Մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը

Հուլիսի 17, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Հեղափոխությունները ՍՄԱՐԹ լինո՞ւմ են․․․21-րդ դարում հավանաբար այո։

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից Վահե Մկրտչյանին շատ հետաքրքրում էր, թե ինչպես, ինչ տեխնոլոգիաներ կիրառելով կլիներ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, եթե, օրինակ, այն տեղի ունենար ոչ թե 21-րդ դարում, այլ նախորդ դարերից մեկում, երբ չկային այն տեղեկատվական տեխնոլոգիաները, որ կան այսօր։

Իսկ Վահեի բարձրացրած հարցի պատասխանը տվեց հենց ինքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով գիտնական-արվեստաբան Վարդան Ազատյանին և նշելով, որ հեղափոխությանն առաջինն արձագանքեցին երեխաները․ հենց երեխաների մասնակցությամբ այն դարձավ անշրջելի։

ՍՄԱՐԹ հեղափոխության շուրջ այս շփումն ու հարց-պատախանը ծավալվում էր հուլիսի 13-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում՝ հերթական ՍՄԱՐԹամեջում, որտեղ խոսնակն այս անգամ Նիկոլ Փաշինյանն էր։

Նախքան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ամֆիթատրոնում հյուրերի ու ՔՈԱՖ-ի շահառուների հետ հանդիպելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն արդեն շրջայց էին կատարել կենտրոնով մեկ ու ծանոթացել կենտրոնի գործունեությանը, ընձեռած հնարավորություններին։

Զարգացման շարժիչ ուժը մարդիկ են։ Պատահական չէ, որ 15 տարի շարունակ ՔՈԱՖ-ն աշխատում է հենց գյուղական համայնքների մարդկանց հետ ու մարդկանց համար։ Զարգացման տրամաբանությունն այլընտրանք չունի, մարդկանց պետք է օգնել գործել, ոչ թե պարզապես օգնել։ Անձը քաղաքացի դառնում է այն ժամանակ, երբ գիտակցում է, որ երկրի ապագան կախված է հենց մեկ մարդուց՝ իրենից։ Այս մտածողությունն է, որ մարդուն դարձնում է քաղաքացի։ «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ, իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց գործել»,- Նիկոլ Փաշինյանի բանաձևն է, որը և ամբողջությամբ համընկնում է ՔՈԱՖ-ի գործունեության ռազմավարությանը։

Հավատալով մեր գյուղական համայնքների բնակիչների պոտենցիալին՝ ՔՈԱՖ-ը օգնում է, տրամադրում է ռեսուրսներ, որ մարդիկ հենց իրենք գործեն, իսկ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այն վայրն է, որտեղ Լոռու մարզի շուրջ 30 համայնքների բնակիչներ ունեն զարգանալու, կրթվելու ու գործելու լայն հնարավորություններ։ Ինչպես ՍՄԱՐԹամեջի խոսնակ Նիկոլ Փաշինյանն է նշում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը։

«Մենք ունենք խելք, միտք, տաղանդ, նշանակում է՝ հաղթելու ենք, իսկ այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է»,- ՍՄԱՐԹամեջի խոսնակ Նիկոլ Փաշինյանի բնորոշումն էր՝ տված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր