Մարտինն ու Գետաշենի նոր վերանորոգված սպորտդահլիճը

Նոյեմբերի 21, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Արմավիրի Գետաշեն գյուղի սպորտասեր երիտասարդները վերջին շրջանում ոգևորության մեծ առիթ ունեն։ Վերջապես վերանորոգվել է նրանց դպրոցի սպորտդահլիճը. այլևս ֆիզկուլտուրայի դասերը դասասենյակում կամ դրսում չեն անցնի, այլ այն բարեկարգ, լուսավոր, տաք միջավայրում, որն արդեն իրենց դպրոցի պատերի ներսում է, ԻՐԵՆՑԸ։

Չնայած Գետաշենի միջնակարգ դպրոցը իր բարեկարգությամբ ու կրթական հնարավորություններով առանձնանում է համայնքային դպրոցների մեջ՝ դպրոցի մարզադահլիճի խնդիրը տարիներ շարունակ մնում էր չլուծված։ Գործող դահլիճի հատակն ու առաստաղը վնասված էին, պատուհանները՝ կոտրված, պատերն՝ անբարեկարգ, ու չկային սանիտարահիգիենիկ պայմաններ։

Դահլիճում նաև ջեռուցում չկար։ Երեխաները տաք եղանակին ֆիզկուլտուրայի դասերն ու ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագիրն անց էին կացնում դրսում՝ դպրոցին կից խաղահրապարակում, իսկ ձմռանը՝ դասասենյակում՝ տեսական գիտելիքներ ձեռք բերելով կամ մարզվելով այնքան, որքան տարածքն էր թույլ տալիս։ Ամեն դեպքում, երեխաների ձգտումը մեծ էր․ «Անգամ, երբ մարզումները դասարանում պետք է անցկացնեինք, Գետաշենն այն համայնքն էր, որտեղ երեխաներից ոչ մեկ դասից չէր բացակայում»,- ասում է ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրավար Լիանա Սարգսյանը։ 

Մոտ եռամսյա վերանորոգման աշխատանքներից հետո նոր ուսումնական տարին սկսվեց նոր սպորտդահլիճում նաև 8-ամյա Մարտին Մանուկյանի համար, ով սովորում է 3-րդ դասարանում ու հաճախում ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրին։

Նրա մուտքը սպորտդահլիճ մեկնարկեց իր դասընկերների ու ՔՈԱՖ-ի թիմի միջև ընկերային խաղով։ Ինչպես տեսնում եք, հաղթեցինք բոլորը։) 

Մարտինի սպորտային հետաքրքրությունները սկսվեցին կարատեով ու այժմ շարունակվում են բասկետբոլով։ «Մինչ բասկետբոլի հաճախելը տղաս անգամ գնդակ բռնել չգիտեր, շատ փակ էր իր խառնվածքով»,- պատմում էմ Մարտինի մայրը՝ Էլեոնորան։ Ինչպես շատ երիտասարդներ, այնպես էլ իր տղան ծրագրի ընթացքում ֆիզիկական կարողություններին զուգահեռ ձեռք են բերում թիմային աշխատանքի հմտություններ ու, իհարկե, նոր ընկերներ։ 

Դպրոցական դասերից և արտադպրոցական ծրագրերից բացի՝ սպորտդահլիճը նաև ծառայում համայնքային միջոցառումների և միջհամայնքային մրցաշարերի համար։  

Գետաշենի սպորտդահլիճի վերանորոգումը 2021-ին ՔՈԱՖ-ի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկն էր, որն իրականություն դարձավ Hoops4Hayastan-ի և Օհանես Ախոյանի ու նրա  ընտանիքի աջակցության շնորհիվ։ 

Հայաստանի գյուղական համայնքներում նման ծրագրի կարող եք աջակցել՝ նվիրաբերելով ՔՈԱՖ-ին։