Մեկ նվիրված մարդ փոխում է շատ երեխաների կյանքը

Հունվարի 12, 2019

Հեղինակ՝ Ծովակ Սողոմոնյան

2 րոպե կարդալու համար

Դալարիկում հնարավորություններն այդքան էլ շատ չեն, բայց հավակնոտ մի երիտասարդ մի օր հանդես եկավ համարձակ գաղափարով՝ ընդլայնել գյուղի երեխաների մտահորիզոնը։ Քսանվեցամյա Ջանիկ Տոնոյանը Դալարիկի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Իր նախաձեռնությամբ ՔՈԱՖ-ի սպորտի ակումբի անդամներին որոշեց սովորեցնել Հայաստանում չտարածված մի խաղ։ 

Դրանով փորձում էր նաև գենդերային հավասարությունը խրախուսել աշակերտների շրջանում, սովորեցնել նրանց համերաշխություն և իրավահավասարություն։ «Հանդբոլը տղաներին ու աղջիկներին ներառող հրաշալի խաղ է, օգնում է հասկանալ միմյանց ու սովորեցնում համախմբված խաղալ՝ լավագույն արդյունքի համար»։ 

Դալարիկի հանդբոլի թիմի ձևավորումից մեկ տարի անց Ջանիկը նկատում է նշանակալի փոփոխություններ թիմի անդամների վերաբերմունքի մեջ։ Աղջիկների հետաքրքրությունը սպորտի հանդեպ մեծացել է, տղաներն էլ պարտաճանաչ հաճախում են պարապմունքներին՝ փողոցում ժամանակը վատնելու փոխարեն։ Աշակերտներից շատերը ցանկություն են հայտնել զբաղվելու պրոֆեսիոնալ սպորտով։ 

Ջանիկը հպարտանում է իր սաներով, որ ինքնուրույն են կերտում իրենց անհատականությունը։ «Այն պահից, երբ այս երեխաներն սկսեցին ձեռքի գնդակ խաղալ, անմիջապես սկսեցին տարբերվել իրենց տարեկիցներից, դարձան ավելի իմաստուն, խելացի, հանդարտ ու ինքնավստահ։ Բառերով անհնար է նկարագրել իմ երջանկությունը, երբ տեսնում եմ նրանց դասի մտնելիս ու  ոգևորություն նկատում նրանց աչքերում»։ 

Ջանիկը նախատեսում է վերապատրաստել հարևան գյուղերի մարզիչներին ևս, որ մարզի բոլոր երեխաները կարողանան օգտվել այն նույն հնարավորությւոններից, որ տալիս է ձեռքի գնդակը։