Փրկենք աշխարհը մշակույթի միջոցով

Դեկտեմբերի 13, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը․․․» ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ռուսերենի ծրագրի ուսանողներից շատերին ծանոթ են Դոստոևսկու հայտնի խոսքերը։ Սակայն այդ տողը փոքր-ինչ վերաձևակերպվեց հերթական ՍՄԱՐԹամեջի ընթացքում, որի հյուրն այս անգամ ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանն էր։

Բալասանյանն ինտերակտիվ բաց դաս անցկացրեց ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիների համար՝ նպատակ ունենալով գեղագիտական վերաբերմունք ձևավորել իրականության հանդեպ ու օգնել նրանց հասկանալ մշակույթի դերն ու նշանակությունը։

«Մշակու՛յթը կփրկի աշխարհը»,- դասի ընթացքում նշեց տիկին Բալասանյանը։- «Մշակույթն է միավորում մարդկանց»։ Բալասանյանը խոսեց հայ և ռուս ժողովուրդների մշակութային երկխոսության մասին՝ հիշատակելով Պուշկինի ստեղծագործությունների թումանյանական հրաշալի թարգմանությունները, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Վասիլի Երանելու տաճարի համալիրի մասն է կազմում։

«Դուք պետք է կարողանաք հայ ժողովրդի պատմությունը ներկայացնել աշխարհին»,- ասաց տիկին Բալասանյանը։- «Այդ առարկան կարելի է օտար լեզուներով էլ սովորեցնել, որպեսզի այլ ազգերի համար հասանելի դարձնենք»։

Այս անգամ միջոցառումը նաև Վանաձորից, Ֆիոլետովոյից, Լերմոնտովոյից ու Ալավերդուց ժամանած դպրոցականների համար էր։ Նրանցից շատերը խոստովանեցին, որ նկարիչների, գրողների ու ճարտարապետական հուշարձանների մասին այնքան շատ տեղեկատվություն են ստացել, որ ժամանակ է պետք այդ ամենը մարսելու համար։

«Օրինակ, ես չգիտեի, որ Ջուզեպպե Վերդին Միլանում թոշակառու և անապահով երաժիշտների համար տուն է կառուցել՝ համարելով, որ դա իր «ամենալավ ստեղծագործություններից է»,- ասաց երեխաներից մեկը։

Ինտերակտիվ դասն ավարտվեց ալավերդցի երիտասարդ երաժիշտ էդգարի կիթառային կատարմամբ։ Նա Եսենինի բանաստեղծություններից մեկի վրա հիմնված երգ նվագեց։

«Այսպիսի միջոցառումները մեծապես կնպաստեն երեխաների լեզվական ունակությունների զարգացմանը։ Նրանք նաև ավելի լավ կճանաչեն համաշխարհային մշակույթը»,- ասաց ուսանողներից մեկի մայրիկը։