Արցախից Լոռի` կյանքը զրոյից

Ապրիլի 2, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

22 տարի առաջ Վանյանները դափ-դատարկ Երևանից հայտնվել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում։ Այս տարիների ընթացքում տուն-տեղ են դրել, տնտեսություն հիմնել, բայց պատերազմի հետևանքով նորից հայտնվել են կոտրած տաշտակի առաջ։

«Հոկտեմբերի 17-ին ստիպված թողեցինք գյուղը։ 20 րոպեում հավաքվեցինք

ու դուրս եկանք՝ վերցնելով միայն հեռուստացույցը, երեխաների նվագարկիչն ու չորս վերմակ։ Մտածում էինք շուտով հետ կգանք»,-պատմում է Արսեն Վանյանը։   

Հարսը՝ Բավականը, երեք անչափահաս երեխաների հետ ավելի շուտ է տարհանվել գյուղից։ Դուրս գալուց էլ միայն երեխաների համար մի պայուսակ շոր է վերցրել ակնկալիքով, որ ուր որ է հետ կվերադառնան։

Ծաղկաբերդը գրավելուց առաջ վերջինը տանը եղել է Բավականի ամուսինը՝ Արմանը, ով հասցրեց վերցնել միայն կարևոր փաստաթղթերն ու ընտանեկան ալբոմը։

Որոշ ժամանակ հարազատների մոտ հյուրընկալվելուց հետո 7 հոգուց բաղկացած Վանյանների ընտանիքը ժամանակավորապես հաստատվել է Լոռու մարզի Շահումյան գյուղում։

22 տարի անց նրանք երկրորդ անգամ կյանքը ստիպված են սկսել զրոյից։

6-ամյա Դավիթը հեռախոսով ցույց է տալիս իր նոր հեծանիվը, որը մնացել է իրենց գյուղում, ուր նա այլևս չի կարող վերադառնալ։ -Որ կարողանայիր գյուղ գնալ կարճ ժամանակով, ի՞նչ կվերցնեիր քեզ հետ։ -Հորթերին, շներին…ըմմ…մեկ էլ մեր տունը ամբողջությամբ։


8-ամյա Տիգրանն ու 10-ամյա Մարինան շախմատ են խաղում․ նրանց բոլոր խաղալիքները մնացել են Ծաղկաբերդում։


Համեստ Վանյանը ճաշ է պատրաստում բազմանդամ ընտանիքի համար։ Այստեղ ստիպված են ամեն ինչ գնել, այնինչ Ծաղկաբերդում հիմնականում սնվում էին սեփական արտադրանքով։


Ընտանիքը պատրաստվում է սեղան նստել։


Հենց այս հին ավտոմեքենայով են Վանյան ամուսինները Ծաղկաբերդից հասել Երևան։


Տատ ու թոռ փրկված լուսանկարներն են նայում։ Նրանց մեծ մասը արված է Ծաղկաբերդում՝ իրենց այգում ու տանը։


Բավականը լվացքն է փռում։ Կամաց-կամաց հարմարվում են նոր պայմաններին ու ժամանակավոր կացարանին։


Տիգրանը մի շնչում թվարկում է Ծաղկաբերդում մնացած շների ու կովերի անունները՝ Լեսի, Ջեկո, Չալո, Սարու, Սևո, Լունա … Եղբայրները Շահումյանում էլ չորքոտանի նոր ընկերներ ունեն։ Անուններն էլ, ինչպես կարող եք կռահել, Ջեկո ու Լեսի։