ՔՈԱՖցիներն առաջին անգամ ձյուդոյի առաջնությունում են

Ապրիլի 28, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Մարզիկի համար առաջին անգամ մրցաշարի մասնակցելը նույնն է, ինչ ճամփորդի համար ինքնաթիռով առաջին թռիչքը։ Ամիսներ շարունակ պատրաստվում ես, հուզումնալից սպասում այդ օրվան ու վայրէջք կատարելիս հաճելի թեթևություն զգում։ 

Նման մի «ճամփորդություն» վերջերս ունեցան ՔՈԱՖ-ի` Արմավիրի և Արագածոտնի մարզերում իրականացվող Ձյուդո ծրագրի 6 մարզիկներ։ Պինդ բռնած ձյուդոյի իրենց նոր ստացած անձնագրերը՝ նրանք ապրիլի 16-ին ուղևորվեցին Երևան՝ առաջին անգամ մասնակցելու ՀՀ ձյուդոյի պատանիների առաջնությանը։ Անկախ նրանց ցուցաբերելիք արդյունքներից՝ ՔՈԱՖցիների մասնակցությունը մրցաշարին արդեն իսկ ձեռքբերում էր ծրագրի, մարզիչ Գասպար Հայրապետյանի և, իհարկե, երեխաների համար։

Ջիվան Խլղաթյանը, ով երկու խաղ անընդմեջ հաղթեց մրցաշարում, իր ապագան սպորտի հետ է կապում ու ուզում ըմբշամարտիկ դառնալ։ «Մարզիկներին, որոնք առաջին անգամ են մասնակցելու մրցաշարերի, խորհուրդ կտամ չհուզվել, քանի որ հուզմունքը միայն խանգարում է, շատ պատրաստվել ու պարտվելու դեպքում չհիասթավել, այլ փոխարենն ավելի շատ աշխատել»,- ասում է նա։ 

Մրցաշարը առանձնահատուկ էր նաև Արմավիրի Հացիկ գյուղում ծրագրի միակ աղջիկ մասնակից Սյուզաննա Բարսեղյանի համար։ Նա 4 տարի է, ինչ ձյուդոյով է զբաղվում ու գտնում է, որ մրցաշարում ուժերի վրա վստահ լինելու համար նախ պետք է հնարավորինս պատրաստված լինել։ Առաջնության ընթացքում Սյուզաննան հնարավորություն ունեցավ հանդիպելու աղջիկների, որոնք հանրապետության տարբեր ծայրերից են ու իր պես ձյուդոյով են զբաղվում։ 

2022-ի ձյուդոյի առաջնությունը մեր ուսանողներից շատերի համար հարմարավետության գոտուց դուրս կարևոր քայլ էր։ Ինչպես առաջնության մասնակիցներից Զոհրապ Նիկոլյանն է վստահեցնում․ «Շատ եմ ուզում նորից մասնակցել․ թերությունները կշտկեմ ու առաջին տեղը կգրավեմ»։ 

«Դոմո արիգատո»։ Մինչ հաջորդ առաջնություն։