտեղ ութ երեխա կա։ Տեղահանվել են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից․ սա նրանց կյանքի երկրորդ տեղահանումն է։ Պատերազմն այս ընտանիքի կյանքում կիսատ է մնացել․ դեռևս անհետ կորած են ընտանիքի հայրն ու որդին, որը պայմանագրային զինծառայող է… 

Դանիելյանների ընտանիքը

Դանիելյանների բազմազավակ ընտանիքում մեծանում են 7 երեխաներ։ Դադիվանքից են։ Ամիսներ շարունակ Տավուշի Տանձուտ գյուղում անբարենպաստ պայմաններում վարձով ապրելուց հետո վերջապես ունեն իրենց սեփական տանիքը, որտեղ կան բոլոր հարմարությունները՝ մշտական ջրից ու գազից մինչև կենցաղային տեխնիկա և պարագաներ։ 

Արցախում զբաղվում էին անասնապահությամբ ու իրենց սեփական խանութն ունեին։ Դսեղում ևս սկսել են անասնապահությամբ զբաղվել։ Տան դստրերից մեկը շուտով կմասնակցի ՔՈԱՖ-ի և Հայաստանում Լիտվայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող վարսահարդարման ու մատնահարդարման դասընթացներին, որի նպատակը Դեբետում ու հարակից համայնքներում կանանց ներուժի զարգացումն ու տնտեսական ակտիվություն խթանելն է։ 

Դանիելյանների նոր բնակարան է վերադարձել առօրյա եռուզեռը․ երբ այցելեցինք նրանց, մայրը հաց էր թխում, աղջիկներից մեկը՝ արդուկ անում, երեխաները՝ տան բակում վազվզում։

Չիրկինյանների ընտանիքը

Այնպես է ստացվել, որ Չիրկինյանների ընտանիքի մայրը՝ Գայանեն, այժմ վերադարձել է իր ծննդավայր Լոռու մարզ։ Նա Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղում իր 6 երեխաների հետ միասին ապրել է շուրջ 21 տարի։

Իր երկու տները Արցախում է թողնել ու 4-5 ամիս շարունակ ապրել Դսեղի՝ էլեկտրաէներգիայից զուրկ մի խրճիթում։ Ընտանիքի որդիներից մեկը դեռևս զինվորական ծառայության մեջ է գտնվում, իսկ մյուսները հաճախում են ՍՄԱՐԹ կենտրոն, մասնակցում կրթական ծրագրերին ու ծանոթանում հարակից համայնքներից իրենց հասակակիցների հետ։ 

Ասլանյաններ 

Բերձորից (Քաշաթաղի շրջան) ի վերջո Դսեղում հաստատվեցին նաև Ասլանյանները՝ իրենց 7 երեխաների հետ միասին։ Մինչ մայրը զբաղվում է երեխաների խնամքով, ամուսինն աշխատում է շինարարության ոլորտում, իսկ ընտանիքի ավագ դուստրն էլ պատրաստվում է մասնակցել ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերից վարսահարդարման ու մատնահարդարման դասընթացներին։ 

Մարգարյանների ընտանիքը

Մարգարյանները 22 տարի ապրել են Բերձորում ու հիմնականում անասնապահությամբ զբաղվել։ Պատերազմից ի վեր պետական աջակցության միջոցներով ընտանիքը նոր անասուններ է գնել ու սկսել ապրուստի միջոցն այդ կերպ վաստակել։ 

Նրանք այսուհետ կբնակվեն Դեբետում՝ ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված առանձնատանը, որն ունի ընդարձակ հողամաս, այգի, հավաբուն և փուռ։ «Հույսը վերջում է մեռնում, բայց դեռ չի մեռել»,- լիահույս ասում է ընտանիքի հայրը։ 

Չիրկինյան ու Մարգարյան ընտանիքների պատմություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոլովակում։ 

*****

Ապրելով ՔՈԱՖ-ի շահառու Դսեղ և Դեբետ համայնքներում՝ ընտանիքները հնարավորություն կստանան օգտվելու ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող բոլոր ծրագրերից՝ կրթականից (ՍՄԱՐԹ կենտրոն), առողջապահականից (բժշկական հետազոտություններ, ատամնաբուժական ծառայություն) մինչև սոցիալական (հոգեբանական ծառայություն, լոգոպեդական ծառայություն, սոցիալական աշխատանք) ծառայություններ և տնտեսական ծրագրեր, որ այժմ նախաձեռնվում են Դեբետում իրականացվող «ՍՄԱՐԹ Դեբետ» նախագծի շրջանակներում։