Լատինաամերիկյան պարերը Լոռու բարձունքներում
Հոկտեմբերի 25, 2019
Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի
Սալսա, բաչատա, չա-չա-չա, ռումբա՝ ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիներից ու ՍՄԱՐԹ-ի հյուրերից յուրաքանչյուրն իր սիրած լատինաամերիկյան պարն էր բարձրաձայնում, երբ ՍՄԱՐԹ-ի լուսավոր ամֆիթատրոնում մեկնարկում էր արդեն 14-րդ ՍՄԱՐԹամեջը։ Ի դեպ, ՍՄԱՐԹամեջերը, որպես այդպիսին, ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի ուսումնական ձևաչափերից մեկն են, որ հնարավորություն են տալիս ուսանողներին հանդիպել իրենց ընտրած ծրագրերին ուղղակիորեն առնչվող ոլորտների պրոֆեսիոնալների ու սովորել նաև նրանցից։

Լատինաամերիկյան պարերի ձևավորումն առանց տարբեր մշակույթների միախառնման չի եղել․ մշակութային բազմազանության դրոշմը նշանակալի է վերջիններիս վրա։ Իսպանական, աֆրիկյան ու հնդկացիների մշակույթների ազդեցության շնորհիվ լատինաամերիկյան պարերն առանձնացել են իրենց կենսուրախությամբ ու շարժումների ճկունությամբ։ Բազմամշակութային մթնոլորտն իր ողջ համ ու հոտով իշխում էր նաև ՍՄԱՐԹ-ի տանիքի տակ․ այստեղ էր կիսով չափ հույն և կիսով չափ հայ, հայկական անվամբ ու հունական ազգանվամբ տաղանդավոր պարուսույց Հարություն Թոփալիդիսն իր երևանյան սաներից մի քանիսի հետ, ովքեր եկել էին ՍՄԱՐԹկանց հետ պարելու ու իրենց հմտություններով կիսվելու։
Լատինական Ամերիկան մեզ բոլորիս նվիրել է այնպիսի կրակոտ պարեր, ինչպիսիք են՝ սամբա, մամբա, սալսա, բաչատա, ռումբա, պասադոպլ, լամբադա, չա-չա-չա։ Ու քանի որ ամֆիթատրոնը լի էր այս պարերի սիրահարներով, դժվար էր նրանց երկար նստած պահել և պետք էլ չէր։ Լատինաամերիկյան պարերի ծագման ու տեսակների մասին հետաքրքիր ինֆորմացիայի փոքր չափաբաժնից հետո Հարությունն ու լսարանի մեծ մասը միանգամից իջան մեկ հարկ ներքև՝ պարասրահ, որտեղ և սկսվեց իսկական տոնը․ բոլորը պարում էին չա-չա-չա։
Մի քանի րոպե էր պետք, որ չա-չա-չայի ռիթմերը ստիպեն բոլորին միանալ պարին։
Մոտ մեկ ու կես ժամ պարելուց հետո ներկաները վայելեցին նաև Հարությունի սաների մի քանի շատ գեղեցիկ կատարումներ։
Իսկ ուրախ խմբակային լուսանկարը եզրափակեց աշնանային հինգշաբթի երեկոն ՍՄԱՐԹ-ում։