Դսեղի Ծովեր լճի տնակը կամ փախուստ սարերի գիրկ

Օգոստոսի 29, 2022

Հեղինակ՝ Նանե Վարդանյան

2 րոպե կարդալու համար

Հանգիստն անցկացնելու տարբերակներն ու նախասիրությունները տարբեր են, բայց այս մեկը ձեզ առաջարկում են երիտասարդներ, որ ծնվել են Լոռու ամենահարուստ բնությամբ գյուղերից մեկում, գիտեն վերջինիս ամեն ծակուծուկն ու հանգստի լավագույն, ոչ սովորական ձևերը։ 

Լոռու մարզի մեր շրջանավարտներ Գայանե Խառատյանն ու Աստղիկ Մարգարյանը ձեզ առաջարկում են ոչ ստանդարտ օր անցկացնել իրենց գյուղի ամենախաղաղ անկյուններից մեկում՝ սարի վրա, անտառներով պարուրված Ծովեր լճում։ 

Այդ հանգիստը հարմարավետ դարձնելու համար նրանք նախաձեռնել են «Ծովերի տնակը» (Oak Hut)՝ փոքր բույն հիշեցնող տնակ, որ գտնվում է լճի ափին, առաջարկում 2 հոգու համար նախատեսված գիշերակաց, աթոռներ, գամակ, զբոսախնջույքի (պիկնիկ) պարագաներ, ինչպես նաև երեկոյան խարույկ՝ օրը ջերմ ու «վայրի» եզրափակելու համար։ 

«Տնակի գաղափարը ծնվեց «EcoHub Reaction» համայնքային ծրագրին դիմելիս, որի ժամանակ նախագծի իրականացման համար դրամաշնորհ շահեցինք։ Քանի որ մեր միտքն իրագործելու համար ավելի շատ միջոցներ էին անհրաժեշտ, նույն ծրագրով մասնակցեցինք նաև ՔՈԱՖ-ի «Գյուղական համայնքների զարգացման» 2019թ․-ի համաժողովին ու շահեցինք ևս մեկ դրամաշնորհ, որը թույլ տվեց մեր նախագիծը կյանքի կոչել»,- պատմում է ծրագրի հեղինակներից Գայանեն, ում ողջ ընտանիքը իր լուման ունի այս փոքր բիզնեսի զարգացման մեջ։ 

Տնակը սեփական ձեռքերով պատրաստել են Գայանեի 2 պապիկները ու օգնել այն տանել դեպի Ծովեր վեր խոյացող ճանապարհով։ «Ընտանիքիս անդամները սկզբում թերահավատ էին այս նախաձեռնության նկատմամբ, բայց, տեսնելով իմ ոգևորությունը,  աստիճանաբար նրանք էլ ներգրավվեցին աշխատանքներում ու հիմա ամեն կերպ մտածում են՝ ինչպես լավացնել տնակը»,- պատմում է Գայանեն։ 

Չնայած տեղացիները Ծովերում սիրում են  ամենատարբեր խնջույքներ կազմակերպել, ու երբեմն տարածքի լռությունը խաթարվում է բարձր երաժշտությամբ, Գայանեն կարծում է՝ Ծովերը պետք է վայելել աշխատանքային օրերին, երբ այնտեղ ոչ մեկ չկա, լսվում են թռչունների, գորտերի ու բադիկների ձայները, մայրամուտը խենթացնող է, ու երբ տեղանքը քեզ ստիպում է նկատել ու զգալ բնության ամեն տարրն ու  ինքդ քեզ հետ մենակ մնալ։