17 վերելք դեպի Արարատի գագաթը

Մայիսի 24, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

«Մարդիկ ինչո՞ւ են ձգտում սար բարձրանալ։ Ընդհանրապես, լեռան գագաթ բարձրանալու իմաստը ո՞րն է»,- հարցրեց ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երեխաներից մեկը լեռնագնաց, արկածային տուրիզմի մասնագետ Գևորգ Գասպարյանին, որը երկու ամիս առաջ բարձրացել էր Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը:

“Դա ամենից հաճախ տրվող հարցերից է»,- մտորելուց հետո պատասխանեց Գասպարյանը։- «Իրականում, հենց բարձունք հաղթահարելու ջանքերն են օգնում հասնել հաջողությունների։ Հազար ու մի դժվարությունների միջով ես անցնում, որ հասնես գագաթին»։

Դժվարություններ հաղթահարելը, անկարելիին ձգտելը, հավատալն ու հասնելը սովորական երևույթներ են լեռնագնացի համար։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հաճախող երեխաներն էլ ունեն իրենց դժվարությունները, ձգտումներն ու երազանքները, իսկ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹամեջ նախագիծը նրանց հնարավորություն է տալիս հանդիպել հաջողակ և հայտնի մարդկանց ու խանդավառվել գրավիչ պատմություններով։ Այս անգամ երեխաները խիստ ոգևորված էին, որ ՍՄԱՐԹամեջում լեռնագնացի հետ են հանդիպելու։

Պատանիները հատկապես տպավորված էին այն փաստով, որ Գասպարյանը 17 անգամ բարձրացել է Արարատի գագաթը։ Ծնողներն էլ հետաքրքրվում էին, թե ինչ տարիքից կարելի է լեռնագնացությամբ զբաղվել։

Գասպարյանը պատասխանեց, որ երեխաները, ավելի շուտ, մասնակցում են Հայ լեռնագնացների միության կազմակերպած արշավներին։ «Սակայն կա մի 13-ամյա աղջիկ, որը մեզ հետ Արարատ սարն է բարձրացել»,- հպարտությամբ ավելացրեց նա։

Լեռնագնացը պատմեց իր լեռնային արշավների ու վերելքների մասին, ինչպես նաև Կազբեկ, Էլբրուս, Մոնբլան, Այլենդ պիկ, Արարատ լեռների բազմաթիվ լուսանկարներ ցուցադրեց։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի այցելուների մի մասն էլ հետաքրքրված էր Գասպարյանի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Լեռնագնացը պատմեց իր հիմնած «Արևի» հյուրանոցի մասին, որն ամբողջովին պատրաստված է բեռնակիր կոնտեյներներից։  Հյուրանոցը գտնվում է Վայոց ձորի Եղեգիս գյուղի տարածքում:

«Այն մարդիկ, ովքեր կարողանում են դժվարությունների միջով անցնել, վերջիվերջո, հասնում են գագաթին»,- կարևոր խորհուրդներից այս մեկով էլ եզրափակվեց հանդիպումը:

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր