Արվեստն ու ապագա իրավաբան-հոգեբանը

Հունվարի 27, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Բարև։ Այսօր կծանոթանաք ՍՄԱՐԹ-ի Կառավարում ծրագրի ուսանող 13-ամյա Մանուշակ Մնացականյանի հետ։
Մանուշակը Լոռու մարզի պատմական Օձուն գյուղից է։ Նա ՍՄԱՐԹ սկսել է հաճախել 2019 սեպտեմբերից։ «Մինչև ՍՄԱՐԹ հաճախելը, շատ էի լսել ՍՄԱՐԹ-ի մասին»,- պատմում է Մանուշակը։

ՍՄԱՐԹը Մանուշակի կյանքում նշանակալից փոփոխություն է եղել։ «Սկզբում ուզում էի անգլերեն սովորել, բայց ի վերջո Մենեջմենթ սովորեցի»․- ասում է Մանուշակը,- «մայրիկս անգլերենի մասնագետ է․ ի վերջո անգլերեն հետո էլ կսովորեմ»։ Կառավարման ծրագրի շրջանակներում նա և իր ընկերները ուսումնասիրում են առարկաներ մոտիվացիայի, ժամանակի և աշխատակազմի կառավարման, բանավեճերի և որոշումների կայացման գործընթացի մասին։

Չնայած իր հանդարտ բնավորությանը՝ Մանուշակն ակտիվորեն մասնակցում է բանավեճերին և ծրագրային քննարկումներին։ «Կառավարման լավ հմտությունները կարևոր են կյանքի տարբեր իրավիճակներում, ու այն գիտելիքները որ ձեռք ենք բերում շատ պիտանի են առօրյայում»,- նշում է Մանուշակը։

Արվեստն ու գրականությունը Մանուշակից անբաժան են։ Նրա ազատ ժամանակը հարստացնում են գրքերը, երաժաշտություն լսելն ու դաշնամուր նվագելը։ Կարդալու մեծ սիրահարը գեղարվեստական գրականություն է սիրում։ Իր սիրելի գիրքը Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետ»-ն է, սիրելի ստեղծագործությունը՝ Բեթհովենի «Լուսնի սոնատ»-ն ու «Ֆյուր Էլիզե»-ն, որը կարողանում է նաև նվագել։

Կարծում եք Մանուշակի արվեստի հմտություններն այսքա՞նն էին։ Ո՛չ․ «Նաև 4 տարեկանից հաճախել եմ հայկական, այնուհետև լատինոամերիկյան պարերի»,- համեստորեն ավելացում է Մանուշակը։

Չափազանց հասուն իր տարիքի համար՝ Մանուշակն արդեն հստահ պատկերացում ունի իր ապագա մասնագիտության և կյանքի հետաքրքրությունների մասին։ «Երբ մեծանամ, ուզում եմ իրավաբան-հոգեբան դառնալ, միաժամանակ երկու մասնագիտություն ձեռք բերել»,- բացատրում է նա։

Գեղեցիկ բազմազանություն է, չէ՞։ Մի՛ անհանգստացեք, Մանուշակն արդեն ունի կառավարման ճիշտ հմտություններ՝ իր սիրելի բազմազանությունը հավասարակշռելու համար։