Արարատը, Արաքսը և գինին․ Գետաշենում ենք

Հունիսի 3, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ճերմակ արագիլները Արմավիրի մարզի Գետաշենի ու մոտակա ջրարբի գյուղերի ամենամյա բնակիչն են  վաղ գարունից մինչև խոր աշուն։ Գյուղացիների ու զբոսաշրջիկների ամենասպասված հյուրերն են․ նրանց դիտելու ու երամների թռիչքով հիանալու համար անցորդները մի պահ դադար են առնում։

Ժամ ու կես է Երևանից Գետաշեն ճանապարհը։ Գյուղի պատմությունն սկսվում է 100 տարի առաջ։ Նախկինում Ջաֆարաբադ կոչվող գյուղի բնակիչները 1917-1918 թթ․ գաղթել են Մուշից, Սալմաստից և Խոյից։

Արաքս գետը բաժանում է գյուղը սահմանակից Թուրքիայից, սակայն Արարատով հիանալու համար գյուղացուն ոչինչ չի խանգարում։ Այո, այս շքեղ տեղարանը Գետաշենի ամեն բնակիչ վայելում է ամեն օր։

Հարցրեք ամեն գետաշենցու, թե որն է գյուղի տեսարժան վայրը, ու բոլորը միաբերան կնշեն գյուղի միջնակարգ դպրոցը։ Այն ոչ միայն գյուղի, այլև մարզի համար եզակի երևույթ է․ գրադարանը, որ հասանելի է համայնքի յուրաքանչյուր անդամի, Արևմտյան Հայաստանից բերված հնագույն կարասներով փոքրիկ թանգարան հիշեցնող գավառական կենտրոնը, ջերմոցն ու ագրոծրագիրն այդ դպրոցը դարձնում են իրապես բացառիկ: 

Դպրոցի ջերմոցի բերքը ծառայում է ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված ճաշարանին, որ առողջ ու բալանսավորված սնունդ է տրամադրում 1-ից 4-րդ դասարանցիներին։ Աշակերտները հող են մշակում, միրգ ու բանջարեղեն աճեցնում դպրոցի տարբեր ծրագրերի շրջանակներում։

Դպրոցի բակում 300-ից ավելի ծիրանենի կա։ Դրանք անվական են․ դպրոցի ամեն աշակերտ իր ծառն է տնկել։ ՔՈԱՖ-ի շրջանավարտ Լենա Թովմասյանն աշխատում է իր մայր դպրոցում և Գետաշենի միակ լոգոպեդն է․ «Իմ սերունդն առաջին էր, որ ծիրանենիների ծառատունկ է արել դպրոցում։ Ամեն ծառ իր անձնագիրն ունի, որ անցնում է սերնդից սերունդ՝ պահելով իրեն խնամող ամենքի անունը»։

Արմավիրի մարզը գինեգործության բացարձակ առաջատար է՝ շնորհիվ չոր կլիմայի և հրաբխային ծագման հողի։ Պատահական չէ, որ խաղողագործությունը գետաշենցիների համար սովորական զբաղմունք է։ Արևահամ խաղողն ու Արմավիրի գինեգործական այգիները հայկական գինին դարձնում են շատ տպավորիչ։

Արարատը՝ առջևում, Արաքսը՝ կողքին, գինին էլ միշտ կա։

Էլ ի՞նչ է պետք։

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը