Առողջության նոր կենտրոն Լոռիում

Հոկտեմբերի 7, 2021

Ռեբեկա Օհանեսի կողմից

3 րոպե կարդալու համար

Քաղաքում ապրողներս հաճախ չենք էլ մտածում, թե ինչպիսին է առողջապահության վիճակը գյուղերում, ինչ որակի ծառայություններ են հասանելի մեզ նման մարդկանց, որոնք ապրում են գյուղում։

Հավատացած եղեք, որ գյուղաբնակների՝ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություններն այնքան շատ չեն, որ դրանց մասին երկար հնարավոր լինի գրել կամ պատմել. մեր գյուղերում բնակիչները, սովորաբար, հնարավորություն ունեն օգտվելու մեկ բուժկետից, որտեղ, ինչպես հասկանում ենք, ծառայությունների լայն ցանկ չկա։ Մենք երբեմն տրտնջում ենք, որ այս կամ այն բուժհաստատությունը մեր քաղաքում փոքր-ինչ հեռու է մեր տնից, իսկ մեր գյուղաբնակ հայրենակիցները բազմաթիվ բժշկական ծառայություններից օգտվելու համար ստիպված են գյուղից քաղաք հասնել։ Սա էլ դեռ գուցե համարեինք ոչ այնքան մեծ մարտահրավեր, եթե գոնե լիներ տրանսպորտային նորմալ ցանց, որ մեր գյուղերը կապում են իրար ու քաղաքներին։ Ահա թե ինչպիսին է առողջապահության պատկերը Հայաստանի գյուղական համայնքներում։ 

Ինչ խոսք, մենք՝ ՔՈԱՖ-ում, բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել ու ձեռնարկում ենք այս անարդար իրականությունը փոխելու համար, սակայն այդ ձեռնարկված քայլերից և ոչ մեկն այդչափ ազդեցիկ չէ, ինչքան այս մեկը, որին անդրադառնում ենք այս բլոգով։ Եվ այսպես, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, շուտով կսկսենք կառուցել առողջության նոր կենտրոն Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Դեռևս մի կողմ դնելով այս նոր կառույցի ենթակառուցվածքային ասպեկտը՝ նշենք, որ կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ է մատուցելու 15 գյուղերի բնակիչների։ Սա ուղիղ ազդեցություն ունի հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։

ՔՈԱՖ-ի առողջապահական ծառայությունները

Առողջապահությունը ՔՈԱՖ-ի 4 հիմնաքարային ծրագրային ուղղություններից մեկն է՝ ի թիվս կրթության, երեխայի և ընտանիքի ծառայությունների, տնտեսական զարգացման։ Մեր առողջապահական ծրագրերը մի քանի ուղղությամբ են.

1․ Բժշկական ծառայություններ

Հետաքրքիր է, բայց մեր երկու բժիշկների անունն էլ Լուսինե է. մեր Լուսինեներն են, ինչպես հաճախ ասում ենք ՔՈԱՖ-ում։ Լուսինեներին հաճախ չենք տեսնում երևանյան գրասենյակում. աշխատանքային շաբաթվա հինգ գոնե չորսն անցկացնում են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի մեր շահառու համայնքներում։ Նրանք հաճախ տնից տուն են գնում՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով։ ՔՈԱՖ-ում ունենք կրծքագեղձի, շագանակագեղձի ու վահանաձև գեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիր։

2․ Ատամնաբուժական ծառայություններ

Ատամնաբուժությունը, որ հաճախ անտեսվում է մեր շահառուների կողմից, շատ կարևոր է մեզ համար։ Գյուղական համայնքներում ատամնաբուժությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում նաև համապատասխան գիտելիքների պակասի ու շատ տեղերում մշտական հոսող ջրի բացակայության պատճառով։ Այս խնդրին մենք անդրադառնում ենք մեր շահառուների վաղ հասակից՝ դպրոցից։ Դպրոցներին կից ճաշարաններում երեխաները ոչ միայն առողջ սնվում են, այլև ունենք, այսպես կոչված, «ատամնակայաններ», որտեղ երեխաները սովորում են ուտելուց հետո ճիշտ ձևով լվանալ իրենց ատամները։ Այս ամենից զատ, մեր շահառու համայնքներում տրամադրում ենք նաև անվճար ատամնաբուժական ծառայություններ մինչև 18 տարեկաններին։

3․ Համայնքի բուժաշխատողների կարողությունների զարգացում

Մեր Լուսինեները նաև սերտ աշխատում են գյուղական համայնքների բուժաշխատողների հետ՝ բարելավելու նրանց թե մասնագիտական, թե հաղորդակցության հմտությունները։

Իրերը, ինչպես կան

Գյուղամիջում խոսում են, որ Դեբետն ու ողջ Լոռու մարզը լուրջ փոփոխությունների են ենթարկվում։ 2018-ից գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, սոցիալական ձեռներեցության փայլուն օրինակ Կոնցեպտ հյուրանոցն ու մի շարք այլ ենթակառուցվածքային նախագծերը դեռևս չեն բավարարում առողջապահական ծրագրերում աշխատող մեր մասնագետներին, քանի դեռ գյուղի յուրաքանչյուր բնակիչ չունի հնարավորություն իր առողջության մասին հոգ տանելու։  

Ուստի, մեր բժիշկները շաբաթը երկու անգամ ուղևորվում են Դեբետ՝ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված զննումների։ Եվ քանի որ Դեբետում չկա բժիշկ, մեր Լուսինեները շարունակաբար աշխատում են գյուղի բուժքույրի հետ՝ նրա կարողությունների շարունակական զարգացման համար։ Մեր նպատակն է զննել գյուղի բնակչության 100%-ին։ 

Շուտով Դսեղում, որն այդքան մոտ է Դեբետին, կկառուցվի շուրջ 450 քմ մակերեսով առողջության կենտրոն։ Այս նոր կենտրոնը Լոռու 15 գյուղերի՝ այդ թվում Դեբետի բնակչությանը կտրամադրի անվճար բժշկական ծառայություններ։ Իսկ բուժանձնակազմում կլինեն 8 բժիշկ, 2 ատամնաբույժ, 18 բուժքույր, 1 լաբորանտ՝ մատուցելով հիվանդությունների վաղ հայտնաբերման ու ատամնաբուժական ծառայություններ։ Բացի այդ, կկազմակերպվեն մոտական քաղաքներից տարբեր մասնագետների (սրտաբաններ, ներզատաբաններ և այլ մասնագետներ) այցեր առողջության կենտրոն՝  հիվանդությունների ավելի լայն շրջանակի ախտորոշման և բուժման նպատակով։ 

Համագործակցելով կառավարության հետ՝ մեր ներդրումն ենք ունենում երկրում հանրային առողջապահական համակարգի տարածման գործում։ Առողջության կենտրոնի շինարարությունը նախատեսում ենք մեկնարկել 2021թ. նոյեմբերին ու ավարտել մինչ 2021թ. վերջը։