Էլեն Պողոսյան` քայլող էներգիայի աղբյուրը
Օգոստոսի 13, 2021
Արմավիրի Շենիկ գյուղից 11-ամյա Էլեն Պողոսյանի էներգիան ու եռանդը չի զիջում մի ամբողջ էլեկտրակայանի հզորությանը։ Մի բան էլ, որ արժե իմանալ Էլենի մասին՝ եթե նա մտքին մի բան է դնում, դժվար թե ինչ-որ մեկը կարողանա նրան հետ պահել իր մտադրությունից։
Լինելով 11 տարեկան՝ նա հասցրել է զբաղվել ճարտարագիտությամբ, Ֆուտբոլով, ասեղնագործությամբ, պարով ու բասկետբոլով։
Հետաքրքրություններն իհարկե սրանցով չեն սահմանափակվում։ Նա ուզում է դառնալ միաժամանակ բասկետբոլի մարզիչ ու պարի ուսուցիչ։
Պարով նա զբաղվել է 6 տարի, իսկ ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրին մի տարի է, ինչ մասնակցում է և միտք չունի թողնել այն։

Էլենը վերջերս է հմտացել մեծ հեծանիվ վարելու գործում ու առիթը բաց չի թողնում գյուղը հեծանիվով չափչփելու։

Ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ բասկետբոլի գնդակներն են նախապատրաստում մինչև խաղը:

Մի տարի է, ինչ Էլենը բասկետբոլով է զբաղվում, բայց արդեն մտածում է պրոֆեսիոնալ մարզիչ դառնալու մասին:

Տնեցիք ասում են՝ եթե Էլենը մտքին բան է դնում, ոչ մեկ չի կարող նրան հետ պահել իր որոշումից: Այդպես էլ մի օր որոշեց ու սկսեց GOALS-ի` Շենիկի աղջիկների թիմում խաղալ:

Դատելով Էլենի ու նրա ընկերների ընթերցասիրությունից` Շենիկը կարելի է համարել ամենագրքասեր գյուղերից մեկը:

Էլենը քրոջ ու եղբոր հետ մեկ ընդհանուր հեծանիվ ունեն։ Սովորականից երկար քշելու համար նա բանակցում է փոքր եղբոր` Ազատի հետ:

Քույրերը բողոքում են, որ տան գործերն իրենց քիչ են վստահում: Այս անգամ, սակայն, տատիկը տեղի տվեց, ու Էլենը առիթ ունեցավ իր «ֆիրմային ժարիտով» գլուխ գովել:

Էլենի արկածների համավարիմ «հանցակիցը» ավագ քույրիկն է` Լյուսին:

«Ֆիրմային ժարիտը» պրոցեսի մեջ:

Մեր տանն ամեն օր համերգ է,- ժպտալով ասում է Էլենի տատիկը: Քույրերը վեց տարի պարի են հաճախել:

Բոլորը տեղում են, կարելի է խաղը սկսել: