«Ժգուտ» դնելու հմտությունն օգնեց կյանք փրկել

Օգոստոսի 23, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

2 րոպե կարդալու համար

Լեռնագոգցի Ներսես Խաչատրյանը բանակից վերադարձավ երկու տարի առաջ և կիսատ թողած ուսումը շարունակեց Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Նա հաճախ է հիշում զինվորական ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները։ Դեպքերից մեկն առանձնահատուկ է․ Ներսեսը կարողացել է կյանք փրկել․․․

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես դպրոցական տարիներին սկսեցի մասնակցել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ առողջ ապրելակերպի խմբակի պարապմունքներին»,- ասում է Ներսեսը, ով այժմ ՔՈԱՖ-ում զբաղվում է գնումներով և կազմակերպչական հարցերով։- «Միանշանակ կարող եմ  ասել, որ խմբակում ստացած գիտելիքներս ու հմտություններս կյանքում ինձ շատ են  օգնել»։

Սակայն Ներսեսը չէր էլ մտածել, որ զինվորական ծառայության ընթացքում այդ գիտելիքները պետք կգան։

«Ինձ զորակոչեցին 2015թ․։  Ճիշտն ասած, մինչև գնալս այլ պատկերացումներ ունեի բանակի մասին։ Ե՛ւ դրական, և՛ բացասական «առասպելներ» էի լսել»,- ասում է Ներսեսը։- «Իհարկե, շատ արագ հասկացա, որ ակնկալիքներս իրականության հետ քիչ առնչություն ունեն։ Հենց առաջին օրը հաճելիորեն զարմացա զորամասի պատասխանատուների վերաբերմունքից։ Շատ հոգատար էին ու ասում էին, որ ցանկացած հարցով կարող եմ իրենց դիմել։ Ինձ համար միայն առաջին ամիսն էր դժվար, հետո արդեն ամեն ինչ դուր էր գալիս, նույնիսկ՝ մարտական հերթապահությունները, խրամատները… Գուցե իմ տեսակն է այդպիսին. շուտ եմ հարմարվում»։

Ներսեսը բանակում սանհրահանգիչ էր։ Ընդհանրապես, շատ հազվադեպ է պատահում, որ բժշկական կրթություն չունեցողը սանհրահանգիչ դառնա, սակայն հարցազրույցի ժամանակ Ներսեսը լավ տպավորություն էր թողել՝ պատմելով, թե ինչպես են կանգնեցնում արյունահոսությունը։ Գիտելիքներն այնպես էր ներկայացրել, որ հարցազրուցավար բժիշկը կարծել էր, թե բժշկական համալսարանի ուսանող է…

«Կարող եմ հստակ ասել, որ ՔՈԱՖ-ի առողջ ապրելակերպի խմբակի շնորհիվ անցա «քննությունն» ու դարձա սանհրահանգիչ»,- ասում է Ներսեսը։- «Բացի այդ, քույրս բժշկական համալսարանում է սովորում, և ես ազատ ժամանակ դեղագիտությանն առնչվող դասագրքեր էի վերցնում նրանից ու կարդում… Շուտով արդեն համարվում էի զորամասի լավագույն սանհրահանգիչներից մեկը ու հաճախ կիրառում էի ստացածս գիտելիքները։ Սակայն մտքովս չէր անցնում, որ սովորածս հմտությունները շատ ավելի պատասխանատու իրավիճակում ստիպված կլինեմ կիրառել․․․»

Ներսեսի զինվորական ծառայության երկրորդ տարին էր ընթանում, երբ վաշտի զինվորներից մեկը մարտական հերթապահության ժամանակ հրազենային վնասվածք ստացավ։ «Տղայի ոտքն էր վնասվել, ուժեղ արնահոսություն էր սկսվել, և անհրաժեշտ էր շտապ բուժօգնություն ցուցաբերել»,- մտաբերում է Ներսեսը։- «Ես կրկին հիշեցի առողջ ապրելակերպի խմբակում սովորածս ու արագ բժշկական լարան («ժգուտ») դրեցի նրա ոտքին։ Օրեր անց այդ տղան ասաց, որ իմ «ժգուտը» փրկել է իր կյանքը…»

Ներսեսը պնդում է, որ բանակային սանհրահանգչի աշխատանքն իր համար կարևոր և ուսուցողական է եղել։ «Ուրախ եմ, որ կարողացել եմ ընկերներիս օգնել»,- ասում է նա։- Եւ, իհարկե, գիտակցում եմ, որ այդ ամենն անհնար կլիներ առանց ՔՈԱՖ-ի առողջ ապրելակերպի ակումբի»։