Խաչքար, Դալան, Մատենադարան…

Օգոստոսի 27, 2018

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

3 րոպե կարդալու համար

25-ամյա Լիլիթ Խաչատրյանը Արմավիրի մարզի Դալարիկ համայնքից է։ Արվեստաբան-լուսանկարիչ է, աշխատում է Հայաստանի պատմության թանգարանում, գրքեր է ձևավորում, թանգարանային նմուշներ լուսանկարում։ Մանկուց մասնակցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերին, խմբակներ է հաճախել։ Հաճույքով պատմում է, թե Հիմնադրամն իր կյանքի վրա ինչ ազդեցություն է թողել։

Ինչպես դարձա լուսանկարիչ

14-15 տարեկան էի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին ոչինչ չգիտեի։ Պարզապես իմացա, որ Դալարիկում լուսանկարչության խմբակ են բացում ու ամառային ճամբար կազմակերպում։ Սկզբում ճամբարին մասնակցեցի ու շատ հավանեցի։ Ձեռագործ աշխատանքներ էինք անում ու ցուցահանդես-վաճառք կազմակերպում։

Ճամբարից հետո շատ ոգևորված էի ու որոշեցի խմբակում ընդգրկվել։ Սիրտս զգում էր, որ դա ի՛մն է, որ հաջողության եմ հասնելու։ Ու այդպես էլ եղավ. խմբակի ղեկավար ընկեր Արմենը շատ բան սովորեցրեց ինձ։ Աստիճանաբար սկսեցի լուսանկարել ու գործերս ուղարկել տարբեր մրցույթների։ Լիտվայում մասնակցեցի «Երիտասարդ մարդը 21-րդ դարում» մրցույթին, լուսանկարս ընդգրկվեց 100 լավագույն լուսանկարների մեջ ու տպագրվեց կատալոգներում։ Հետագայում Հայաստանում էլ լուսանկարչական մրցույթի մասնակցեցի ու ստացա խոշոր դրամական պարգև, որի շնորհիվ կարողացա լուսանկարչական ապարատ գնել։

Շատ էի ոգևորվել հաջողություններովս, բայց ընկեր Արմենն ասում էր՝ ճուտս, դու «թամբալ» ես, բոլորը կգան ու քեզ կանցնեն թամբալությանդ պատճառով… Սակայն տարիներ անցան, ես հավատարիմ մնացի իմ զբաղմունքին։ Փորձում էի ավելի խորն ուսումնասիրել լուսանկարչական արվեստի փիլիսոփայությունն ու տեխնիկան։ Գծանկարչություն սովորեցի, ընդունվեցի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, արվեստաբան դարձա։ Զանգեցի ընկեր Արմենին ու ասացի՝ տեսա՞ք, որ «թամբալ» չեմ…

Երբ հուսահատվում եմ, գիտեմ, որ Հիմնադրամը կողքիս է

Ակադեմիայում սովորելու ընթացքում Հիմնադրամի լուսանկարչական խմբակը չէի մոռանում, հաճախ էի գյուղ գնում, որ պարապմունքներին մասնակցեմ… Հոգուս խորքում գիտակցում էի, որ հենց Հիմնադրամն է ինձ համար ճանապարհ հարթել… Եթե Հիմնադրամի աշխատակիցները, խմբակավարները չլինեին, այս ամենն էլ չէր լինի, ու ես հաջողության չէի հասնի։

Գյուղական ընտանիքները չափազանց շատ կենցաղային խնդիրներ են ունենում, ընտանիք են պահում, օրվա հացի մասին են մտածում ու հաճախ չեն հասցնում երեխաների տաղանդները բացահայտել։ Հիմնադրամն այդ բացը լրացնում է։

Հիմնադրամի միջոցով ծանոթացա հայտնի կանադահայ լուսանկարիչ  Հրայր Բազեի հետ, որը մի քանի անգամ հյուր էր եկել լուսանկարչական խմբակի պարապմունքներին։ Շատ եմ զրուցել նրա հետ, հետո էլ ընկերացանք, ու նա ինձ բազմաթիվ գործնական խորհուրդներ տվեց լուսանկարչության վերաբերյալ։ Կարելի է ասել, որ նա իմ մեջ նոր շնորհքներ ու «հունարներ» է բացահայտել…

Հիմնադրամը, ինչ-որ առումով, աչքերս բացել է։ Մինչ Հիմնադրամի հետ առնչվելը նույնիսկ Դալարիկից դուրս չէի եկել, Երևանում չէի եղել։

Հիմնադրամի շնորհիվ շատերս հասկացանք, որ մենք զուտ «գյուղական բնակչություն» չենք, որ մենք ունենք տաղանդներ, որոնք կարող են նաև մեր համայնքի սահմաններից դուրս գնահատվել։ Բնավորությանս «քնած» գծերը բացահայտվեցին, ինքնագնահատականս բարձրացավ…

Հիմնադրամի շնորհիվ հասկացանք, որ մենք էլ բազմաթիվ հնարավորություններ ունենք։ Զգացինք, որ բոլորս էլ յուրահատուկ ենք… Նախկինում թերահավատ էի ուժերիս նկամամբ, հիմա դա այլևս այդպես չէ։ Նույնիսկ երբ հուսահատվում եմ, գիտեմ, որ Հիմնադրամը կողքիս է։

Ոգեշնչմանս աղբյուրները

Իհարկե, ընկեր Արմենն ինձ շատ է ոգևորել, աջակցել, խորհուրդներ տվել։ Բայց ինձ համար ոգեշնչման աղբյուր է եղել նաև մայրս։ Նա կյանքում շատ է տանջվել, չարչարվել… Ամեն ինչ արել է, որ ես կայանամ, չվախենամ ապրելուց, կարողանամ հարցերս ինքնուրույն լուծել։

Մայրս գրեթե ոչ մի արգելք չի դրել իմ առջև, ամեն ինչում ազատ է թողել, վստահել է ինձ։ Միշտ հետևել է, որ խոսքս գռեհիկ չլինի, փողոցային չլինի, որ կոկիկ լինեմ։ Ձեռքից եկածն արել է, որ ես ու եղբայրս բարեկեցիկ կյանք ունենանք։ Դա ինձ ուժ է տվել, որ առաջ գնամ, հաջողությունների հասնեմ։ Օրինակ, այս տարի «Դալան» պատկերասրահ-սրճարանում անհատական ցուցահանդես ունեցա, լուսանկարներիս մի մասն էլ Մատենադարանի շենքում է ցուցադրվում։ Համագործակցում եմ Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու հետ, լուսանկարում եմ եկեղեցուն պատկանող թանգարանային իրերը։

Ու իհարկե, լուսանկարիչ Հրայր Բազեն է ինձ ոգեշնչել, նրա շնորհիվ եմ ըմբռնել լուսանկարչական արվեստը։ Մասնակցել եմ նրա «Խաչքար» գրքի ստեղծման աշխատանքներին։ Միշտ մտածել եմ, որ, եթե Հիմնադրամի շնորհիվ նրա հետ չծանոթանայի, կյանքս երբեք այսպիսին չէր լինի…

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը