Վարդագույն քաղաքից մինչև քաղաք, որ երբեք չի քնում

Մարտի 27, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

3 րոպե կարդալու համար

Աշխատանքային օրը Հայաստանում ավարտվում է, բայց ՔՈԱՖ-ի շրջափուլն անվերջ է։ Երևանից 8000 կմ հեռու գտնվող Նյու Յորքի հենց սրտում՝ 5-րդ պողոտայի (Fifth Avenue) հռչակավոր Ֆլեթայրոն շենքի հարևանությամբ, մեր երկրորդ գրասենյակն է։

Սա մեր մյուս տունն է, որտեղ ՔՈԱՖ-ի թիմը շարունակում է պտտել անիվն ու առաջ գնալ։ ՔՈԱՖ-ի ընտանիքն ազգություն չունի, և այստեղ էլ մեր աշխատակիցներից երկուսը հայ չեն։

Էլեոնոր Ռոբը մեր գործառնությունների ու զարգացման ղեկավարն է, մեզ է միացել 2018թ․։ Ու թեև ընդամենը մի քանի տարի առաջ շատ բան չգիտեր Հայաստանի մասին, այժմ ՔՈԱՖ-ի դեսպանն է, ում աշխատանքը Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը նպաստելն է։ Էլեոնորի տանը Հայաստանի շունչ կա․ երկու գորգ ունի Վերնիսաժից, որ անսահման շատ է սիրում։ Նույնիսկ գիտի հայերեն ամենակարևոր բառերը՝ «բարև, այո, ոչ»։

Էլեոնորը Երևանի Կասկադում

«Հստակ հիշում եմ՝ երբ առաջին լսեցի Հայաստանի մասին․ ավագ դպրոցում էր։ Սփյուռքահայ դասընկերս դպրոցում մի շատ յուրօրինակ արվեստի գործ էր պատրաստել՝ մեզ ներկայացնելով Հայաստանը»,- հիշում է Էլեոնորը։ Երբ սկսեց աշխատել ՔՈԱՖ-ում, Թավշա հեղափոխության օրերն էին, ու նա միանգամից ընկղմվեց փոփոխությունների հորձանուտի մեջ՝ ոգևորված մարդկանց միասնականությամբ ու հաջողություններով։ Դա մեկ այլ ծանոթություն էր Հայաստանի հետ։

Պարզորոշ հիշում է, երբ առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, մեր հին ու բարի աշխատակից Ռազմիկը, ինչպես Էլոնորն է իրեն կոչում՝ ընկերս, Զվարթնոցում դիմավորեց իրեն։ «Տնից այսքան հեռու դեռ երբեք չէի եղել,- խոստովանում է նա ծիծաղելով,- հայերեն մի բառ անգամ չգիտեի։ Բայց բոլորն այնքան լավն էին, պատրաստակամ, անպայման ուզում էին ճանաչել ինձ»։

Կատակում է, որ Նյու Յորքի գրասենյակը էլի Հայաստանի գրասենյակն է, երբ վերջիններս Երևանում քնած են։ Ըստ իրեն՝ սա հավերժական շարժիչ է, որտեղ կարևորը ժամանակը մեր նպատակներին ծառայեցնելն է։ «Ես զգում եմ Հայաստանի թիմի հետ ամուր կապը, կապված եմ նաև իրենց առաքելությանն ու աշխատանքին»։ Էլեոնորի 85-ամյա պապիկը ՔՈԱՖ-ի դոնորներից է, հովանավորում է շահառու գյուղերից մի երեխայի ու ամեն անգամ հարցնում է թոռնիկին․ «Բա ե՞րբ ենք Հայաստան գնում»։

Իր երկրորդ այցի ժամանակ Էլեոնորը զբոսավար դարձավ Թեսսա Սայդենսփիների՝ ՔՈԱՖ-ի Զարգացման գծով օգնականի ու Նյու Յորքի մեր գրասենյակի մյուս ոչ հայ աշխատակցի համար։ Մինչ ՔՈԱՖ-ին միանալը Թեսսան Հայաստանի մասին մի քանի կարևոր բան գիտեր․ այո՜, որ Քարդաշյանները հայ են, ու մեկ էլ Հայոց ցեղասպանության մասին։

Թեսսան ու իր շունը՝ Մողեսը, ինչպես ինքն է ասում հայերենով

«Ի՜նչ հրաշագեղ լեռնային երկիր է։ Փորձում էի ակնկալիքներ չունենալ, երբ գալիս էի։ Թեև աշխարհի մյուս ծայրին է, ինձ այնքան հարազատ թվաց»,- նկարագում է Թեսսան։ Գալով Նյու Յորքից՝ նա տպավորված էր Երևանից դուրս ընդարձակ տարածքներով, հատկապես այն լուռ ու խաղաղ տեղանքով, որտեղ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն է։ </p><p>«Սնունդն անմահական է»,- ասում է Թեսսան։ Հայկական խոհանոցը համարում է «ցածր գնով ամենահամով ուտելիքը, մանավանդ, որ դա պատրաստող ու մատուցող մարդիկ դա անում են ամենայն սիրով ու հոգատարությամբ»։ Շատ սիրելով բանջարեղեն՝ նա սիրով վայելում էր ամեն առավոտ նախաճաշին թթու դրած բանջարեղեն համտեսելը։ «Անհավանական է, թե որքան մատչելի է սնունդը։ Հայաստանում 5 դոլարով ամենաթարմ ուտելիքն ես գնում, չլսված բան է։ Նյու Յորքում մի 18 դոլար պիտի ծախսես՝ արդյունքում ճաշակելով սառեցված կամ պահածոյացված բանջարեղեն»,- համեմատում է Թեսսան։

Թեսսան Երևանի Կասկադում

Այսօր, երբ բոլորը գովերգում են գերժամանակակից տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մեզ հեռավար աշխատել, ՔՈԱՖ-ն իր նյույորքյան գործընկերների հետ տարիներ շարունակ աշխատում է օվկիանոսի այս կողմից։ «Իհարկե, դժվար կլիներ, եթե համապատասխան համակարգչային գործիքները չունենայինք»,- ավելացնում է Թեսսան՝ կարծելով, որ երկու քաղաքներում հերթափոխով աշխատելը շատ ավելի արդյունավետ է։ ՔՈԱՖ-ը հյուրընկալ օջախ է, որը նաև անընդհատ մարտահրավերներ է նետում ու ստիպում նորովի մտածել ու գործել։

Ու մինչ աշխարհը փորձում է գլուխ հանել՝ ինչպես հեռավար աշխատի, Երևան- Նյու Յորք մեր արդյունավետ ու սահուն աշխատանքը Հայաստանի երիտասարդների բարեկեցիկ ապագայի սերմերն է ցանում։