Արտակարգ սահմանապահ Այգեհովիտը
Հուլիսի 10, 2020
Գարնան առաջին ամսվա հետ գյուղ մտավ արտակարգ դրությունը, իսկ քիչ հետո գրանցվեց կորոնավիրոսով առաջին դեպքը: Այգեհովիտում դիմակը դարձավ նույնքան կարևոր, որքան համավարակի բռնկման մնացած օջախներում:
Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքը սահմանապահներից է: Այստեղ կանայք աշխատում են գյուղում, իսկ տղամարդիկ` Ռուսաստանում:
Համավարակի պատճառով տղամարդկանց մի մասը չկարողացավ արտագնա աշխատանքի մեկնել: Նրանք «գերի մնացին» սեփական գյուղում:
Այգեհովիտցիները դժվարությունից չեն հուսահատվում, նույն եռանդով այգի են մշակում, խոտի ձմռան պաշար դիզում ու եղած-չեղած մրգերից պահածոներ պատրաստում:
Սահմանապահ Այգեհովիտում համավարակից առաջ էլ ամեն օրն արտակարգ էր:
Գյուղը հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ է:

Տեսարան Այգեհովիտ գյուղ տանող ճանապարհից (Տավուշի մարզ):

Երբ օգնող ձեռքերը չեն հերիքում, թթի ծառի տակ կտորից կամ պոլիէթիլենից «շալեր» են փռում ու երկար փայտով թութը թափ տալիս:
Այս տարի Եսայանների այգում թութը շատ չէ: Օղի չեն թորի․ հազիվ դոշաբ եփեն:

Տարվա այս սեզոնին գյուղում համարյա տղամարդ չի մնում: Բոլորը արտագնա աշխատանքի են գնում Ռուսաստան: Այս տարի համավարակի պատճառով նրանց մի մասը մնացին գյուղում:

Բնապատկեր․սաղարթախիտ ծառերի արանքից հազիվ են երևում գյուղի տների տանիքները: Այգեհովիտն ուղղակի թաղված է կանաչի մեջ:

Տատ ու թոռ սև հաղարջ են հավաքում: Այս տարի հաղարջի ու ազնվամորու լավ բերք կա Այգեհովիտում:

18-ամյա Սոսը մանկուց աղավնիներ է պահում: Ղուշբասություն (խմբ. ղուշբաս նշանակում Է աղավնապահ) նա սովորել է հորից: Հիմա տարբեր ցեղատեսակի ու գույնի 20-ից ավելի աղունիկներ ունի:

-Քցի~, մամ, ուժեղ քցի~ (Տավուշի բարբառով նշանակում է հրի, ճոճորի),- գոռում է 3-ամյա Ալեքսը: Համավարակի պատճառով արդեն քանի ամիս է՝ նա տանն է․ գյուղի մանկապարտեզը չի աշխատում:

Տիկին Լաուրան ձմռան համար ազնվամորու կոմպոտ է փակում:

3-ամյա Անդրանիկն իր հասակակիցների նման օրն անց է կացնում բակում հեծանիվ քշելով: Համավարակը խառնել է նախադպրոցականների բոլոր պլանները:)

Վազուտը՝ այսպես են այգեհովիտցիներն իրենց բարբառով ասում գյուղին կպած խաղողի այգիները: