ՔՈԱՖ-ցիներն ու հաղորդավարական հմտությունները

Հունիսի 24, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Տիգրան Մելքոնյանի

2 րոպե կարդալու համար

Վաղ գարունից մենք մի քանի առիթ ենք ունեցել թվային հարթակում հավաքվելու մեր ուսանողների, շահառուների և օնլայն համայնքի հետ։

Մեր վիրտուալ միջոցառումներից են՝

  • ինստագրամյան INSTALIVE ուղիղ եթերաշարը (հայտնի և հաջողակ մարդկանց հետ զրույց),
  • ՍՄԱՐԹամեջի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումները (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեր ամենամսյա հանդիպումների առցանց տարբերակը),
  • վիրտուալ տուր Ռուսական արվեստի թանգարանում։

Թեև յուրաքանչյուրն իր էլեկտրոնային սարքի էկրանի առջև է, նման հանդիպումները մտերմիկ են, հնարավորություն են տալիս երկկողմանի շփման և հետաքրքիր պահերը հետագայում կրկին դիտելու։ Դրանք նաև Հայաստանի 64 գյուղական համայնքների դպրոցականներին թույլ են տալիս նոր բաներ սովորել ինտերակտիվ ու ժամանացային մեթոդներով։

Հունիսի 23-ին ՍՄԱՐԹամեջի մեր հերթական հյուրը լրագրող և հաղորդավար Մհեր Խաչատրյանն էր, ով հատկապես հայտնի է իր սթենդ-ափ ելույթներով և ԱրմՔոմեդի հեռուստաշոուին իր մասնակցությամբ։

Մասնագիտությամբ իրանագետ Մհերի համար հեռուստատեսությունում աշխատելն ու սիթքոմում նկարահանվելն սկզբում անսովոր էր։ Բովանդակային որակն իր համար հիմնարար սկզբունք է, ուստի և նա շատ բծախնդիր է նախագծերում մասնակցության հարցում։

Մհերն ընդգծեց, որ կոմեդիայի ժանրը շատ լայն է ու բազմազան, այնուհանդերձ, Հայաստանում երգիծական նախագծերի մեծ մասն առաջարկում է միայն քաղաքական հումոր։ Այնինչ հումորային հաղորդումների նպատակը պետք է լինի թեթևացնել մարդկանց տրամադրությունը սթրեսային օրվա ավարտին՝ մատուցելով այլընտրանքային թեմաներ և մի քանի րոպե ծիծաղ պարգևելով։

Մհերը նաև քննադատական մտքի կարևորությանն անդրադարձավ․ «Փորձեք ձեզ շրջապատել մարդկանցով, ովքեր ձեզ լավն են ցանկանում, սակայն, անհրաժեշտ պահին պատրաստ են առողջ քննադատությամբ մղելու ձեզ ու ձեր գործը կատարելության»,- նշեց լրագրողը, ում առաջին քննադատները հենց իր ընտանիքի անդամներն են։

1,5 ժամ տևած օնլայն հանդիպման ընթացքում մեր ուսանողներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստացան։ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի մասնակից Ժակ Սրապյանն ասում է․ «Համավարակի օրերին նման հանդիպումները մեզ համար դրական փորձառություն են ապահովում։ COVID-19-ի մասին սթրեսային լուրերի անդադար հոսքի մեջ պարզապես հրաշալի է հաղորդակցվել Մհեր Խաչատրյանի պես անհատականությունների հետ և անկեղծ, մտերմիկ զրույց ունենալ»։