Թատրոնից անդին․ կատարողական արվեստի երանգները

Օգոստոսի 13, 2020

Հեղինակ՝ Նանե Վարդանյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Ի՞նչը դրդեց պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվող, ծրագրավորմամբ ու տնտեսագիտությամբ հետաքրքրվող 17-ամյա Ռաֆիկ Զարգարյանին ընդգրկվել կատարողական արվեստի ծրագրում։ Նրա պատասխանը միանշանակ է․ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի կատարողական արվեստը միտքը մարզելու, երևակայությունը և խոսքը զարգացնելու ծրագիր է։ Ինձ դուր է գալիս, որ այստեղ համադրված են բազմաթիվ ոլորտներ՝ երաժշտություն, դերասանական խաղ, մտքի վարժանքներ»։

Համարձակ, ընկերասեր և բարդույթներ չունեցող երիտասարդը մեծ ոգևորությամբ է մասնակցում բոլոր վարժանքներին ու չի ընկրկում անգամ այն դեպքում, երբ մյուսները փոքր-ինչ վարանում են առաջադրանքը կատարել։ Դե պատկերացրեք, աթոռները շրջանաձև են դնում, նստում իրար մեջքով։ Ամեն մասնակից, խաղավարի հրահանգով, պետք է մանրամասնորեն նկարագրի իր ընկերներից մեկին՝ հագուստը, աքսեսուարները, գույները։ Հետո՝ երբ արդեն շրջվում ու տեսնում են իրար, հասկանում են, թե ինչ բացթողումներ ունեին, որտեղ են վրիպել։ Սա ուշադրությունը զարգացնելու և մանրուքների վրա կենտրոնանալու նպատակ ունի։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կատարողական արվեստի ծրագիրը ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի ուղղություններից մեկի՝ ՍՐՏԻ մի բաբախն է։ Առաջին դասը ծանոթացում է, միմյանցից սպասումների ու ակնկալիքների բացահայտում։ Մասնակիցները հենց այստեղ են իմանում, որ կատարողական արվեստը միայն թատրոնը չէ․ ամեն ինչ սկսվում է խոսքից ու ժեստից, սեփական զգացմունքներն ու մտքերն արտահայտելու ձևերից ու կարողություններից։

Ծրագրավարը մասնագիտությամբ դերասան-ռեժիսոր Անի Գևորգյանն է, որ ՔՈԱՖ-ի թիմին միացել է 2019-ի սեպտեմբերին։ Ակտիվ ու դինամիկ կենսակերպ ունեցող մասնագետի համար երեխաների հետ աշխատանքը նոր չէր․ գիտեր նրանց լեզուն և տարիքային առանձնահատկությունները։

«Բայց երկու մարտահրավեր կար, որ պետք է ինձ վրա աշխատելով հաղթահարեի․ ամբողջ աշխատանքային օրը նույն միջավայրում անցկացնելն ու իմ մշակած ուսումնական ծրագրին համակարգչային տեսք հաղորդելն էին։ Երկուսն էլ հիմա հանգիստ անում եմ»,- ուրախությամբ նկատում է Անին։

Այսօր նա վարում է 6-11 և 12-18 տարեկան երեխաների խմբեր, ամենքում 15 մասնակից։ 3 ամիս տևողությամբ ծրագրի վերջնարդյունքը խմբից խումբ տարբեր է՝ հռետորական խոսք, պլաստիկ լուծումներ, երաժշտական ներկայացում, խոսք-ժեստ համադրությամբ ելույթ՝ կախված խմբի դինամիկայից, հետաքրքրություններից։

Երբ COVID-19-ի պատճառով բոլորս անցանք հեռավար ուսուցման, խմբերի մասնակիցների մի մասը չկարողացավ շարունակել մեզ հետ աշխատանքը հիմնականում ինտերնետի անհասանելիության պատճառով։ Սակայն դա միակ մարտահրավերը չէր․ շատ գործնական նոտաներ ունեցող ծրագիրը պետք է լիովին փոխեր իր ֆորմատը, որ շարունակեր հետաքրքիր, դինամիկ, բայց և ուսուցողական լինել։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մասնագետները հիանալի լուծում գտան՝ ուսումնասիրելով այն, ինչին ժամանակին չէին հասցրել անդրադառնալ՝ ներկայացումներ դիտել, թատրոնների պատմությանն ու կառուցվածքին ծանոթանալ, ճանաչել թատրոնի տեսակները, դերակատարներին՝  ռեժիսոր, դերասան, հուշարար, ետնաբեմի աշխատողներ․․․

«Շուտասելուկներ ենք կրկնում․ դա օգնում է ներքին ծնոտի լարման խնդիր ունեցող բոլոր մասնակիցներին լուծել դրանք, զարգացնել արտահայտչականությունը։ Շարունակում ենք նաև տեսողական ու երևակայական հիշողության վարժանքներ անել, ստեղծագործել ու ճանաչել մեզ ու շրջապատը»,- նկարագրում է Անին։

Երեխաներից շատերը երբևէ թատրոնում չէին եղել։ Երբ անցյալ տարի առիթ եղավ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի կատարողական արվեստի ծրագրի մասնակիցներին տանել թատրոն, նրանք շրջեցին ամբողջ թատրոնով մեկ՝ բեմով, ետնաբեմով, հագուստների գզրցներով, ծանոթացան դեկորացիաներին։ Իսկ երբ թատրոնի ղեկավարությունն առաջարկեց երեխաներին բեմ բարձրանալ ու իրենց բեմադրությունից մի հատված ներկայացնել, ծրագրավարը անակնկալի եկավ․ բոլոր երեխաները համաձայնեցին ու միանգամից հայտնվեցին բեմում։

Ոգևորված երբեմնի ամաչկոտ երեխաների ինքնավստահությամբ՝ Անի Գևորգյանը վստահեցնում է․ «Կատարողական արվեստը հոգու, մտքի և մարմնի համերաշխություն է։ Միայն այս երեքի համագործակցության արդյունքում է, որ քեզ կհավատա հանդիսատեսը»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր