Տեղահանված արցախցիներ՝ նոր տուն, նոր սկիզբ

Մարտի 11, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Անդառնալի մարդկային կորուստները, հազարավոր տեղահանված ընտանիքները, որ կորցրին իրենց տներն ու ողջ ունեցվածքը, և տևական անորոշությունն Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքներից միայն մի քանիսն են։ Վերքերը թարմ են ու դեռ կլինեն։ 

Հարյուրավոր արցախյան ընտանիքներ այժմ ապաստանել են այն շահառու գյուղական համայնքներում, որտեղ գործունեություն ենք ծավալում 2004-ից ի վեր։ Մեր աջակիցների հետ միասին մենք ստանձնել ենք այդ ընտանիքներին հնարավոր ամեն կերպ աջակցելու առաքելությունը ու շարունակում ենք իրականացնել այն։ 

Առաջնային անհրաժեշտության սննդից ու պարագաներից մինչև հագուստ ու հոգեբանական և բժշկական ծառայություններ՝ ՔՈԱՖ-ի թիմը եղել է գյուղերում՝ բազմաթիվ ընտանիքների կողքին։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից մեր ցուցաբերած մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ սկսեցինք աշխատել առավել երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ, որպեսզի օգնենք ընտանիքներին ադապտացվել նոր միջավայրին։

Արդյունքում, մեր շահառու համայնքներում ապաստանած արցախահայությանը կացարաններով ապահովելը դարձավ մեր այս տարվա ամենախոշոր և կարևոր ծրագրերից մեկը։ Նպատակն է տներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց կացարանն ու գնալու որևէ տեղ չունեն։ 

Կացարանների տրամադրումն իրականացվում է երեք ուղիներով՝ 

  • մեր շահառու գյուղերում լքված տներ գնելով և դրանք վերանորոգելով, 
  • միջազգային շուկայից մոդուլային տներ գնելով և դրանք մեր շահառու համայնքներում կառուցելով, 
  • տեղի գործընկերների միջոցով մոդուլային տներ կառուցելով։ 

Դսեղ գյուղում տուն, որը կտրամադրվի արցախցիներին վերանորոգումից հետո։

«Գյուղերում այնպիսի լքված տներ գնելը, որոնք տանտերերի կողմից որևէ կերպ չեն կիրառվում, տնտեսական ակտիվություն է մտցնում համայնքներում։ Ավելին, հաճախ տանտերերն այդ գումարով կարողանում են իրականացնել իրենց որևէ վաղեմի երազանք, որը նախկինում ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով չէին կարողացել իրականացնել»,- պատմում է ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ և խորհրդատու Օվսաննա Եղոյանը։ 

Դեբետ գյուղում տուն, որը կտրամադրվի արցախցիներին վերանորոգումից հետո։


Դեբետ գյուղում տուն, որը կտրամադրվի արցախցիներին վերանորոգումից հետո։

Վերջերս երկու տուն ենք գնել Դսեղ և Դեբետ գյուղերում։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ վերանորոգում ենք դրանք համայնքաբնակ աշխատակիցների միջոցով։ Մի քանի ամիս, ու տները պատրաստ կլինեն ընդունելու իրենց նոր տերերին։ 

Բնակարաններ ձեռք բերելուն զուգահեռ՝ աշխատում ենք գյուղական համայնքների մեր գործընկերների հետ՝ գտնելով ու պատրաստելով տարածքներ մոդուլային տների կառուցման համար։ «Մոդուլային տների մշակույթը Հայաստանում թերևս զարգացած չէ, չկա տեղի փորձ և չկան անհրաժեշտ ռեսուրսներ, բայց աշխարհում այն համարվում է նյութական միջոցներ և ժամանակ խնայող կառուցապատման տարբերակ։ Չնայած առկա խոչընդոտներին՝ փորձում ենք հնարավոր լավագույն որակի նյութեր ձեռք բերել մեր ունեցած բոլոր այլընտրանքներից»,- նշում է Օվսաննա Եղոյանը։ 

Մինչ ապրիլ և մայիսի վերջ մեկ տասնյակից ավելի արցախյան ընտանիքներ կունենան իրենց կացարանը և կկարողանան օգտվել մոտակա ենթակառուցվածքային ռեսուրսներից։ Հուսով ենք՝ առաջնային խնդիրների լուծմամբ ընտանիքները կկարողանան մտածել այլ կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են աշխատանք գտնելն ու նոր միջավայրին առավել արդյունավետ հարմարվելը։ 

Շնորհակալ ենք մեր աջակիցներին այս կարևոր փուլում մեր շահառուների կողքին լինելու համար։ Ինչպես միշտ, յուրաքանչյուր նվիրատվության 100%-ն ուղղվում է մեր ծրագրերին՝ ներառյալ Արցախից տեղահանված երեխաների և նրանց ընտանիքների համար կացարանների ապահովումը։ Նվիրաբերիր այսօր։