Արաքսյա Ապրեսյան՝ մեծ բեմի մասին երազողը
5 Դեկտեմբեր 2022
Նրա «ուշքը գնում» է կենդանիների համար, ՍՄԱՐԹ-ում հասցրել է յոթ ծրագրի մասնակցել ու 13 տարեկանում արդեն հստակ որոշել է` դերասանուհի է դառնալու:
«Շատ եմ ուզում դերասան լինելուց բացի նաև կատարողական արվեստի դասեր տալ երեխաներին այնտեղ, որտեղ դրա կարիքը լինի»,- ասում է Օձունից Արաքսյա Ապրեսյանը, ով հաջողացնում է թատերական խմբակին զուգահեռ իր փոքր տնտեսությունը վարել։
«Տնեցիք երկար ժամանակ չէին կարողանում մալինա ցանել»,-ասում է Արաքսյան, հետո ժպտում ու շտապում ինքն իրեն ուղղել․- «վայ կներեք, ոչ թե ցանել այլ տնկել։ Ընկեր Սուրենը (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի Ագրոտեխնոլոգիայի ծրագրավարը) հազար անգամ ասել է, որ ցանում են սերմը, իսկ տնկիները տնկում են»։
ՍՄԱՐԹ մարաթոնում Արաքսյայի հերթական կանգառը Մարքեթինգի ծրագիրն է, որը նրան ավելի է մոտեցնում «ՍՄԱՐԹ քաղաքացիություն» ստանալուն։

Նա բեմում իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում։

Հասարակագիտության դասը Օձունի թիվ 2 դպրոցում:

Իմանալով Արաքսյային՝ կարելի է ենթադրել, որ նա արագ կիրառություն կգտնի մարքեթինգի ծրագրի շրջանակում ստացած գիտելիքների ու հմտությունների համար։

Ազնվամորու տնկիներն Արաքսյան իր ձեռքով է տնկել` խստորեն հետևելով ագրոտեխնոլոգիայի ծրագրավար Սուրեն Հարությունյանի խորհուրդներին։ Ասում է՝ առաջին անգամ՝ երկար տարիների փորձից հետո, վերջապես իրենց բակում ստացվեց ազնվամորի ունենալ։

Շունը հալվում է քույր ու եղբոր քնքշանքից։

Արաքսյան խոստովանում է, որ ճիշտ է՝ կենդանիներ շատ է սիրում, բայց ճագարները մրցակցությունից դուրս են։ Նա փոքրիկ երեխաների պես է խնամում նրանց:

Օձունում մինչ այսօր դեռ ոչ մի հյուրի չի հաջողվել «ճողոպրել» առանց սեզոնային բերք ու բարիքով լի «տուլիկի»:

Արաքսյան Շեքսպիրի «Լիր արքա»-ում խեղկատակի դերն է խաղում։