Խաղաղության գույները սահմանամերձ Կոթիում

Ապրիլի 11, 2021

Հեղինակ՝ Նանե Վարդանյան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Կոթի․ Տավուշի մարզի գյուղերից է, որ գտնվում է կանաչ անտառների մեջ։ Թթվածնով հարուստ օդ, մաքուր սննդամթերք ու բնությանն ու կենդական աշխարհին մոտ գտվել, որ անհասանելի են քաղաքի մարդկանց կամ նրանք դրանց համար պետք է վճարեն, երբեմն՝ թանկ։

Բայց․․․ 

«Սահմանին շատ մոտ է գտնվում»․- հնչում է ասես դատավճիռ կամ կենսակերպ նկարագրող համառոտ ձևակերպում։  

Արդրբեջանի հետ մոտ 40կմ սահման ունեցող այս գյուղում կյանքն ու խնդիրները մի փոքր այլ են։ Գարուններն են նույնը: Կոթիի գարունը՝ խաղաղ ու շքեղ։ 

Գյուղացիները մեծից փոքր զբաղված են գարնանացանով։ Լոբի ու կարտոֆիլ են ցանում ու ծառերն էտում՝ մինչ իրենց այգիներում կծաղկեն հոնենին, սալորենին ու նշենին։ 

Խաղաղությամբ պարուրված, բայց թերևս ոչ ամենաանվտանգ Կոթին 2000-ից ավելի բնակչություն ունի։ Մարդիկ ասում են՝ արտագաղթը շատ է եղել, բայց բնակչությունը, միևնույն է, մեծ է։ 

2016թ․-ից ի վեր, ինչ այստեղ կառուցվեց մեր ՍՄԱՐԹ սենյակը, այն նորություն ու թարմություն հաղորդեց համայնքին. նորարական ծրագրեր երիտասարդների համար, տաք, ապահով և տեխնիկապես հարուստ միջավայր համայնքաբնակների համար ու հարուստ գրադարան ընթերցասերների համար։ 

Կոթին նաև գունավորվեց մեր ճամբարներից մեկի ընթացքում, երբ ՔՈԱՖցիներն ու մեր թիմակիցները որոշեցին նկարազարդել դպրոցի ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակի պատերը։ Արվեստի հայտնի գործերն այժմ նաև ապրում են Կոթիի ոչ սովորական պատերի վրա։ 

Այսօր իր գյուղի մասին մեզ պատմում է մեր շրջանավարտներից Էմմա Ամիրխանյանը, ով այն երիտասարդներից է, որ ՍՄԱՐԹ սենյակում հաճախել են ՔՈԱՖ-ի անգլերենի Աքսես ծրագրին։ «Գյուղում երիտասարդների համար միակ հետաքրքրությունը ՍՄԱՐԹ սենյակն է»,- կարծում է նա։ 

Կոթիում հիմնական աշխատատեղերն են դպրոցը, որ մոտ 200 աշակերտ ունի, համայնքապետարանը, մանկապարտեզը և բուժկետը, որ 2017-ին վերանորոգվել է ՔՈԱՖ-ի աջակիցների շնորհիվ։ 

Հայաստանում հատկապես վերջերս կյանքը գեղեցկացնում է խաղաղությունն ու միայն խաղաղությունը։ Սերունդները, որ սովոր են ապրել սահմանին հաճախ լսվող կրակոցների կողքին, արժանի են, որ իրենցից չխլեն այն խաղաղությունը, որ իրենց բնությունն է տվել։ 

*****

Տավուշի մարզում ՔՈԱՖ-ի 4 սահմանամերձ գյուղերի՝ Կոթիի, Այգեհովիտի, Վազաշենի ու Բերդավանի բնակիչներին կարող եք աջակցել՝ նվիրաբերելով այստեղ։