Արևածագ` կարտոֆիլի, դամբուլի օղու հայրենիք
22 Ապրիլի, 2021
Եթե գոնե մեկ անգամ եղել եք Արևածագում՝ նույն Ղաչաղանում, ապա հաստատ լսել եք «ջրչոր եղած ղաչաղանցի» արտահայտությունը: Ասում են` առաջներում ջրի պակասության պատճառով հարևան գյուղերից ղաչաղանցուն հարս չէին տալիս:
Բայց գյուղը հայտնի է ոչ միայն լեգենդներով, այլև կարտոֆիլով ու մասնավորապես՝ դամբուլով (սալոր):
Ղաչաղանի դամբուլի մասին գիտեն Լոռուց դուրս էլ: Այստեղ դամբուլից հիմնականում օղի են թորում ու հյուրերին հորդորում վերադառնալ աշնանը` թորման ճիշտ սեզոնին:
Եթե օղին ավելի շատ սեփական սպառման ու հյուրասիրելու համար է, կարտոֆիլն ու ցորենը Արևածագի «տեղական արժույթն» է: Այստեղ առնում, ծախում ու փոխանակում են կարտոֆիլով ու ցորենով:

Արսենը 3 տարի է, ինչ ոչ միայն իր, այլև համագյուղացիների տնամերձ այգիներն ու բանջարանոցները փորում է ժամանակակից տեխնիկայով։

Կարտոֆիլի սերմացուն ձմռանը սովորաբար պահում են հողի տակ։ Ոչ խորը փորված փոսի մեջ լցվում է կարտոֆիլը, որը ծածկվում է հարդի ու հողի հաստ շերտով։

4-ամյա Ալեքսը մանկապարտեզից հետո հագնում է պապիկի նվիրած ռետինե երկարաճիտ կոշիկները, վերցնում բահն ու իջնում այգի՝ տատիկ-պապիկին օգնելու կարտոֆիլ ցանել։

Արևածագի ցորենի ու կարտոֆիլի դաշտերը։ Արևածագցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է:

Մի քիչ ջուր, մի քիչ ավազ կամ հող ու կարելի է սկսել «դարի շինարարությունը»: 4-ամյա Գագիկն ավազը նախապատրաստել է, մնում է ջուրը հասցնի «շինհրապարակ»:

Վոլտեր Դավթյանը ծառերն է էտում իր հոր «խիստ վերահսկողության» ներքո։ Նա ասում է, որ արևածագցիներն ավելի հմուտ են հողագործության մեջ, քան այգեգործության։

60-ամյա Անժելա Գևորգյանի աճեցրած սածիլները հայտնի են ու պահանջված ոչ միայն Արևածագում։ Խորհրդային տարիներին նա մեխակներ էր աճեցնում ջերմոցում։

Գյուղ չկա, որ շուն չլինի, այն էլ՝ հայկական գամփռ:

Կանայք կարտոֆիլի սերմացուն են առանձնացնում։ Այս գործում հիմնականում կանայք են ներգրավված: Դաշտերում սեզոնային աշխատանքը գյուղի կանանց մեծ մասի համար զբաղվածության միակ հնարավորությունն է:

Կարտոֆիլը վաղուց արդեն տեխնիկայով են ցանում։ Միայն բերքահավաքի ժամանակ ավելի շատ մարդուժ է ներգրավվում:

Արևածագում հպարտանում են, որ մի կտոր անմշակ հող չունեն, ավելին` հարևան գյուղերից են դաշտեր վարձակալում:

Բերքահավաքին ավելի շատ կանայք են ներգրավված, իսկ վար ու ցանքով զբաղվում են տղամարդիկ` մեծ, թե փոքր:

Ընդմիջում են մինչև հերթական բաժին սերմացուն «լիցքավորեն»: