Երեխաների զարգացման նոր անկյունը Արմավիրի Հացիկ գյուղում

Հուլիսի 9, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

«Ամեն ինչ իր ժամանակն ունի» խոսքը հաճախ տեղին է երեխաների սոցիալական զարգացման մասին խոսելիս։ «Ժամանակը կարևոր գործոն է խոսքային դժվարությունները հաղթահարելիս։ Որքան երիտասարդ է երեխան, այնքան նյարդային համակարգն ավելի է արագ է ընկալում փոփոխությունները՝ ճիշտ սպունգի նման»,- նշում է ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների համակարգող Մարուսյա Բազինյանը, ով 2014թ․-ից աշխատել է ՔՈԱՖ-ի շահառուների հետ։

Այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, հոգեբաններ, լոգոպեդներ ու սոցիալական աշխատողներ, նման խնդիրների լուծման համար մեծ ջանքեր են պահանջվում կամ դրանք հաճախ մնում են չլուծված։ 

*****

ՔՈԱՖ-ի մանկան զարգացման անկյունները, հոգեբանական, լոգոպեդական, սոցիալական աշխատանքի ծառայությունները մշտապես իրականացվել են մեր շահառու գյուղերում առերես հանդիպումների միջոցով գյուղի ամենատարբեր հաստատություններում՝ մանկապարտեզներից մինչև հիվանդանոց (կախված հաստատությունների բարեկարգությունից), ինչպես նաև հեռավար՝ կարանտինի ընթացքում։ 

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Մանկան զարգացման անկյունը (ՄԶԱ) համեմատաբար փոքր է ու գտնվում է հիվանդանոցի 4-րդ հարկում։ Անկախ այցի նպատակից՝ երեխաներն ու իրենց ծնողները հոգեբանին կան սոցաշխատողին հանդիպելու համար ամեն անգամ կենտրոն գալիս են հիվանդանոց մուտք գործելով։ 

2021-ին որոշեցինք բարելավել այս պայմաններն ու Մյասնիկյան գյուղի ՄԶԱ-ն տեղափոխել Հացիկ գյուղ՝ նոր ձևաչափով։ Առաջին անգամ ՔՈԱՖ-ի՝ երեխայի սոցիալական զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը կմիավորվեն մեկ տանիքի տակ՝ ներառելով սոցիալական աշխատանքի, հոգեբանական և լոգոպեդական ծառայություններ ու շատ-շատ ավելին։ 

Ինչո՞ւ Հացիկում

«Մեր շահառու Հացիկ գյուղում տարիներ շարունակ մանկապարտեզ կամ նախադպրոցական որևէ կենտրոն, ուր երեխաները կարող էին հաճապել, չի եղել։ Հացիկն ընտրելու պատճառներից մեկը հենց դա էր»,- բացատրում է ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող Արթուր Տեր-Սիմոնյանը։ 

Վառ ինտերիերը 

snkh ճարտարապետական արվեստանոցի կողմից նախագծված կենտրոնը բացառիկ կլինի իր տարբերվող լուծումներով ու միջավայրով ոչ միայն մարզում, այլև ողջ Հայաստանում։

Կենտրոնը, որն այժմ կառուցման ակտիվ փուլում է, 127 ք․մ տարածք ունի։ Այն բաղկացած կլինի 5 սենյակներից, որտեղ 8 մասնագետներ շաբաթական երկու անգամ կհյուրընկալեն 120 երեխաների։ Սենյակներից 3-ում կանցկացվեն ՔՈԱՖ-ի երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերը։ Մյուս երկու սենյակներն են LEGO-ի սենյակը՝ կահավորված մուլտֆիլմերի դիտման համար մեծ էկրանով, և խաղային սենյակը՝ հագեցած հետաքրքրաշարժ ու ներգրավող խաղերով։  

Կենտրոնը նաև հասանելի կլինի սահմանափակ շարժունակությամբ մարդկանց։  

Հացիկի ՄԶԱ-ի հիմնադրմամբ համագործակցության նոր հիմք է դրվում նաև ՔՈԱՖ-ի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև․ Հացիկի համայնքապետարանը պարտավորություն է ստանձնել մոտակա 10 տարիների ընթացքում ֆինանսավորել կենտրոնի կոմունալ բոլոր ծախսերը։ Վստահ ենք՝ այս համագործակցությունը բարեբեր պտուղներ կտա։ 

*****

Դուք ևս կարող եք ներդրում ունենալ Հայաստանի գյուղական համայնքների զարգացման մեջ։