Նորոգված տանիքի մասին դեռ երկար են հիշելու

Հունիսի 17, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Դպրոցն ավարտելն ու կյանքի այդ էջը շրջելը միշտ էլ հուզումնառատ է։ Այս տարի շատ ուսանողների ավարտական արարողությունները չեղարկվել են մի շարք երկրներում, նաև՝ Հայաստանում։ Ինչևէ, Լյուդմիլա Շիրվանյանի հրաժեշտը հարազատ դպրոցին եզակի իրադարձություն էր։ Նա մի այնպիսի նվեր մատուցեց իր դպրոցին, որ դեռ սերունդներ են խոսելու այդ մասին։

17-ամյա Լյուդմիլան ՔՈԱՖ-ի շահառու է ու Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի շրջանավարտ։ Անցյալ տարի չէր էլ պատկերացնի, որ իր ֆեյսբուքյան մի գրառումը այդքան տարածում կգտնի ու կդառնա դպրոցի պատմության մի մասը։ Պարզվում է՝ սա ապագա լրագրողի առաջին սոցիալական փոփոխությունն է իր իսկ համայնքում։ 

Լյուդմիլան լուսանկարել է իր դպրոցի միջանցքը, գրադարանն ու դասասենյակը՝ ցույց տալով տանիքից ներս հոսող անձրևաջրերը։ Սա մշտապես անտեսված խնդիր էր Մեծ Այրումի դպրոցում, որը, սակայն, էականորեն վնասում էր աշակերտներին՝ զրկելով կրթօջախում անհրաժեշտ հարմարավետությունից և հիգիենայի պահպանման հնարավորությունից։

Լյուդմիլայի հրապարակած նկարներից մեկը․ երեխաները թղթե նավակներ են պատրաստել իրենց դասասենյակում անձրևաջրի «ծովի» մեջ լողալու համար։

«Նկարը տեղադրեցի ֆեյսբուքում՝ կարծելով, որ մեր նախորդ շրջանավարտները կտեսնեն դպրոցի վիճակը։ Անակնկալի եկա, երբ օրեր անց տեսա, որ ավելի քան 80 հոգի տարածել է նկարները։ Հրապարակման մասին լուրերը հասել էին Լոռու մարզպետարան, դպրոցի վիճակը հանրության քննարկման նյութ էր»,- պատմում է Լյուդմիլան, ում նախաձեռնությունը փաստացիորեն լուծել է դպրոցի հին տանիքի խնդիրը։ Լոռու մարզպետարանը ֆինանսավորել է տանիքի նորոգումը․ աշակերտներն այսուհետ իրենց դասասենյակներում անձրևաջրեր չեն տեսնի։

Լյուդմիլայի խիզախ քայլն անսովոր էր տեղացիներից շատերի համար, ովքեր դեռ պատրաստ չեն հանրայնորեն խոսելու խնդիրների մասին։ Թեև սկզբում ոչ բոլորն էին ողջունում դպրոցի խնդիրներն ի ցույց դնելու իր քայլը՝ համարելով դա ֆինանսական խնդիր, այնուամենայնիվ, նրանք տեսան, թե ինչ մեծ նշանակություն կարող է ունենալ հարցերի մասին բարձրաձայնելը։ «Բարև, մեր հերո՛ս»,- այսպես են սկսել ողջունել Լյուդմիլային իր դպրոցում։  

Ու թեև ինքը նորոգված տանիքով դպրոցում այլևս չի սովորելու, բայց ուրախ է, որ համադպրոցական իր ընկերները այդ հնարավորությունը կունենան։ «ՔՈԱՖ-ի հիմնանորոգած ճաշարանը դպրոցի ամենապայծառ ու տրամադրող անկյուններից է»,- նշում է Լյուդմիլան՝ հույս հայտնելով, որ դպրոցում նման բարեկարգված հատվածներ ավելի շատ կլինեն։ 

Մեծ Այրումի դպրոցում 1-ից 4-րդ դասարան աշակերտները ՔՈԱՖ-ի կողմից վերանորոգված ճաշարանում ամեն օր անվճար բալանսավորված սնունդ են ստանում։

Մեդիայի ոլորտով խանդավառ Լյուդմիլան ուզում է բարձրագույն կրթություն ստանալ ժուռնալիստի մասնագիտությամբ։ Մեդիա գրագիտությունը մեկն է ՔՈԱՖ-ի արտադասարանային այն ծրագրերից, որոնց մասնակցել է նա, իսկ դրանք բազմազան էին՝ Աֆլաթուն, նկարչություն, առողջ ապրելակերպ, աշակերտական խորհուրդ։ 

«Մեդիան կարող է փոխել աշխարհը»,- վստահ է պայծառամիտ երիտասարդը, ում առաջին թեմատիկ վերլուծությունը վերաբերում է մեդիայի դերին 2018 թ․ Հայաստանի թավշյա հեղափոխության օրերին։ Նա կարծում է, որ հենց հաղորդակցական այս հարթակների շնորհիվ է, որ հեղափոխությունն այդքան թափ առավ ու ծավալվեց՝ միավորելով հազարավոր քաղաքացիների։

Լյուդմիլան (ձախից) ՔՈԱՖ-ի Աշակերտական խորհրդի հավաքներից մեկի ժամանակ։

Մենք հիանում ու ներշնչվում ենք մեր խոստումնալից ուսանողների նորարարական ոգով, ովքեր սրտացավ են իրենց համայնքի հանդեպ ու արդեն պատանի տարիքում փորձում են օգտակար լինել նրա համար։ Վստահ ենք, որ Հայաստանի գյուղերի ապագան ապահով ձեռքերում է։