Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին, դուք էլ արեք

Ապրիլի 9, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Մարդիկ հաճախ բժշկի են դիմում, միայն երբ դանակը ոսկորին է հասնում։ Ֆինանսական, մտածելակերպային ու առողջապահական ենթակառուցվածքների խնդիրները ոչ միայն Հայաստանի գյուղական համայնքներում են, այլև ավելի մեծ քաղաքներում։ Հոգալով մեր շահառուների մասին՝ չէինք կարող անտեսել նրանց առողջությունը։ Այսօր մարդկության համար մեծագույն ռիսկը Կովիդ 19-ն է, բայց առհասարակ, քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացությունների ամենալուրջ պատճառներից է։ Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների տոկոսը շատ բարձր է, հատկապես կրծքագեղձի, վահանագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը։ Ամբողջ աշխարհուն բժիշկները չեն դադարում կրկնել, որ քաղցկեղը հաղթահարելու բանալին դրա վաղ հայտնաբերումն է։

15 տարի առաջ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում 30-ամյա մի կին այցելեց բուժկետ, որտեղ ՔՈԱՖ-ի բժիշկները տեղացիների անվճար բուժզննում էին անցկացնում։ «Ուլտրաձայնային հետազոտությունները, ի տարբերություն այլ հետազոտությունների, պացիենտներն ավելի են ընդունում»,- բացատրում է ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Լուսինե Սահակյանը։ Երիտասարդ կինն եկավ ուլտրաձայնային հետազոտության, իսկ Լուսինեն համոզեց նրան նաև կրծքագեղձի հետազոտություն անցնել։ «Պարզվեց՝ կրծքագեղձի չարորակ գոյացություն ունի։ Նրա ընտանիքը ցնցված էր նորությամբ։ Առաջին հերթին կարկամեցին վիրահատության ու դրան հաջորդող բուժման ֆինանսական բարդությունների առաջ։ Ստիպված էին լինելու վաճառել իրենց ընտանի կենդանիներին, որ հոգային ծախսերը»,- հիշում է Լուսինեն։

Հասկանալով գյուղացիների համար սոցիալ-տնտեսական դժվարությունները, բայց նաև ցանկանալով ցույց տալ հիվանդության վաղ հայտնաբերման ու բուժման կարևորությունը՝ Լուսինեն փորձեց բացատրել կնոջ ընտանիքին, որ բոլոր ծախսերն արդարացված են։ «Ավելի լավ է վաճառեք ձեր կովերը, բայց փրկեք կնոջը, երեխաները մայր ունենան, քան թե հետո, Աստված չանի, սև օրվա համար վաճառեք»,- հիշում է Լուսինեն։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Կինը հաջողությամբ բուժվեց վիրահատության արդյունքում ու շարունակում է ապրել իր ընտանիքի հետ արդեն 15 տարի։ Ամեն անգամ, երբ որևէ առիթով այցելում ենք Երվանդաշատ, նա հանդիպում է Լուսինեին՝ իր երախտագիտությունը հայտնելու։

ՔՈԱՖ-ի բժիշկներ Լուսինե Սահակյանի և Լուսինե Անտոնյանի համար սա նման բազմաթիվ ազդեցիկ պատմություններից  մեկն է միայն։ 2005 թ․ ՔՈԱՖ-ն սկսեց գյուղական համայնքներում անցկացնել արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտություններ ու հետզհետե ընդլայնեց առաջարկվող ծառայությունների ցանկը։ Այսօր մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ ՔՈԱՖ-ն անցկացնում է նախնական բուժհետազոտությունների բոլոր փուլերը։ Այս տարի մեկ քայլ էլ ենք առաջ անցել՝ անհրաժետության դեպքում ուղեգիր տալով մամոգրաֆիայի, կրծքի ու շագանակագեղձի գոյացությունների կենսազննման (բիոպսիա) և վահանագեղծի հորմոնալ թեստերի համար։ 2019 թ․ սկզբից մենք սկսել ենք տղամարդկանց նախնական բուժական հետազոտություններ ևս անցկացնել։

2019 թ․ 2587 պացիենտ կլինիկական հետազոտություն է անցել։ Բուժզննումներին զուգահեռ՝ մենք իրագործում ենք համայնքային առողջապահական կրթական ծրագրեր՝ սեմինարներ ու դասընթացներ անցկացնելով երեխայի խնամքի, նախա- և հետծննդյան խնամքի, քրոնիկական հիվանդությունների ինքնահսկման և ընտանիքի պլանավորման վերաբերյալ։ Առողջապահական գիտելիքների հարցում ավելի բանիմաց դառնալով՝ մեր մասնակիցներն ինֆորմացիան փոխանցում են իրենց հարազատներին ու ընկերներին։ Նրանք նույնիսկ «տնային ախտորոշում» են անում։ «Մի օր մեր մասնակիցներից մեկը զանգեց ինձ ու ասաց, որ իր հարևանը կրծքագեղձի քաղցկեղի բոլոր նախանշաններն ունի, սակայն տեղի բժիշկը չի ախտորոշել այն և առաջարկել է պացիենտին սպասել, մինչև ցավեր ի հայտ գան։ ՔՈԱՖ-ի թիմը կապ հաստատեց պացիենտի ու մեզ հետ համագործակցող տեղացի բժշկի միջև․ պարզվեց, որ կինն իսկապես քաղցկեղ ունի։ Պարզապես մեկ սեմինարը կարող է որևէ մեկի կյանքը փոխել»,- ասում է բժշկուհի Լուսինե Սահակյանը։

Մեր բուժզննումների ազդեցությունը դժվար է գնահատել։ Անվճար բուժզննումներից ու բժշկական ծառայություններից օգտվողների թիվը, ովքեր չեն կարողանում դա այլ պայմաններում իրենց թույլ տալ, շատ մեծ է։ Իրական արժեքը կյանքերի փրկության տասնյակ պատմություններն են, ընտանիքները, որ ապրում են սիրելիների գրկում ու ՔՈԱՖ-ի հազարավոր երեխաներ՝ շրջապատված իրենց առողջ ծնողներով ու տատիկ-պապիկներով։

Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին, դուք էլ նույնն արեք։