3 օգտակար բան, որ Լիլիթն արել է կարանտինի ընթացքում

Ապրիլի 30, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Կախված միջավայրից՝ հոբբիները տարբեր են։ Գյուղական համայնքներում ապրող պատանիները բնությանը մոտ լինելու ու դրա փիլիսոփայությունն ընկալելու առավելությունն ունեն։ Ի դեպ, բույսերի սերմեր ցանելն ու դրանց աճին հետևելը 15-ամյա Լիլիթ Մովսիսյանի սիրելի զբաղմունքներից է։ Լուռու մարզի Թումանյան համայնքից է և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Կառավորում ծրագրի ուսանող։ Կիտրոնի ու մանդարինի սերմերն արդեն ծիլ են տվել։ Փորձեց կիվի էլ աճեցնել, բայց ինչ-ինչ պատճառներով՝ չստացվեց։ Դե ոչինչ։

Բոլորի պես, Լիլիթն էլ տանն է մնում, մասնակցում է դպրոցի ու ՍՄԱՐԹ-ի՝ կառավարման առցանց դասերին։ Այդուհանդերձ, մեկուսացումն իրեն բոլորովին չի անհանգստացնում, քանի որ ժամանակն օգտագործում է իր հմտությունների զարգացման ու նոր կարողությունների ձեռքբերման վրա։  Եկեք տեսնենք, թե ինչով է տարված Լիլիթն այս օրերին։

Լուսանկարչություն

Յասամանի թփերն այգիները լցրել են գույնով ու բույրով։ Գարուն է, բնության զարթոնք։ Դա ոչ միայն բարձրացնում է Լիլիթի աշխատունակությունը, այլև ներշնչում նրան վերցնելու ֆոտոխցիկն ու դրվագելու իրեն շրջապատով գեղեցկությունը։ Տարբեր անկյուններից ու դիրքերից է փորձարկում լուսանկարվող առարկան և շրջապատը։

Լուսանկարը Լիլիթ Մովսիսյանի

Մարզումներ տանը

Լիլիթը հրաշալի ձև է գտել մարզվելու՝ տանը մնալով։ Ինքնամեկուսացման ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինելու համար նա օրը փոքր-ինչ շուտ է սկսում, ռիթմիկ երաժշտություն է միացնում ու սկսում լիցքային վարժություններ անել։ Անցյալ աշուն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի պարի ծրագրին էր մասնակցում ու հիմա էլ հիշում է ծրագրավար Մարիա Հակոբյանի սովորեցրած ամեն շարժումը։ «Ամեն օր անպայման պարում եմ՝ կրկնելով պարի դասերի քայլերը»,- խոստովանում է Լիլիթը։ Հրաշալի օրինակ է, թե ինչպես է ֆիզիկական կրթությունն առողջ ապրելակերպի հիմք դառնում։

Լիլիթը (առջևում) ՍՄԱՐԹ-ի Պարի ծրագրի ընթացքում

Ֆիլմեր ու ընթերցանություն և էլի ընթերցանություն 

Ու վերջապես, շատ է սիրում գիրք կարդալ ու ֆիլմեր դիտել հատկապես կարանտինի ընթացում։ Այս պահին մեր ընթերցասերը Շիրվանզադեի «Քաոսն» է կարդում, բայց հետևում է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայերեն թարգմանած նոր ֆիլմերին ու մուլտֆիլմերին։

Դեռևս տասնմեկամյա Լիլիթը ՔՈԱՖ-ի նախաձեռնած դպրոցական մրցաշարի ժամանակ (2016)

Քրոջ ու եղբոր՝ Սեդայի ու Սուրենի հետ միասին ՍՄԱՐԹ-ի ապագա քաղաքացին դեռ վաղ մանկությունից ակտիվորեն ներգրավված է եղել բազմաթիվ ծրագրերի մեջ։ «Տեխնոլոգիայի դարաշրջանում մարդիկ հեռացել են իրարից, ավելի քիչ են շփվում։ Երբ էս ամենն ավարտվի, կարծում եմ՝ մարդիկ ավելի շատ կձգտեն շփվել միմյանց հետ»,- ասում է  Լիլիթը, ով վստահաբար գնահատել գիտի անգամ փոքրիկ բաները։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր